Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 129-ով, մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս հիվանդությունը խլել է 7997 մարդու կյանք:
Ամենօրյա վիճակագրությունից բացի հունվարի 7-ին առողջապահական գերատեսչությունը ներկայացրել է նաև տվյալներ նախորդ տարի COVID-19-ի դեմ պայքարում կատարված ծախսերի մասին:
Համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար 2021 թ.-ին՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստանը ծախսել է ավելի քան 21 միլիարդ դրամ:
ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաշվետվությանհամաձայն այս գումարը ծախսվել է հետևյալ ուղղություններով՝
վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 10.883.977.658 դրամ,
բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝ 2.602.441.347 դրամ,
բուժաշխատողների պարգևատրում՝ 82.948.723 դրամ, ինչպես նաև պատվաստման գործընթացի շրջանակներում տրվող լրավճար՝ 1.229.286.016 դրամ,
պացիենտների և բուժանձնակազմի սննդի կազմակերպում՝ 763.752.705 դրամ,
դեղորայքի և ԲՆԱ հագեցվածության ապահովում՝ 4.550.893.776 դրամ,
բժշկական սարքավորումներով հագեցվածության ապահովում՝ 743.483.081 դրամ,
բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 208.250.651 դրամ,
այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ՝ 261.992.384 դրամ,
պատվաստանյութի տեղափոխում Հայաստան՝ 185.638.114 դրամ։
Կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման ուղղությամբ աշխատանքներ են տանում նաև երկրի մյուս գերատեսչությունները: ՀՀ ԱՆ հրապարակած աղյուսակում, սակայն, ներառված են բացառապես առողջապահական գերատեսչության կատարած ծախսերը:
Գերատեսչությունից հայտնում են, որ համավարակով պայմանավորված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն պարբերաբար, քանի որ գործընթացը շարունակական է: