«Ծուխ ու փոշի ամբողջ քաղաքում». Երևանի օդի աղտոտվածության դեմ պայքարի մասին
Օդի աղտոտվածությունը Երևանում
Մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանի մայրաքաղաքը կանգնած է լուրջ բնապահպանական խնդրի առջև. օդի որակը շարունակում է վատթարանալ: Շինարարական բումը, արդյունաբերական գործունեությունը և կանաչ տարածքների կրճատումը աղտոտվածության աճի հիմնական պատճառներն են:
Բնապահպանները պնդում են, որ այս փոփոխությունները կարող են ազդել հանրային առողջության վրա։ Նրանք պահանջում են, որ իշխանությունները անհապաղ միջոցներ ձեռնարկեն օդի աղտոտվածության դեմ:
- Հայաստանում հին շենքերը դարձնում են էներգախնայող ու գեղեցկացնում
- Ինչպես փոխել գյուղի կյանքը․ SMART-մոտեցում, որն աշխատեց Հայաստանում
- ՀՀ-ում հոսանքի անջատումների և էներգետիկ անվտանգության մասին. տեսակետներ
Օդի աղտոտվածության ինդեքսը գերազանցում է թույլատրելի սահմանները
Երևանի օդն ավելի աղտոտված է, քան Հայաստանի մյուս բոլոր քաղաքներինը: Բնակիչները հաճախ բողոքում են արդյունաբերական կենտրոնների արտանետած ծխի, մուրի և գազերի՝ քաղաքի վրա կախված քողից և այրման հոտից:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պարբերաբար հրապարակում է մայրաքաղաքի օդի որակի մասին տվյալներ: Ցուցանիշները փոփոխվում են, բայց շատ դեպքերում օդի աղտոտվածության ինդեքսը գերազանցում է թույլատրելի սահմանները: Մասնավորապես` ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի և փոշու կոնցենտրացիաները գերազանցում են նորման:
Ազոտի երկօքսիդը թունավոր, սուր հոտով գազ է, որն առաջանում է վառելիքի այրման ժամանակ: Բարձր կոնցենտրացիաների դեպքում այն առաջացնում է օդում ծխի և մուրի յուրահատուկ քող: Այս գազը վնասակար է շնչառական համակարգի համար, կարող է առաջացնել բրոնխիտ և թոքերի էմֆիզեմա:
Ծծմբի երկօքսիդը թունավոր, անգույն գազ է, որն օգտագործվում է արդյունաբերության մեջ: Այն առաջացնում է շնչառական համակարգի գրգռում, սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ:
Փոշու ավելցուկն առաջացնում է շնչառական և սրտանոթային հիվանդություններ, ալերգիա:
Ինչն է աղտոտում Երևանի օդը
Մասնագետները մայրաքաղաքի օդի աղտոտման հիմնական աղբյուր են համարում քաղաքում ընթացող շինարարական աշխատանքները, մեքենաների չափազանց մեծ քանակը, արդյունաբերական ձեռնարկություններն ու Նուբարաշենի աղբավայրը։
Երևանը Հայաստանի գլխավոր արդյունաբերական կենտրոնն է։ Այստեղ են տեղակայված սննդի, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, մետալուրգիայի, քիմիական և շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների մեծ մասը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ քաղաքի շրջակայքում գտնվող մոտ 17 ոչ մետաղական հանքավայրերից արդյունահանվում է բազալտ, գիպսային քար, կավ։ Այդ հանքավայրերը գտնվում են Նոր Նորք, Աջափնյակ, Էրեբունի և Ավան վարչական շրջաններում։ Դրանցից միայն Ավանի քարհանքն է գործում արտահանման փակ մեթոդով։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մոտ 400 կազմակերպություն բացասական ազդեցություն է թողնում օդի որակի վրա։ 2025 թվականի սկզբին խորհրդարանը փորձագետների մասնակցությամբ լսումներ անցկացրեց այս թեմայով։
Լսումների մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ շինարարական բումը օդի աղտոտման հիմնական պատճառն է։ Լրացուցիչ պատճառներից են ավազի քարհանքերի ազդեցությունը, տրանսպորտային միջոցների և արդյունաբերական գործարանների արտանետումները։ Իսկ քաղաքի տեղադիրքը (գտնվում է գոգահովտում) սրում է իրավիճակը։

Մասնագետները օդի հիմնական աղտոտիչ են համարում փոշին։ Քաղաքապետարանից լսումների մասնակիցներին ներկայացրել են այդ պահին քաղաքում օդի աղտոտվության տվյալները։ Դրանց համաձայն փոշու մակարդակը գերազանցել է նորմերը 1.1-ից մինչև 3.4 անգամ։ Սա զեկուցողները գնահատել են «անբարենպաստ մակարդակ է, բայց ոչ վտանգավոր կամ չափազանց վտանգավոր առողջության համար»։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները վտանգավոր են համարում նորմերը 20 անգամ գերազանցող մակարդակը, իսկ չափազանց վտանգավոր՝ նորմերը 50 անգամ գերազանցողը։
Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խստացնում է օդի աղտոտվածության ինդեքսի չափանիշները։ Մասնավորապես, PM2.5 մանր մասնիկների համար, որոնք խորը թափանցում են թոքերի մեջ և համարվում են առողջության համար ամենավտանգավորը, 2025 թվականի համար առաջարկվում են հետևյալ սահմանաչափերը.
- միջին օրական կոնցենտրացիան՝ ոչ ավելի, քան 15 մկգ/մ³,
- միջին տարեկան կոնցենտրացիան՝ ոչ ավելի, քան 5 մկգ/մ³։
Շինհրապարակների փոշին և անհետացող կանաչ տարածքները
Բնապահպան Նաիրա Վարդումյանն էլ է կարծում, որ շինարարությունը Երևանի օդի աղտոտման հիմնական աղբյուրն է։
Շինհրապարակները մթնոլորտ են արտանետում մանր մասնիկներ, որոնք առաջանում են քարերի մանրացման, հորատման և մեծածավալ նյութերի բեռնաթափման ժամանակ։ Այս մանր մասնիկները հեշտությամբ թափանցում են հարևան շենքեր նույնիսկ փակ պատուհանների դեպքում։
Երևանում փոշու բարձր կոնցենտրացիան բացատրվում է նաև կանաչ տարածքների բացակայությամբ։ Քաղաքապետարանի տվյալներով՝ կանաչ տարածքները զբաղեցնում են քաղաքի տարածքի մոտ 30%-ը (մոտավորապես 906.8 հեկտար), ներառյալ բոլոր տեսակի կանաչ տարածքները, այդ թվում՝ սիզամարգերը։ Սա միջինում կազմում է 8.3 քառակուսի մետր մեկ անձի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն՝ մեկ անձի համար այս ցուցանիշը պետք է կազմի 50 քառակուսի մետր։
Բնապահպան, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ Երևանում մոտ 300 բարձրահարկ շենքերի կառուցմանը զուգընթաց կրճատվում են կանաչ տարածքները.
«Սա բացասաբար է անդրադառնում օդի որակի վրա։ Շրջակա միջավայրին զգալի վնաս է հասցվել դեռևս խորհրդային տարիներին, երբ Նորքի շրջանում մոտ 500 հեկտար տարածքով անտառ է հատվել։ Անտառը նպաստում էր օդի մաքրմանը, սակայն դրա տեղում կառուցվեցին բարձրահարկ շենքեր»։

Ճարտարապետ Դավիթ Արարատյանը կարծում է, որ Նորքի անտառի ոչնչացումը մեծ սխալ էր.
«Անտառը ձգվում էր հեռուստաաշտարակից մինչև քաղաքի կենտրոն՝ Անտառային փողոց: Այն գոյություն ուներ մինչև 2000-ականների սկիզբը: Այժմ քաղաքն անընդհատ կառուցապատվում է: Վերին Անտառային փողոցը վերածվել է ծառերից զուրկ տարածքի, մշտական շինհրապարակի: Նմանատիպ իրավիճակ է նաև Նորքում: Շինհրապարակներ են ողջ քաղաքում: Եվ հողային աշխատանքներն անխուսափելիորեն փոշի են առաջացնում: Չնայած ձեռնարկվող միջոցներին` ծածկեր, փոշեկուլներ, ֆիլտրեր, խոնավացում, փոշին ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ:
Քաղաքապետարանը հետևում է գերազանցված չափանիշներին, իսկ կառուցապատողները փորձում են պահպանել դրանք, բայց բյուջեները սահմանափակ են: Իսկ պաշտպանիչ ցանցերը պատռվում են և միշտ չէ, որ ժամանակին են փոխարինվում: Երբեմն շինարարական ընկերությունները տուգանվում են, երբեմն նրանց գործունեությունը կասեցվում է: Բայց դա խնդիրը չի լուծում. քամին տարածում է փոշին: Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում՝ ուժեղ քամիներով, որոնք նպաստում են փոշու տարածմանը»:
Արարատյանն առաջարկում է համապարփակ մոտեցում՝ կարգավորել շինարարական թույլտվությունների տրամադրումը, հետևել քաղաքի գլխավոր հատակագծին՝ պահպանելով կանաչ տարածքները։ Կարծում է՝ անհրաժեշտ է նաև տանիքները, որոնք ծածկված են վնասակար, քաղցկեղածին ասբեստով, փոխարինել էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված տանիքներով.
«Սա կօգնի մաքրել օդը: Սակայն այս միջոցառումները թանկ են և դժվար իրագործելի: Գետառ գետը, որը հոսում է քաղաքի կենտրոնով, կարող էր պահպանել քաղաքի օդի խոնավությունը: Սակայն այն փակվել է բետոնե ջրանցքով։ Դա արվել է մաքրելու փոխարեն, աղտոտվածությունը թաքցնելու համար: Այժմ գետը հոսում է քաղաքի տակով, ինչը վատթարացրել է շրջակա միջավայրի իրավիճակը»:
Շինարարական հրապարակների մոնիթորինգ
Բարձր ռիսկայնությամբ խոշոր շինհրապարակներում տեղադրված են օդում փոշու մակարդակը չափող հարյուրավոր սարքեր: Տվյալները հասանելի են առցանց՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքում և թարմացվում են յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Երբ փոշու կոնցենտրացիան գերազանցում է 35 մկգ/մ³-ը, քարտեզի վրա ցուցիչները կարմիր գույն են ընդունում: Նման դեպքերում քաղաքապետարանի աշխատակիցները տեղում ստուգումներ են իրականացնում։ Խախտումների հաստատման պարագայում նրանք տուգանում են շինարարական ընկերությանը:
Նմանատիպ սարքեր են տեղադրված նաև քաղաքի գլխավոր մայրուղիներում, որտեղ փոշուց բացի չափում են տարբեր գազերի կոնցենտրացիան:
Քաղաքապետարանը հայտնում է, որ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակները գրանցվում են Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Իսկ Ավանն ու Դավթաշենը համարվում են ամենամաքուրը:

Երթևեկել էլեկտրական մեքենաներով
2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 953,965 մեքենա, որից 343,220-ը՝ Երևանում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ՝ 2025 թվականին մեքենաների թիվն աճել է 11,000-ով։
Մեքենաները ամեն օր մթնոլորտ են արտանետում վնասակար գազեր՝ ածխածնի մոնօքսիդ, ազոտի օքսիդ, ածխաթթու գազ, ծծմբի երկօքսիդ։ Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ։
Այս խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը նախատեսում է, առաջին հերթին, արդիականացնել իր ավտոպարկը՝ դիզելային ավտոբուսները փոխարինելով էլեկտրականներով։ Բացի դրանից, քաղաքային իշխանությունները կշարունակեն բնակիչներին խրախուսել գնել էլեկտրական մեքենաներ։

Բնակիչները պայքարում են փոշու դեմ
Ադրինե Մնացականյանը բնակվում է Արաբկիր թաղամասում: Շենքը, որտեղ ապրում է, երրորդ գծի վրա է, ինչը նշանակում է, որ մոտակայքում մայրուղի չկա:
«Չնայած դրան՝ բնակարանում անընդհատ փոշու շերտ է նստում: Ամռանը անհնար է ազատվել դրանից նույնիսկ ամենօրյա խոնավ մաքրության դեպքում: Նման շոգի պայմաններում ես ստիպված էի պատուհանները փակ պահել: Բացում էի միայն ցանց ունեցող պատուհանը։ Բայց նույնիսկ դրա միջով փոշին ներթափանցում էր բնակարան: Ես դեռ լսում եմ հատակի փոշու շրշյունը, չնայած ամեն օր փոշեկուլով մաքրել եմ ողջ տունը: Երբեմն նույնիսկ օրը մի քանի անգամ»:
Երևանի մեկ այլ բնակչուհի՝ Լուսինե Բեգլարյանը, ապրում է քաղաքի կենտրոնում: Նա նույնպես բողոքում է.
«Տունը մաքուր պահել անհնար է։ Փոշին նստում է բոլոր մակերեսների վրա: Երբ քամին ուժեղանում է, բնակարան է ներթափանցում ինչ պատահի: Ես օդորակիչ եմ տեղադրել, որպեսզի ընդհանրապես պատուհանները չբացեմ: Բայց այս քայլն էլ շատ օգուտ չտվեց։ Տանը քայլելիս այնպիսի զգացողություն է, կարծես հատակին ալյուր է լցվել».։
Հրդեհներ աղբավայրում
Նուբարաշենի աղբավայրում հաճախ հրդեհներ են առաջանում։ Եվ նույնիսկ կրակը մարելուց հետո, աղբավայրը շաբաթներ շարունակ մխում է։ Այդ օրերին օդի մեջ հայտնվում են թունավոր նյութեր և փոշի։ Նույնիսկ աղբավայրից հեռու գտնվող տարածքների բնակիչները բողոքում են հազից, ալերգիայից և շնչառական խնդիրներից։
52 հեկտար տարածք զբաղեցնող աղբավայրը ստեղծվել է 1950-ական թվականներին։ Տարեկան այն ընդունում է 290,000-320,000 տոննա կենցաղային թափոններ։ «Էկոլուր» ՀԿ-ի զեկույցի համաձայն՝ այն չի համապատասխանում միջազգային բնապահպանական և սանիտարական չափանիշներին և հաճախ ինքնաբուխ բռնկվում է։
Վերջին խոշոր հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին։ 248 հրշեջ մեքենաներ երկու օր շարունակ պայքարում էին կրակի հետ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել է քաղաքի կենտրոնում։
«Կարճաժամկետ հեռանկարում օդի որակը լուրջ սպառնալիք չի ներկայացնում։ Սակայն շնչառական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում անցկացրած ժամանակն ու խուսափել բացօթյա սպորտային մարզումներից», — նշել էր նա։
«Այդ օրը ես արթնացա այրման հոտից և կարծեցի, թե տանն է ինչ-որ բան վառվում։ Ստուգեցի բոլոր էլեկտրական սարքերը։ Դրանք նորմալ վիճակում էին։ Մոտեցա պատուհանին և քիչ էր մնում խեղդվեի։ Երեխայիս տարա դպրոց։ Տուն վերադառնալու հետո ամբողջ օրը չկարողացա ոչինչ ուտել։ Դեռ հիշում եմ այդ հոտը։ Այնքան ուժեղ էր, որ կոկորդս քոր էր գալիս։ Ողջ օրը տանջվել եմ գլխացավից և սրտխառնոցից»,— պատմում է երևանցի Մանուշակ Ավթանդիլյանը։
Մասնագետները զգուշացնում են, որ Երևանի օդի աղտոտվածությունը առողջապահական լուրջ ռիսկեր է առաջացնում բնակիչների համար։ Իրավիճակը բարելավելու համար նրանք առաջարկում են շտապ վերականգնել և ընդլայնել քաղաքի կանաչ տարածքները և մայրաքաղաքի շուրջ ստեղծել բուֆերային անտառային գոտիներ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Օդի աղտոտվածությունը Երևանում