«ՀՀ-ում թափթփված վերաբերմունք կա անձնական տվյալների նկատմամբ»․ փորձագետ
Անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ-ում-2025
Հայաստանի քաղաքացիներից գողացված անձնական տվյալներն օգտագործվում են նրանց դեմ ֆինանսական խարդախությունների համար։ Վերջին շրջանում երկրում ավելի շատ քաղաքացիներ են ահազանգում՝ իրենց անունով առցանց վարկ է ձևակերպվել, սակայն իրենք այդ գործարքի հետ կապ չունեն։ Զեղծարարները հիմնականում կիրառում են էլեկտրոնային, թվային գործիքակազմ։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ որոշ դեպքերում լինում է անձնական տվյալների արտահոսք։ Երբեմն էլ քաղաքացիներն են խաբվում և առանց գիտակցելու տվյալներ փոխանցում այլ մարդկանց։ Շեշտում է՝ լինում են նաև դեպքեր, երբ ինչ-որ արտահոսքի հետևանքով զեղծարարներն արդեն իսկ տիրապետում են տվյալ անձի մասին որոշակի տեղեկատվության։
«Երբ զանգում են ու ներկայանում որևէ կազմակերպությունից ու հետն էլ տվյալ մարդու անձնական տվյալներն են ասում, այդպիսով սկսում են վստահություն ձեռք բերել»,- նկատում է նա։ Հորդորում է քաղաքացիներին այդ պարագայում շատ ավելի զգույշ լինել, ճշտումներ կատարել՝ զանգահարելով կամ այցելելով այն կազմակերպություն, որտեղից իբր զանգահարում են իրենց։
Ովքե՞ր են զեղծարարների թիրախում, ինչպե՞ս են անձնական տվյալ կորզում․ մանրամասներ
- «ՀՀ համար լրացուցիչ ռիսկեր կարող են ստեղծվել»․ ԱՀԾ առաջին զեկույցը
- Համակարգչային խաղերի ազդեցությունը․ ՀՀ-ում անչափահասների ինքնասպանության դեպքերը նվազել են
- Meta-ն ջնջել է ՌԴ-ում ստեղծված հարյուրավոր քարոզչական հաշիվներ
Թիրախավորում են սպառողներին, ոչ թե համակարգերը
Կենտրոնական բանկի գործառնական և ՏՏ ռիսկերի բաժնի վերլուծաբան Վլադիմիր Քառյանի խոսքով՝ ԿԲ-ն ընթացիկ վերահսկողություն է իրականացնում բանկերում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ռիսկերի հետ կապված։ Վստահեցնում է՝ բանկային տեղեկատվության անվտանգությունն առաջնահերթություն է բանկերի համար․
«Վերջին 3 տարվա ընթացքում չի եղել դեպք, որ թիրախավորեն բանկային համակարգերը, գումարներ կամ մարդկանց անձնական տվյալներ գողանան։ Զեղծարարների կողմից օնլայն վարկավորման դեպքերի 99 տոկոսի պարագայում թիրախավորվել են հենց սպառողները»։
Տուժած քաղաքացինեը դժգոհում են, որ Ներքին գործերի նախարարությունից, Քննչական ծառայությունից ստանում են համապատասխան փաստաթուղթ, որ իրենք տուժող են, սակայն բանկերն այն հաշվի չեն առնում։ ԿԲ-ից վստահեցնում են՝ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների հետ քննարկվող հարցերի շարքում ներառված է նաև այդ խնդիրը։
Խարդախությունները հիմնականում կապված են օնլայն վարկավորման հետ
Կիբեռհանցագործությունների թիրախում մեծամասամբ օնլայն վարկավորման գործընթացներն են։ Կենտրոնական բանկի Գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանի փոխանցմամբ՝ վարկը ձևակերպվում է առցանց, թե ոչ, միևնույն է՝ նույն անձնական տվյալներն են անհրաժեշտ լինում։ Ընդգծում է՝ քաղաքացիները պետք է հասկանան՝ «անձնական տվյալ ասվածը լայն հասկացություն է»։
«Շատերը նույնիսկ իրենց բանկային հավելվածների գաղտնաբառերն են փոխանցում։ Այլ կերպ ասած՝ տալիս են իրենց մուտքի բանալիները։ Եվ զեղծարարները, ցավոք, օգտվում են դրանից»,- հայտարարել է Դավթյանը։
ԿԲ Զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանի խոսքով՝ Հայաստանում գործում են բանկեր, որոնց սպառողական վարկերի ընդհանուր կառուցվածքում օնլայն վարկավորման ծավալը 50 տոկոսից ավելի է։
«Քաղաքացիներից գողացված անձնական տվյալներով օնլայն վարկ ձևակերպելու դեպքերը շատ չնչին են։ 0,1 տոկոս էլ չեն կազմում։ Թեկուզ քիչ են, միևնույն է՝ այս քաղաքացիների հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- նկատում է նա։
Թովմասյանի խոսքով՝ դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում զեղծարարները շահում են սպառողների վստահությունն ու կորզում նրանց անձնական տվյալները․
«Օրինակ՝ տարբեր պատճառաբանությամբ անձանց հղումներ են ուղարկում, նրանք մուտք են գործում, լրացնում են իրենց անձնական տվյալները։ Շատ ժամանակ զեղծարարները ներկայանում են որպես ֆինանսական կառույցների աշխատակիցներ։ Ասում են՝ ձեր անունով վարկ է ձևակերպվել, որպեսզի այն չեղարկենք, անցեք հղումով ու լրացրեք ձեր անձնական տվյալները»։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում դեռ գրանցվում են դեպքեր, երբ քաղաքացիները հավատում են, թե այլ երկրում իրենց ժառանգություն են թողել ու այն ստանալու համար տրամադրում են իրենց անձնական տվյալները։
«Կրիպտոներդրումային առաջարկներով են խաբում ու հասանելիություն ստանում մարդկանց անձնական տվյալներին։ List.am-ով ապրանքների վաճառքի պարագայում ևս անձնական տվյալներ են կորզում ու այսպես շարունակ»,- թվարկում է Թովմասյանը։
Բանկերն ու վարկային կազմակերպությունները վերահսկող մարմնի՝ ԿԲ պաշտոնյաները քաղաքացիներին հորդորում են անձնական տվյալներ չտրամադրել կասկածելի աղբյուրների, ոչ ոքի չտալ որևէ գաղտնաբառ, այդ թվում՝ բանկային հավելվածի գաղտնաբառը։
Փորձագիտական կարծիք
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը հիշեցնում է՝ հայ-ադրբեջանական հաքերային «փոխհրաձգության» պայմաններում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք է եղել ժամանակին։ Բացի այդ, նկատում՝ կան նաև տարբեր ընկերություններից մարդկանց անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Օրինակ է բերում ապահովագրական ընկերություններն ու հավելում՝ «չգիտես ինչպես, բայց միմյանց են փոխանցում [ԱՊՊԱ ձևակերպած] վարորդների անձնական տվյալները»։
Փորձագետի դիտարկմամբ՝ համացանցում ֆինանսական խարդախությունների դեպքերի թիվն ավելացել է 2020 թ․-ից հետո։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո մարդկանց տեղաշարժը սահմանափակվել էր, նրանք հիմնականում օգտվում էին վճարման էլեկտրոնային միջոցներից, օնլայն կատարում ֆինանսական տարբեր գործարքներ։
Արթուր Պապյանի փոխանցմամբ՝ շեշտակիորեն աճել են տարբեր տիպի ներդրումային խարդախությունների դեպքերը։ Ասում է՝ շատ տարածված են նաև «ռոմանտիկ խարդախությունները»․
«Օրինակ, արտասահմանից որևէ մեկը ՀՀ քաղաքացու հետ ծանոթություն է հաստատում, հետո առաջարկում ամուսանանալ։ Բայց ինչ-որ պահի դա վերաճում է ֆինանսական խարդախության սխեմայի։ Մյուս դեպքն այն է, երբ իբր ծանոթի անունից գրում են, թե Իսպանիայում կամ մեկ այլ տեղ թալանել են, արագ փող ուղարկիր, կվերադառնամ, կտամ։ Մեկ այլ տարբերակ է նաև այն, որ ինչ-որ գործարքի համար խաբեությամբ կորզում են մարդկանց անձնական տվյալները ու դրանցով գործարքներ անում»։
Պապյանի բնորոշմամբ՝ մարդիկ խաբվում և գումարներ են կորցնում, քանի որ «շատ դեպքերում խորամուխ չեն լինում»։
«Մենք թափթփված վերաբերմունք ունենք մեր անձնական տվյալների նկատմամբ։ Մեծ հաշվով՝ թքած ունենք մեր անձնական տվյալների անվտանգության վրա։ Եթե հանցագործը գիտի, թե ես ինչ դեղեր եմ առնում, ուր եմ գնում, որ ծառայություններից եմ օգտվում, ուրեմն ես բավական խոցելի եմ։ Իմ տվյալները կարող են օգտագործել իմ դեմ»։
Կարծում է՝ հաշվի առնելով մարդու անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը՝ պետք է լինել զգույշ և ուշադիր, մասնավորապես՝
- անհրաժեշտության դեպքում հավելյալ ճշգրտումներ անել,
- փաստաթղթեր ստորագրելուց առաջ անպայման դրանք մանրամասն կարդալ։
Ըստ Պապյանի՝ կա նաև մեծ ծավալի հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու կարիք։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ-ում-2025