8-ամյա աղջկա դաժան սպանություն Գորիում
Հոկտեմբերի 25-ի երեկոյան Գորիի շրջանային դատարանի հենց բակում 8-ամյա աղջկա մարմին են գտել։ Ընտանիքը հայտարարում է, որ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։
• 19-ամյա հովիվն ընդմիշտ բանտում կհայտնվի, եթե ապացուցվի, որ ամերիկացիների ընտանիքին ինքն է սպանել
2010 թ-ին ծնված Նանա Բերիաշվիլին անհետացել էր նույն օրվա առաջին կեսին։
Նորությունների թողարկումներում և սոցիալական ցանցերում երեկոյան հայտնվեցին փոքր աղջկա լուսանկարները, որին ընտանիքի հետ միասին փնտրում էր արդեն նաև ոստիկանությունը։
Ֆեյսբուքյան գրառման տեքստը. «8-ամյա Նանիկո Բերիաշվիլին կորել է ցերեկվա ժամերին Գորիում։ Գնացել է 5-րդ դպրոցի խմբակ, սակայն այդպես էլ տեղ չի հասել։ Եթե որևէ մեկը նրան տեսել է, խնդրում ենք դիմել ոստիկանություն»։
Աղջիկը տնից դուրս է եկել օրվա առաջին կեսին, և այդ օրվանից նրա հետքը կորել է։ Նա պետք է պարի խմբակ գնար, սակայն դպրոց չի հասել։
Ոստիկանության հետ միասին աղջկան ողջ օրը փնտրել են տեղի բնակիչները։
Նրա մարմինը գտել են երեկոյան շրջանային դատարանի բակում՝ Լիախվի գետի ափին։
Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր կան. ականատեսներն ասում են, որ նրա ոտքերը կապված են եղել պարանով, իսկ գլխին պոլիէթիլենային փաթեթ է հագցրած եղել։
Տեղացիների խոսքով, դրանից առաջ՝ որոնումների ընթացքում, նրանք մի քանի անգամ զննել են շրջանային դատարանի բակը, սակայն մարմինն այնտեղ չի եղել։ Նրանք կասկածում են, որ աղջիկը սպանվել է այլ վայրում, իսկ հետո մարմինը տեղափոխվել է դատարանի բակ։
Սպանվածի ընտանիքի անդամները հայտարարում են, որ նրա հետքը կորել է տնից 100 մ հեռավորության վրա.
«Երեխան 100 մետր էլ չի անցել», — երեկ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանն ասել է երեխայի պապը՝ Խվիչա Բերիաշվիլին։
Նրա խոսքով՝ այն ճանապարհի վրա, որով պետք է անցներ աղջիկը, երկու խանութ կա, երկուսն էլ ապահովված են արտաքին տեսահսկման սարքերով։ Խվիչա Բերիաշվիլին ասում է, որ տանից դուրս գալիս երեխան մի ուղղությամբ է գնացել, իսկ մարմինն այլ տեղ են գտել.
«Երեխան վերև է գնացել, ինչպե՞ս են նրան ներքևում գտել»։
Խվիչա Բերիաշվիլին ասում է, որ ցերեկվա 4-ին նա անձամբ է եղել դատարանի բակում, սակայն մարմինն այնտեղ չի եղել։ Նա ենթադրում է, որ երեխային սպանել են այլ վայրում, մարմինը հետո են տեղափոխել դատարանի բակ։
«Նրան սպանել են, այլապես, տոպրակն այնտեղ ի՞նչ գործ ուներ և ոտքերն ինչո՞ւ էին կապված։ Ես տեսել եմ. նա տոպրակով փաթաթված էր, մետաղալար կար կողքը։ Ավելին չհասցրի տեսնել, ինձ դուրս բերեցին… Եթե չհետաքննեն, մենք կփակենք մայրուղին։ Ողջ Գորին ոտքի կկանգնի», — հայտարարել է նա։
Ընտանիքը կատարվածի առնչությամբ ոչ մի վարկած չունի և պահանջում է գործը հետաքննել 24 ժամում, հակառակ դեպքում բազմամարդ բողոքներով և «Գորիի պարալիզացմամբ» է սպառնում։
გორში მოკლული 8 წლის გოგოს ბაბუის კომენტარი
გორში მოკლული 8 წლის გოგოს ბაბუის, ხვიჩა ბერიაშვილის კომენტარი.
Posted by რადიო თავისუფლება on ხუთშაბათი, 25 ოქტომბერი, 2018
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել անչափահասի՝ ծանրացնող հանգամանքներով դիտավորյալ սպանության առնչությամբ։ Հետաքննությունը գլխավորում է ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեն։
Երեկ երեկոյան Սաբանաձեն լրագրողներին հայտարարել է, որ քննությունը դեռ չի կարող խոսել վարկածերի մասին.
«Այս փուլում ես չեմ կարող մեկնաբանել վարկածները, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով։ Քննությունն ընթանում է, մենք մանրամասն ուսունասիրում ենք դեպքի վայրը, երբ ինչ-որ բան հայտնի դառնա, մենք հայտարարությամբ հանդես կգանք», — հայտարարել է նա։
Ողջ գիշեր Գորիում երեխայի մարմնի փորձաքննություն է անցկացվել։ Իսկ Գորիի դատարանի բակում, որտեղ գտել են աղջկա մարմինն, աշխատել են փորձագետ-կրիմինալիստները։
Գորիի շրջանային դատարանի առջև ողջ գիշեր մարդաշատ է եղել։
Տեղի բնակչությունը ցնցված է կատարվածով և պահանջում է արագ հետաքննություն։ Նրանք հայտարարում են, որ ժողովուրդը կփակի կենտրոնական մայրուղին, եթե հանցագործին կարճ ժամկետներում չձերբակալեն։