Սպանության համար մեղադրվողները սպանվածների հասակակիցներն են
Թբիլսիում երկու դպրոցական է սպանվել դանակի հարվածից դեկտեմբերի 1-ին կայացած կռվի ժամանակ: Դիտավորյալ սպանության մեղադրանքով կալանավորվել է 16-ամյա դեռահաս: Ոստիկանությունը նրան ձերբակալել է հանցագործությունը կատարելուց հետո մի քանի ժամ անց տաք հետքերով: Իրավապահները փնտրում են նույն տարիքի ևս մեկ երիտասարդի, որը նույնպես մեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու համար:
Դեռահասների միջև կռիվը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի №51դպրոցի մոտ: Կռվի ընթացքում երկու դպրոցականներ դանակի հարվածներ են ստացել: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, երկրորդի կյանքի համար բժիշկները պայքարում էին մի օր շարունակ, բայց, ավաղ, անարդյունք: Երկու մահացած դպրոցականները 16 տարեկան էին, երկուսն էլ սովորում էին 51-րդ դպրոցում:
51-րդ դպրոցը գտնվում է Թբիլիսիի կենտրոնական թաղամասներից մեկում՝ Վերեում, Ֆիլհարմոնիայի մոտ, և համարվում է մայրաքաղաքի հեղինակավոր հանրային դպրոցներից մեկը:
Շտապօգնության «թեժ գծին» զանգ է ստացվել դեկտեմբերի 1-ին ժամը 14:10-ին: Զանգողը հաղորդել է դեռահասների կռվի մասին և որ վիրավորներ կան:
«Երբ մոտ գնացի, տեսա մայթին պառկած մի տղայի, նա արնաքամ էր լինում: Նա չափազանց գունատ էր, վերջույթները ցնցվում էին: Մոտակայքում էլ ոչ ոք չկար: Մնացածը փախչել էին», — ասում է ականատեսներից մեկը:
Դեռահասների միջև վեճը ծագել է ենթադրաբար դպրոցի տարածքում: Որոշ ժամանակ անց նրանք դուրս են եկել դպրոցի բակից և շարունակել հարաբերություններ պարզել հարևանությամբ գտնվող բակերից մեկում:
Բժիշկների խոսքով՝ մահացած դեռահասները դանակի բազմաթիվ հարվածներ էին ստացել: Մեկի վերքերի թիվը հասնում էր մինչև 30-ի: Չարագործները փախչել էին հանցանքի վայրից: Կատարված հանցագործության շարժառիթները դեռևս հայտնի չեն:
Խորավա փողոցում կատարված միջադեպը Ֆեյսբուքում բուռն քննարկումների առարկա է դարձել: Սոցցանցի օգտատերերը համերաշխության և աջակցության ակցիա են պլանավորել, որը մտադիր են անցկացնել 51-րդ դպրոցի մոտ: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ մասնակիցները դեկտեմբերի 3-ին ժամը 18:00-ին ծաղիկներով և մոմերով հավաքվելու են դպրոցի մոտ:
«Մենք պատրաստվում ենք համերաշխություն հայտնել այն ցավին, որը զգում են սպանված տղաների ընտանիքները, ինչպես նաև հասկացնել իրավապահ կառույցներին, որ հանրությունը հետևելու է հետաքննության ընթացքին: Խնդրում ենք ձեզ հետ բերել ծաղիկներ և մոմեր և ցույց տալ պետությանը, իսկ ամենագլխավորը՝ երեխաներին, որ մենք ուզում ենք քաղաքակիրթ պատասխան ստանալ այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել, ապագայում նման դեպքերը կանխելու համար, որպեսզի մյուս երեխաները պաշտպանված լինեն», — ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարությունում: