Ոսկու գլոբալ թանկացմանը Հայաստանի արձագանքը. արտադրողի, վաճառողի և փորձագետի մոտեցումը
Ոսկու գլոբալ թանկացմանը Հայաստանի արձագանքը
Ոսկու համաշխարհային գինը 2025թ-ի ապրիլին նոր ռեկորդ սահմանեց՝ հասնելով 999 հարգի ոսկու 1 տրոյական ունցիայի դիմաց ավելի քան 3500 դոլարի։ Հայաստանի շուկան դրանից անմասն չմնաց, գներն ահստեղ էլ անմիջապես բարձրացան։ ԿԲ փոխարժեքներով՝ 999 հարգի ոսկու 1 գրամի միջին արժեքը ապրիլ ամսին կազմեց մոտ 42 հազար դրամ, 585 հարգինը` 25 հազար դրամ։ Այս գները պահպանվում են մինչ օրս։ Տեղական շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված պարբերական թանկացումները բերել են առևտրի պասիվացման:
Տրոյական ունցիան թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր է, հավասար է 31,1 գրամի։
Ոսկու գնորդները անհանգստացած հետևում են շուկայի զարգացումներին։ Զարդերի սիրահարներն ու ակտիվ ձեռքբերողներն անգամ խուսափում են ռիսկային գնումներից, թեև ընդունված է ոսկին համարել ամենակայուն ներդրումը:
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
- ՀՀ-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2024 թ.-ին․ նկատելի անկում՝ լավատեսության ֆոնին
- «ՀՀ-ն պետք է ընտրի՝ լինել առաջատա՞ր, թե՞ արձագանքողի դերում»․ ՏՏ ոլորտի մասնագետ
Արտադրողներն ավելացրել են արտահանման ծավալները
Արտավազդ և Գոռ Սարգսյան եղբայրներն արդեն 18 տարի զբաղվում են ոսկյա զարդերի արտադրությամբ։ Ասում են՝ ոսկու գների նման թանկացում չէին կարող կանխատեսել:
«Գնային փոքր տատանումներ միշտ եղել են։ Մեկ գրամի մեջ մոտ 2-5 դոլարի չափով։ Իսկ հիմա տեսնում եք՝ ինչ գներ են։ 585 հարգի մեկ գրամ ոսկու գինը շուկայում հասնում է 30 հազար դրամի: Համեմատության համար ասեմ, որ 2024թ-ին նույն տեսակի ոսկու մեկ գրամն արժեր 20 հազար դրամ: Այսինքն մոտ 30 տոկոսով թանկացել է։ Մարդիկ մեղադրում են մեզ, թե շատ ենք թանկացրել զարդերը։ Բայց չեն հասկանում, որ այդ թանկացման պատճառը թանկ հումքն է՝ ոսկու խտանյութը»,- ներկայացնում է իրավիճակը Գոռ Սարգսյանը:
Առևտրի ծավալները կրճատվել են կիսով չափ։ Այդ պատճառով ստիպված որոշ զարդեր սկսել են արտադրել միայն դրսի շուկայի համար։ Արտադրողի խոսքով՝ դրանք արտահանում են Ղազախստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ էմիրություններ․
«Ի տարբերություն մեր համերկրացիների այս երկրների բնակիչները ոսկին որպես կապիտալ են գնում և թանկացումը մեծ բան չի փոխել նրանց վարքագծում։ Թանկ գնում են, թանկ էլ վաճառում»։
Գոռ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում ոսկի ավելի շատ գնում են այն մարդիկ, որոնք առիթներ ունեն պլանավորած՝ հարսանիք, ծնունդ, կնունք․
«Գնորդների խումբը, որը ոսկու հանդեպ սեր ունի կամ էլ կուտակում է որպես ապահովության բարձիկ, փոքր է: Որոշ ոսկյա զարդեր միայն պատվերով ենք պատրաստում՝ լինի դա տեղում վաճառվողը, թե արտահանվողը: Մեզ համար մեծ ֆինանսական կորուստ կարող է լինել արտադրանքը երկար ժամանակ չվաճառելը: Ոսկյա զարդը, ինչպես և հագուստը կամ այլ ապրանք, կարող է հնանալ, այսինքն դուրս գալ մոդայից»:
Նկատում է, որ համաշխարհային թանկացումը ազդել է Հայաստանի բոլոր արտադրողների վաճառքի ծավալների վրա։ Սակայն դրսի շուկայի հաշվին նրանք դեռևս կոմպենսացնում են իրենց ծախսերը:
Վերավաճառողներն ակտիվացնում են իրենց էջերը սոցցանցերում
Իրավիճակն ավելի բարդ է ոսկու բիզնես մեկ այլ օղակի՝ վաճառքով զբաղվողների համար:
Նաիրան ոսկու շուկայում զարդեր է վաճառում: Որպեսզի կարողանա իր ծախսերը փակել, օրինակ, վճարել վաճառատեղի վարձը, ակտիվացրել է իր էջերը Ֆեյսբուքում և Ինստագրամում․
«Իհարկե, մշտական հաճախորդներս են ինձ մոտ հիմնականում գալիս զարդեր գնելու, սակայն նորերն էլ են լինում: Հիմա մի քանի նորաձև մոդելներ կան, որ սկսել ենք ավելի թեթև քաշով առաջարկել։ Այ, դրանք վաճառվում են»:
Նրա խոսքով՝ ամենամեծ վաճառքը լինում է մինչև 100 հազար դրամի սահմանում։ Ավելի թանկ ապրանքատեսակները կոնկրետ գնորդներ ունեն.
«Լավ վաճառքներ ենք ունեցել կորոնավիրուսի համավարակից հետո։ 2023-ին այդ տեսանկյունից ռեկորդային է եղել: Իսկ հիմա փորձում ենք ընդամենը պահել մեր գոյությունը, փակել ծախսերը և ունենալ որևէ եկամուտ: Հուսանք՝ հետո ավելի լավ կլինի»:
Ոսկու շուկայի վաճառողները խուսափեցին կանխատեսումներ անել՝ համարելով դա անշնորհակալ գործ: Պարզապես կոչ արեցին պետությանը հասկանալ իրենց վիճակը և գոնե տարբեր հարկատեսակներով իրենց «չխեղդել»: Նրանց խոսքով՝ նման գլոբալ թանկացման պարագայում այլ պետություններ արտադրությունը և վաճառքները պահպանելու համար տարբեր գործիքակազմ են ներմուծում:
«Ոսկու թանկացումը Հայաստանի տնտեսության համար ցնցում չէ»
Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության և տվյալագիտության ամփոնի ղեկավար Արմեն Քթոյանը ոսկու արժեքի ռեկորդային աճը պայմանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի հետևանքով դոլարի թուլացմամբ և ոսկու` որպես պահուստային ակտիվի նկատմամբ աճող պահանջարկով․
«Ոսկին աշխարհում շարունակում է մնալ պահուստային ամենակայուն փոխարժեքը։ Այսօր շահում են այն պետությունները, գործարարներն ու անհատները, որոնք որպես ներդրումային ակտիվ նախկինում ընտրած են եղել ոսկին: Հայաստանը չի շահի այս ազնիվ մետաղի գնաճից, որովհետև ոսկով պահուստներ չունի»:
Տնտեսագետի խոսքով՝ անցած երկու-երեք տարիներին Հայաստանը Ռուսաստանից դեպի Արաբական Էմիրություններ ոսկու արտահանման տարանցիկ երկիր էր․
«Արդյունքում՝ երկրում գեներացվում էր հավելյալ եկամուտ: Վիճակագրական վերջին տվյալներով՝ ոսկու արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է։ Սակայն դա դժվար է կապել ոսկու գնի թանկացման հետ»:
Ասում է՝ Հայաստանի տնտեսության համար ոսկերչությունը գերակա ճյուղ է։ Եվ գների թանկացումը կարող էր լրացուցիչ միջոցներ գեներացնել երկրում այն պարագայում, եթե լիներ նախկին գնողունակությունն ու արտահանման ծավալները:
Անդրադառնալով ոսկու գնման նպատակահարմարությանը, Քթոյանը բացատրում է, որ մարդկանց ու պետությունների գործողությունները կարող են տարբեր լինել՝ կախված սպասելիքներից․
«Կա մտածողության այսպիսի մեխանիզմ, որ եթե սպասվում են նոր թանկացսումներ, ներդրողները իրենց ազատ միջոցները որպես ակտիվ ներդնում են ոսկու մեջ։ Այս դեպքում անում են նորանոր գնումներ: Եվ ընդհակառակը՝ եթե սպասվում է գների նվազում, գումարները կուղղվեն ներդրումային այլ ուղղություններով»:
Ոսկին որպես զարդ գնողների վերաբերմունքը, ըստ նրա, այլ է։ Այս մարդկանց մեծ մասը հույս է փայփայում, որ ոսկին կրկին կէժանանա և իրենք հնարավորություն կունենան էլի գնումներ անել:
Կանխատեսումների փոխարեն Արմեն Քթոյանը խորհուրդ է տալիս հետևել գլոբալ զարգացումներին, դրսից եկող ազդակներին:
Ամեն դեպքում, համոզված է, որ մեծ ցնցումներ Հայաստանի տնտեսության համար այս կարևոր ոլորտում սպասել պետք չէ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ոսկու գլոբալ թանկացմանը Հայաստանի արձագանքը