«Ալիև, ի՞նչ կասեք Ադրբեջանի քաղաքացիների հետ խաղաղություն կնքելու մասին»․ լրագրողի նամակը բանտից
Ֆաթիմա Մովլամլիի նամակը բանտից
Meydan TV-ի գործով ձերբակալված լրագրող Ֆաթիմա Մովլամլին բանտից ուղարկած նամակում շարադրել է իր մտքերը Վաշինգտոնում անցկացված «պատմական հանդիպման» մասին:
Անցյալ տարի դեկտեմբերի 8-ին Բաքվի Խաթայի շրջանի դատարանը 4 ամսով կալանավորման որոշում է կայացրել Meydan TV-ի գլխավոր խմբագիր Այնուր Ելգյունեշի (Ղանբարովա), կայքի աշխատակիցներ Այթաջ Թափդիքի (Ահմեդովա), Նաթիկ Ջավադլիի, Խայալ Աղաևի, Այսել Ումուդովայի, Ռամին Դեկոյի (Ջաբրայիլզադե) և Ուլվի Թահիրովի նկատմամբ: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Այս քրեական գործն անվանում են Meydan TV-ի գործ:
Այս տարի նույն մեղադրանքով և նույն գործի շրջանակում ձերբակալվել են լրագրողներ Շամշադ Աղան, Նուրլան Ղահրամանլին (Լիբրե), Ֆաթիմա Մովլամլին և Ուլվիյա Ալին (Ղուլիևա):
Ներկայացնում ենք Ֆաթիմա Մովլամլիի նամակն ամբողջությամբ

«Նախ ասեմ, որ խաղաղության ուղղությամբ ցանկացած քայլ ինձ ուրախացնում է: Պատերազմը, որը տարիներ շարունակ օգտագործվում էր որպես ճնշման միջոց երկու ժողովուրդների դեմ, վաղուց պետք է ավարտված լիներ, և նրանց, ովքեր բարձրաձայնում էին այդ մասին, պետք չէր հայրենիքի թշնամի հայտարարել:
Օգոստոսի 8-ին ուշադիր հետևեցի երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված արարողությանն ու հատկապես ասուլիսին: Ինձ հետաքրքրում էր ոչ միայն այդ միջոցառման բովանդակությունը, այլև մեկ ուրիշ բան: Հետաքրքիր էր՝ ո՞վ կխոսի այնտեղ ադրբեջանական մեդիայի անունից, ի՞նչ հարց կտա: Ինչի՞ իմաստ կունենա այն մարդու հարցը, ով՝ լինելով այն երկրի լրագրող, որտեղ անկախ մամուլի ներկայացուցիչներին դատապարտում են կեղծ մեղադրանքներով, հնարավորություն ունի այնտեղ գտնվելու:
Խոսքը տրվեց Report գործակալության թղթակցին, և հարց պարզապես գոյություն չուներ: Կարծես թե այս անգամ նրանց չէին ուղարկել նախագահի վարչակազմի տեքստերը, որոնք նրանք սովորաբար տարածում են, ինչպես կառավարությանը ծառայող մյուս մեդիաները:
Երբ լրագրողը տվեց իր հարցը, իմ խցակից ընկերուհին հարցրեց՝ ի՞նչ է ասում: Ասացի, որ մենք մենակ չենք, նույնիսկ Թրամփը չհասկացավ, թե ինչ ասաց:
Ամենաուշագրավ պահը Իլհամ Ալիևի միջամտությունն էր: Նա, ինչպես կակազող երեխայի փոխարեն խոսող ծնող, փորձեց թարգմանել իր գրագրի «հարցը»: Սակայն հարց չկար: Հետևաբար «ասում է՝ կայցելե՞ք մեզ»-ից ավելի լավ թարգմանություն չստացվեց:
Դա նման էր իր փորած փոսը ընկնելուն: Քանի որ երբ բանտ են նստեցնում անկախ մեդիայի ներկայացուցիչներին, որոնց խոսքը կշիռ ունի և որոնք ոչ ոքից չեն ամաչում, և փոխարենը հարթակ են տրամադրում նրանց, ովքեր յուրաքանչյուր խոսքի համար պետք է թույլտվություն ստանան, ովքեր կառավարությունից տուն, կոչում, գովասանք են սպասում, այլ կերպ ինչպե՞ս կարող էր ընթանալ իրավիճակը: Այդ լրագրողի լեզուն էլ պիտի խճճվեր: Հենց այս հանդիպմանը դա պետք է տեղի ունենար: (Ես սիրում եմ կյանքի հեգնանքն ու ծաղրը):
Իսկ ուշադրություն դարձրի՞ք այն լրագրողին, որը հարց տվեց կողմերից մեկի՝ հետքայլ կատարելու հավանականության մասին և պատասխան ստացավ երեք երկրների ղեկավարներից: Նրա հարցի առաջացրած հետաքրքրությունն ու լարվածությունն ի ցույց դրեցին անկախ լրագրողի և ծառայող գրագրի միջև տարբերությունը:
Ես ինքս, ցավոք, չկարողացա մասնակցել: Առաջին հերթին, որովհետև «Կյուրդախանայից» (այսպես են կոչում Բաքվի քննչական մեկուսարանը) Վաշինգտոն ճանապահը բավականին երկար է, բացի այդ, ես վիզա էլ չունեմ:
Բայց այստեղից Իլհամ Ալիևին իմ հարցն ուղղելու հնարավորություն, բնականաբար, ունեմ՝
«Իսկ ի՞նչ կասեք սեփական քաղաքացիների հետ խաղաղություն կնքելու մասին: Դուք և ձեր շրջապատը թալանում եք ժողովրդի հարստությունը, ձեր ոստիկանները ճնշում են, ձեր քննիչները պատվերով են գործում, մարդիկ մահակների վախից չեն կարողանում իրենց ձայնը բարձրացնել: Իսկ լրագրողներին, ովքեր գրում ու ցույց են տալիս այս բոլոր ճշմարտությունները, ձերբակալում են «մաքսանենգների» պիտակով:
Եվ այսպես, Ալիև, կլինի՞ խաղաղություն, իրական խաղաղություն»:
Ֆաթիմա Մովլամլի
Բաքվի քննչական մեկուսարանից
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ֆաթիմա Մովլամլիի նամակը բանտից