ՀՀ-ում հայրը խեղդամահ է արել 3-ամյա երեխային․ ՆԳՆ նախարարը՝ դեպքի և հանցավորության մակարդակի մասին
3-ամյա Տիգրանին հայրն է խեղդամահ արել
Հայաստանում քննարկում են սահմռկեցուցիչ դեպք՝ հայրը խեղդամահ է արել 3-ամյա երեխային։ Հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող և որոնվող Տիգրան Օվանեսովի դին նախօրեին էր հայտնաբերվել։ Հոր կողմից սպանվելու մասին այսօր լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել։ Եվ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում է վրա հասել դեպքը: Երբ դեպքը տեղի է ունեցել, և մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցման պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Տիգրանի մեծ եղբայրը, որը չի խոսում, եղբոր հետ կապված հարցերին պատասխանելիս երկու ձեռքով բռնում է կոկորդը։
Ազգային ժողովում 2026 թ․-ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ Ներքին գործերի նախարարը ներկայացրել է նաև հանցավորության ընդհանուր իրավիճակը ՀՀ-ում։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ընդունելու է Հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարություն, փաստաթուղթը դեռևս մշակման փուլում է։ Սարգսյանը նշել է, որ ռազմավարությունն անդրադառնալու է նաև երկրում սպանությունների թվի նվազեցման հարցին:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Տիգրան Օվանեսովի հոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, նա ձերբակալված է։ Կոմիտեից նաև հայտնել են, որ կատարվել է դիակի արտաքին զննություն, երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
- «Քաղաքացու քարտի գումարը հօդս է ցնդել»․ հեռախոսային խաբեություններ Հայաստանում
- Գյումրու քաղաքապետը ձերբակալվեց․ կոռուպցիոն սկանդալ Հայաստանում
- Հայաստանում փաստաբան է կալանավորվել, պատճառը ֆեյսբուքյան գրառումն է
«Սպանությունների կտրուկ աճ չունենք»
Ներքին գործերի նախարարի փոխանցմամբ՝ երկրում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները։ Դինամիկան, սակայն, նույնն է, ինչ նախկինում։
«Որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ տեղի չեն ունենում: Երբ խոսում ենք ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պետք է փաստեմ, որ վիճակագրական առումով կտրուկ աճի տեմպ չունենք: Սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2 տոկոսը»։
ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների համաձայն՝ 2021 թվականին սպանությունների միջին համաշխարհային ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 5.8 դեպք:
Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ Հայաստանը շարունակում է գրանցել համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ։
«Եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5.8 սպանության դեպք է արձանագրվում, 2021 թ․-ին ՀՀ-ում այս ցուցանիշը եղել է 2, 2022 թ․-ին՝ 1.9, 2023 թ․-ին՝ 1.8, 2024 թ․-ին՝ 2»,- նկատել է նա։
Պլանավորված հանցագործությունները փոքր տոկոս են կազմում
«Հայաստանի Հանրապետությունն աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ: Մեր վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոս են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք պլանավորված են»,- հայտարարել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ սպանությունների ընդհանուր պատկերում նկատվում են այնպիսի դեպքեր, որոնք «պահի ազդեցության տակ առաջացած վիճաբանության շարունակություն են»։
Բացահայտումների աճ է գրանցվել
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ներքին գործերի նախարարությունը լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ է արձանագրել:
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 391 դեպքով, զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 249 դեպքով։ Եվ այսպես շարունակ»,- թվարկել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը հայտնել է, որ 0.7 տոկոսով նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը։
«Աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը, ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով»,- շեշտել է Սարգսյանը:
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նվազել են
Ըստ նախարարի՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 4 տոկոս նվազում։ Արփինե Սարգսյանը սա կապում է նաև ուժի մեջ մտած նոր օրենքների հետ․
«Ազգային ժողովի գործընկերների օժանդակությամբ նաև նոր օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունել, որով արգելվել է անչափահասներին սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը։ Նշեմ, որ օրենքի ընդունումից հետո 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն»։
Նախարարն ընդգծել է, որ հանցագործության դեպքերը կանխելու համար նաև ընտանիքների և կրթական հաստատությունների հետ աշխատանք տանելու անհրաժեշտություն կա․
«Ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցներն ահազանգեր չեն տրամադրում: Արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարին՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները Ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
3-ամյա Տիգրանին հայրն է խեղդամահ արել