Հայաստանը պատրաստ է փոխանցել իր ունեցած բոլոր քարտեզները, եթե Ադրբեջանը վերադարձնի Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման ուղերձ է հղել Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցին:
«Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն, դա թարգմանաբար նշանակում է՝ և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասել է, որ առաջիկա հանդիպմանը պատրաստ է իր հետ տանել նաև ականապատ դաշտերի քարտեզները՝ հիշեցնելով, որ խոսք է գնում միայն հումանիտար նշանակության, այսինքն՝ Ադրբբեջանի ԶՈՒ թիկունքում գտնվող տարածքների քարտեզների մասին․
«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»։
Հիշեցնենք, որ տարբեր երկրների ղեկավարների, ՄԽ համանախագահների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում Ալիևն անդրադառնում է հայկական կողմի փոխանցած քարտեզներին՝ կասկածի տակ դնելով դրանց «որակը»։ Փաշինյանն արձանագրում է՝ տվել ենք այն քարտեզները, որոնք ունենք։
«Այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից․ ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ արդեն իսկ փոխանցված տեղանքների ուրիշ քարտեզներ Հայաստանը չունի։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը Հայաստանին չի վստահում, նույնն էլ՝ Հայաստանը։ ՀՀ վարչապետը կարծում է, որ պետք է փորձել փոքր քայլերով առաջ շարժվել և վստահություն ձևավորել։
«Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթին՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտության և դրա հետ կապված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին։