ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ռուսական ազդեցության դեմ օրենք է ընդունել
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը դիմակայելու մասին: Դրա հետ մեկտեղ փաստաթղթով հաստատվել է ռուսական ազդեցության դեմ գործողությունների ֆինանսավորման բյուջեն:
Փաստաթուղթը տարբեր միջոցներ է նախատեսում ԱՄՆ ներքին քաղաքական գործընթացների վրա Մոսկվայի ազդեցության նվազեցման և երկրում ռուսական հատուկ ծառայությունների գործողությունները կանխելու համար: Փաստաթղթում ասված է նաև հատուկ կոմիտեի ստեղծման մասին, որը կդիմակայի Ռուսաստանի ազդեցությանն այլ երկրների վրա:
Ամերիկյան օրենսդիրներն ուշադրություն են հրավիրում ռուսական ազդեցության այնպիսի ձևերի վրա, ինչպիսիք են կեղծ կազմակերպությունների ստեղծումը, ԶԼՄ մանիպուլյացիան, ապատեղեկատվության տարածումը, սադրանքների կազմակերպումը, մարդու իրավունքների խախտումը, կոռուպցիան, քաղաքական ընդդիմադիրների սպանությունն ու ահաբեկչական հարձակումները:
Փաստաթղթի մասերից մեկը վերաբերում է Ուկրաինայի և Վրաստանի ամբողջականության պաշտպանությանը: ԱՄՆ վարչակազմին արգելվում է աջակցել այն երկրներին, որոնք ճանաչել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ինչպես նաև՝ աջակցել այդ տարածաշրջանների ռուսական օկուպացիային:
ԱՄՆ վարչակազմը նաև չպետք է սատարի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը, ինչպես նաև՝ չպետք է թույլ չտա Ղրիմում ամերիկյան ներդրումներ անել:
Փաստաթղթի համաձայն՝ Եվրոպայի երկրներին, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, 100 մլն դոլար ֆինանսական աջակցություն կցուցաբերվի: Այդ միջոցները նախատեսված են այդ երկրներում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների և մամուլի ազատության աջակցության համար: Փաստաթղթում ասված է նաև Ռուսաստանում ժողովրդավարության աջակցության ծրագրերի՝ այդ թվում ազատ ինտերնետի համար գումարներ հատկացնելու մասին:
Բացի այդ, նախատեսված է նաև Արևելյան գործընկերության երկրներին միջոցների տրամադրում Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացման համար Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ճնշումից բխող խոցելիությունը նվազեցնելու նպատակով:
Փաստաթուղթը մոտ ապագայում կհաստատվի ԱՄՆ Սենատի կողմից և կստորագրվի նախագահի կողմից:
Հոդվածի նախապատրաստման համար օգտագործվել է Deutsche Welle-ի տեղեկատվությունը