Արցախի անկման երկրորդ տարելիցն է, պաշտոնական Երևանը լուռ է
Արցախի անկման երկրորդ տարելիցը
Երկու տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Մեկօրյա ռազմական գործողության արդյունքում զոհվեց 223 հայ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ։ Զոհերի թվում նաև 6 անչափահաս երեխաներ կային։
Հաշված օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ 120 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց տունն ու հայրենիքը։
Պաշտոնական Երևանը ռազմական գործողությունների տարելիցին որևէ կերպ չի անդրադարձել։ ԱԳՆ-ն, որ երկու տարի առաջ այս օրերին խոսում էր Ադրբեջանի՝ «էթնիկ զտումների քաղաքականության» մասին, լուռ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել աշխատանքային օրվա «գեղեցիկ մեկնարկի» մասին։ Սա առաջացրել է քաղաքացիների զայրույթը։
«Այս օրը 2 տարի առաջ ռմբակոծվում էր Արցախը, սկսվեց նոր ցեղասպանություն»,- մեկնաբանությունների դաշտում Փաշինյանին հիշեցրել է քաղաքացիներից մեկը։
- Առաջընթա՞ց, թե՞ հետքայլ․ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց
- ՀՀ-ն դադարեցրել է հայ ծերունու գլխատած ադրբեջանցու հետախուզումը․ կա՞ բացատրություն
- Հայ գերիների ինքնասպանության փորձերն ու հացադուլները Բաքվում. կարծիքներ Երևանից
«Վաղը քո երջանիկ ժամը պիտի գա»․ Փաշինյանի հրապարակումը
Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ իր աշխատանքային օրվա ընթացքից։
«Էլվինա Մակարյանի երգը՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ»,- մակագրել է նա։
Տեսանյութն ուղեկցվում է Մակարյանի «Մայրամուտ» երգի հետևյալ հատվածով՝ «արեգակ, նորից դու պիտի ծագես, վաղը քո երջանիկ ժամը պիտի գա»։
«Հիշեք՝ ինչ օր է այսօր»․ քաղաքացիների հորդորը վարչապետին
Քաղաքացիներին զարյացրել է այն փաստը, որ վարչապետը ուրախ ելևէջներով նման հրապարակում է արել Արցախի հայաթափումից երկու տարի անց՝ այն օրը, երբ Բաքուն հարձակում սկսեց ԼՂ-ի նկատմամբ։
Ներկայացնում ենք մեկնաբանություններից մի քանիսը․
«Ի՞նչ եք խոսում… գեղեցիկ օր։ 19.09.2023, դե ձեր համար գեղեցիկ է երևի…»։
«Այսօր արցախցիների նկատմամբ ցեղասպանության երկրորդ տարելիցն ա։ Չեմ հասկանում՝ պարտադի՞ր էր էս օրը երգով մտնել համացանց։ Կամ ի՞նչ ա նշանակում այդ անհարգալից վերաբերմունքը մեր զոհված տղերքի հանդեպ»։
«Հիշեք՝ այսօր ինչ օր է, հազարավոր մարդիկ սգի մեջ են»։
«Հայրենիք ենք կորցրել այս օրը, ընդամենը երկու տարի առաջ… Ամոթ ունեցեք, գոնե մի քիչ»։
«Կարո՞ղ ա ինչ-որ ուղերձով դիմեիք էս օրով, հասկացանք, որ Արցախից խոսալը տաբու ա, բայց էդքան հայ են տնազրկվել, զոհվել, գոնե իրանց մասին մի բառ»։
«Ալիևին նամակ է գրում ու շնորհավորում այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»։
«Իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք»․ իշխանության տեսակետը
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-ին կառավարության ֆինանսավորմամբ Հրազդան քաղաքում կազմակերպվել էր «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի համերգներից մեկը։
2022 թ.-ի սեպտեմբեր 13-ին Ադրբեջանը մի քանի ուղղություններով ներխուժել էր ՀՀ-ի ինքնիշխան տարածք։ Մինչև սեպտեմբերի 14-ն ընթացող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը 224 զոհ ունեցավ։
Հիշատակի օրը փառատոնային համերգ կազմակերպելը, սակայն, իշխանություններն արտառոց բան չեն համարում։
«Մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։ Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար»,- հայտարարել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Իշխանական պատգամավորը նշել էր՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողները «երկնային կյանքում երջանկանում են, որ տեսնում են իրենց անձնազոհության շնորհիվ այսօր իրենց երեխաները, հարազատները, հայրենակիցները ժպտում են, ուրախանում, երգում ու պարում են»։
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ համերգի անցկացումը որևէ կերպ չի նսեմացնում նրանց հերոսությունները։ Պատգամավորը զոհվածների հարազատներին հորդորել էր հարցին նայել հետևյալ դիտանկյունից՝ համերգը կազմակերպվել է հենց նրանց, զոհված զինծառայողների շնորհիվ։
«Պետք է նրանց վաստակը գետնով չտանք ողբալով և անընդհատ կռացած ման գալով»,- հայտարարել էր Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արցախի անկման երկրորդ տարելիցը