Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտածները կազատվեն զինծառայությունից․ քննարկումներ ՀՀ-ում
50 բուհերի ուսանողները կազատվեն զինծառայությունից
Հայաստանի կրթական ոլորտի պատասխանատուներն առաջարկում են պարտադիր զինծառայությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք կրթություն կստանան աշխարհի 50 լավագույն բուհերում, այնուհետև աշխատանքի կանցնեն ՀՀ-ում։
Խոսքը, մասնավորապես՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով առկա ուսուցման համակարգում կրթություն ստանալու մասին է։
Պարտադիր պայման է լինելու նաև այն, որ ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատի Հայաստանում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտում և վայրում։ Աշխատելու ընթացքում անձը պետք է ֆիզիկապես գտնվի ՀՀ-ում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այս նախաձեռնությունն արդեն արժանացել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանությանը, քննարկվում է լիագումար նիստում։ Նախարար ժաննա Անդրեասյանը վստահ է՝ առաջարկվող կարգավորումը շատ սպասված է և կարող է դառնալ բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն։
«Մի կողմից կապահովենք, որ նրանց վերադարձն անպայման տեղի ունենա, մյուս կողմից կուղղորդենք նրանց գիտելիքների ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որտեղ այդ կարիքն իսկապես ունենք»,- հարցի քննարկման ժամանակ ընդգծել է նախարարը։
- «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչներին սպասում են գյուղերի դպրոցներում
- Դպրոցական համազգեստի պահանջ, բջջային հեռախոսների արգելք. կրթական բարեփոխումներ Վրաստանում
- «Վաղ ամուսնություն, աղքատություն և կարծրատիպեր». Ադրբեջանում շատ աղջիկներ դուրս են մնում դպրոցից
Գործում է տարկետման իրավունք, սակայն քչերն են վերադառնում և անցնում ծառայության
2018 թվականին երկրում ներդրվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման հատուկ կարգ, որի համաձայն՝ տարկետման իրավունք են ստանում Շանհայի վարկանիշավորման առաջին 50 տեղերում գտնվող բուհերում սովորող քաղաքացիները։
Կարգի հաստատումից մինչ օրս Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու տարկետում է ստացել 650 քաղաքացի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներկա պահի դրությամբ նրանցից 570-ը դեռ սովորում է և շարունակում է օգտվել տարկետման իրավունքից:
Նախարարը շեշտել է՝ նշված բուհերն ավարտած 57 քաղաքացիներից միայն մեկն է ուսումնառությունից հետո ծառայել ՀՀ Զինված ուժերում․
«4 քաղաքացի զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը հետախուզման մեջ է, իսկ մնացած 40-ը չեն ծառայել՝ ելնելով այլ հիմքերից»։
Ըստ Անդրեասյանի՝ քաղաքացիների վերադարձն ապահովելու և նրանց ներուժը գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերն ունեն կատարելագործման կարիք։
Նոր կարգավորմամբ սահմանվելու է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած (կրթություն ստանալու հիմքով) քաղաքացին կարող է ազատվել ծառայությունից բացառապես աշխատելու համար տարկետում ստանալուց և 3 տարի աշխատելուց հետո:
«Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քայլ է»
Առաջարկվող փոփոխությունների մասին խոսելիս նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագիծը հերթական քայլն է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։
«Այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն՝ այդ հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորող գիտելիքն ու հմտությունները չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն և չեն ծառայում այստեղ ո՛չ հանրային, ո՛չ տնտեսական զարգացման օրակարգին»,- նկատել է նա։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գնահատմամբ՝ կարգավորման նպատակն է այնպես անել, որ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարած և արտերկրում ուսանած քաղաքացիներն ունենան «բավարար մոտիվացիոն գործիքակազմ»՝ վերադառնալու, իրենց գիտելիքներն ի նպաստ Հայաստանի ծառայեցնելու համար։
Կանխելով մասնագետների արտահոսքը․ ի՞նչ է ասված հիմնավորման մեջ
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխարհի առաջատար համալսարաններում 1 մասնագետ պատրաստելը ենթադրում է հազարավոր դոլարների ծախս։ Օրինակ՝ ԱՄՆ-ում (Harvard, MIT, Stanford) տարեկան ծախսը կազմում է 60-90․000 դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում (Oxford, Cambridge)՝ 45-60․000 դոլար։
Նշվում է, որ ներդրվող նոր համակարգը հնարավորություն կտա գիտության, տնտեսության և այլ ոլորտներում ներգրավել մասնագետների առանց պետության կողմից ֆինանսական լրացուցիչ ներդրումների։
Հեղինակները կարծում են, որ նախագիծը կօգնի լուծել որակյալ կադրերի արտահոսքի և աշխատուժի հետ կապված խնդիրները։
Մասնավորապես՝ շեշտվում է, որ այսօր առկա են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝
- «երիտասարդ մասնագետների (IT ոլորտի մասնագետներ, բժիշկներ, ինժեներներ և այլն)` այլ երկիր աշխատանքի մեկնելը բերում է աշխատուժի պակասի,
- արտագաղթում են ամենաշատ պոտենցիալ ունեցող կադրերը՝ որակյալ կրթություն ստացած, օտար լեզուների տիրապետող, միջազգային լավագույն փորձին ծանոթ»։
Ոլորտի պատասխանատուները հույս ունեն, որ նոր համակարգի ներդրման արդյունքում այդ խնդիրները կկարգավորվեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
50 բուհերի ուսանողները կազատվեն զինծառայությունից