Կիպրոս–Ադրբեջան խաղը կանցնի դատարկ տրիբունաներով․ ինչո՞ւ է դա լավ երկրպագուների համար
Այսօր կենտրոնական–եվրոպական ժամանակով ժամը 20:45 Կիպրոսում կսկսվի ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբակային փուլի խաղը տեղի հավաքականի և Ադրբեջանի ազգային թիմի միջև։ Այս երկրների թիմերի դիմակայության պատմությունը լի է մարզադաշտերում կռիվներով և թե ֆուտբոլիստների, թե երկրպագուների անպատեհ պահվածքով։
Քաղաքական ֆոնը խաղից առաջ
Արևելյան Միջերկրականում միջազգային լարվածության ֆոնին Կիպրոսի և Ադրբեջանի հավաքականների միջև այսօրվա խաղը ոչ միայն ֆուտբոլային մարտ է խոստանում։ Ադրբեջանում Կիպրոսի հարավային հատվածը շատերն ընկալում են որպես Հունաստանի «անկլավ», իսկ Ադրբեջանը բոլոր մակարդակներում աջակցություն է հայտնում Թուրքիային։
• Միջերկրական ծովի գազը որպես սպառնալիք ՆԱՏՕ–ի կայունությանը։ Վերլուծություն
Այս օրերին նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Հունաստանի դեսպանի հետ հանդիպմանը դիվանագիտական լեզվով բառացիորեն վերջնագիր ներկայացրեց հունական կողմին և լիակատար աջակցություն՝ Թուրքիայի գործողություններին։ Ալիևն ասաց․
«Մենք անվարան սատարում ենք և բոլոր դեպքերում սատարելու ենք Թուրքիային․․․ Նրանք Ադրբեջանին սատարում են բոլոր հարցերում, մենք էլ նրանց ենք սատարում բոլոր հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրականում հետազոտությունների հարցում»։
Լավ ծանոթ թշնամինե՞ր
2015 թ–ի ամռանը Կիպրոսի Լառնակա քաղաքում ՈՒԵՖԱ–ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում հանդիպել են տեղի «Ապոլլոն» և ադրբեջանական «Գաբալա» ակումբները։ Խաղի առաջին իսկ րոպեներից ադրբեջանական ակումբի խաղացողների վրա տրիբունաներից տեղացին հայհոյանքներ թուրքերենով և անգլերենով։
Կիպրոսի թիմի երկրպագուները փորձեցին այրել Ադրբեջանի պետական դրոշը, սակայն ոստիկանները կասեցրին վանդալիզմի ակտը։ Իսկ արդեն խաղի վերջում, որն ավարտվեց ոչ–ոքի (1:1), իսկական կռիվ տեղի ունեցավ, որին մասնակցում էին երկու ակումբների խաղացողներն ու ներկայացուցիչները։
Եվս մեկ կռիվ էր տեղի ունեցել արդեն 2019 թ–ին Ադրբեջանում «Գաբալա» և «ԱՊՕԷԼ» պատանեկան թիմերի խաղի ժամանակ։ Դաշտում ֆուտբոլիստների միջև կռիվը սկսվեց կիպրոսցիների կողմից գոլի «չափազանց բուռն» տոնելուց հետո։ Այդ խաղը նույնպես ավարտվեց ոչ–ոքի՝ 1:1։
Վերադառնալով 2015 թ–ի «Ապոլլոն»–«Գաբալա» խաղին՝ հարկ է հիշեցնել խաղի ողբերգական հետևանքը։ Մի քանի օր անց Բաքվում․․․
…լրագրող սպանվեց
Ադրբեջանական թիմի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը Կիպրոսում կայացած խաղի ժամանակ 11–մետրանոց իրացրեց և տրիբունաներին անցենզուր ժեստ ցույց տվեց։ Այս անզգույշ շարժումը զայրացրեց տեղի ակումբի առանց այն էլ անհանգիստ երկրպագուներին։
Խաղի հաջորդ օրն ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը քննադատեց Հուսեյնովի գործողությունները խփած գոլից հետո։
2015 թ–ի օգոստոսի 8–ին մի խումբ անձինք հարձակվեցին Ալիևի վրա նրա տան մոտ և դաժանաբար ծեծեցին լրագրողին, որը մահացավ հիվանդանոցում։
Ոստիկանությունը կալանավորեց մեղավորներին, որոնք ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի մերձավորներն էին։ Ֆուտբոլիստը նույնպես ազատազրկվեց։
Ինչո՞ւ առանց երկրպագուների
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՈՒԵՖԱ–ն որոշել է իր հովանու ներքո բոլոր միջազգային խաղերն անցկացնել դատարկ տրիբունաներով։
Երկրպագուներն իրավունք ունեն խաղերը դիտելու միայն հեռուստատեսությամբ, և սա կարելի է համարել կիպրոսցի և ադրբեջանցի երկրպագուների հերթական անմիջական բախման լավ կանխարգելում։
Սեպտեմբերի 5–ին սեփական դաշտում Լյուքսեմբուրգի հավաքականից կրած պարտությունից հետո (1:2) Ադրբեջանի ազգային թիմի երկրպագուները թերահավատորեն են վերաբերվում այսօրվա խաղում դրա հաղթանակին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերի մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Մի մոռացեք այսօր խաղը դիտելուց առաջ անձրևանոցներ վերցնել։ Մեզ սպասվում է մեր դարպասներին խփած գոլերի տարափ»։
«Սպասում եմ մեր հավաքականի խոշոր պարտությանն, անկեղծ ասած, նույնիսկ չեմ վշտանա այդ առթիվ»։
«Ավելի լավ է՝ չնայեմ խաղը, միայն հիասթափվելու եմ»։