700 հազար դոլար՝ Ամանորի տոնակատարության համար․ Երևանի քաղաքապետարանը ռեկորդային գումար է մտադիր ծախսել
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքում ամանորի միջոցառումների վրա 325 մլն դրամ ծախսել։ Գումարի առյուծի բաժինը տրամադրել է Հայաստանի կառավարությունն, իսկ մնացած մասը՝ 54 մլն դրամն, ավելացվելու է քաղաքային բյուջեից։
Այս նախորդ տարիների համեմատ ռեկորդային ծախսերը շատերին դուր չեն եկել, մասնավորապես, ընդդիմությանը, որը երկար ժամանակ է, ինչ քննադատում է քաղաքային իշխանություններին։
Բանը հասել է վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ արդարացրել է ամանորյա տոների համար նախատեսված մեծ ծախսերը։ Նա կարծում է, որ զարդարված մայրաքաղաքը զբոսաշրջիկներ կգրավի և երևանցիների համար խթան կդառնա ամանորյա տոներին երկրից չմեկնելու համար։
Պատմության բոլոր մանրամասները, և թե ինչ են մտածում այդ մասին մայրաքաղաքի բնակիչները։
Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
Ամանորյա տոնակատարությունների համար տրամադրված գումարի շուրջ աղմուկը սկսվել է դեռ երկու շաբաթ առաջ։ Այն ժամանակ հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ քաղաքապետարանն ամանորյա տոնակատարության համար 548 մլն դրամ է տրամադրելու։
Երևանի քաղաքապետարանը հերքեց այդ տեղեկությունը։ Սակայն հերքումը համոզիչ չէր Երևանի ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի համար։ Նա շարունակում էր պնդել, որ ոչ մի ապատեղեկատվություն չկա, և բյուջեն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 525 մլն դրամ․
«325 միլիոն դրամ գումարը միայն Հանրապետության հրապարակի տոնակատարությունների համար ծախսվող գումարն է, ներառյալ՝ Գորան Բրեգովիչի համերգի համար հատկացվածը: Կա նաև վարչական շրջանների բյուջե, և այդ ամենն իրար հետ կազմում է շուրջ 525 միլիոն դրամ»։
Քաղաքային իշխանությունների հասցեին քննադատությամբ է հանդես եկել Facebook-ի իր էջում նաև «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
«Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է»։
Սակայն սա դեռ ամենը չէ
Երևանը 12 վարչական շրջան ունի։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր շրջանին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի՝ ևս 7-ական մլն դրամ Երևանի բյուջեից լուսավորության և տոնական համերգների համար։ Եվ սա չի մտնում վերոհիշյալ 325 մլն դրամի մեջ։
Սակայն ամենաշատն ընդդիմությանը զայրացրել է այն, որ Երևանի 12 վարչական շրջաններից 11-ն այս տարի Ամանորը տոնելու են ռեստորաններում քաղաքային բյուջեի հաշվին։
Երևանի Ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Facebook-ի իր էջում հաղորդում է, որ Ամանորի կորպորատիվ միջոցառումների վրա կծախսվի ընդհանուր առմամբ 14.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար)։
Անցյալ տարվա պարգևավճարներն Ամանորի նախաշեմին
Պետք է նշել, որ նախորդ տարին նույնպես նշանավորվեց նման սկանդալներով։
2019 թ-ի հունվարին հայտնի դարձավ, որ տարբեր պետական պաշտոնյաներն Ամանորի նախաշեմին իրենց և իրենց ենթականերին հսկայական պարգևավճարներ են դուրս գրել։
Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, իրեն թույլ էր տվել մեկ միլիոն դոլարի պարգևավճար բաշխել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել էր 1628 աշխատակցի 974 հազար դոլար ընդհանուր գումարով։
Ընդ որում, նա հայտարարել էր, որ նախորդ իշխանությունները խաբում էին հասարակությանն ու իրենց պարգևավճարներ դուրս գրում տարեկան ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, սակայն իր թիմը հրաժարվել է այդ սովորույթից։
Պարզաբանումներ վարչապետից
2019 թ-ի տոնական միջոցառումների ծախսերի թեման ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանը․
«Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։ Գաղտնիք չէ, որ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են հանրապետությունից դուրս, ինչը բավականին լուրջ տնտեսական խնդիր է երկրի համար, քանի որ գումարներն արտահոսում են։ Մենք էլ խնդիր ենք դրել, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, ինչպես նաև խթանենք զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»։
Որքա՞ն գումար է ծախսվել նախորդ տարիներին
Ներկայացնում ենք նախորդ տարիների ծախսերի չափը․
2014 թ.՝ 113.120.000 դրամ,
2015 թ.՝ 136.141.900 դրամ,
2016 թ.՝ 157.180.200 դրամ,
2017 թ.՝ 192.478.000 դրամ,
2018 թ.՝ 222.351.800 դրամ,
2019 թ.՝ 271․797․000 դրամ, որին ավելացել է 54 մլն դրամ մայրաքաղաքի բյուջեից։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Տոնական բյուջեն Ֆեյսբուքի հայկական տիրույթում քննարկվող համար մեկ թեման է։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Թալանում են մեր բյուջեն։ Դա անթույլատրելի է»։
«Հեղափոխական իշխանության դեպքում դա պարզապես անընդունելի է, քանի որ հենց մեր մայրաքաղաքում շատ ընտանիքներ Ամանորը դիմավորելու են ծայրահեղ աղքատության մեջ…»
«Վարչական շրջանների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում։ Ինչո՞ւ նրանք ինքնուրույն չեն վճարում իրենց խնջույքների համար»։
«Դե, որ դերասանը քաղաքապետ դարձավ, պարզ է, որ իրավիճակն այսպես ողբալի է լինելու…»
«Գոնե մի անգամ Ամանորի գիշերը կարելի է նորմալ նշել քաղաքում»։