Հայտնի գիտնական ու քաղաքագետ Արիֆ Յունուսն ու կինը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսը դատապարտվել էին 7 և 8,5 տարվա ազատազրկման տնտեսական հանցագործությունների ու պետական դավաճանության համար մեղադրանքով: Նոյեմբերի 12-ին Արիֆ Յունուսի բանտարկությունը փոխարինվել է տնային բանտարկությամբ նրա առողջության կտրուկ վատթարացման պատճառով:
Յունուսի փաստաբանը Աֆգան Մամեդովը Ազատության ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ չէր սպասում նման որոշման: Արիֆ Յունուսը բուժվում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բուժսանիտարական մասում: Նոյեմբերի 5-ին պաշտպանությունը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոփոխելու մասին, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:
Իր առաջին հարցազրույցում Արիֆ Յունուսն ասել է, որ պահանջելու է կնոջ ազատ արձակումը, քանի որ նա շատ վատ վիճակում է. «Ես նոյեմբերի 6-ին հացադուլ եմ հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել կնոջս: Նրան ամեն օր ծեծում են, կտտանքների են ենթարկում, ախր նա ծեր կին է և նրա վիճակը միլիոն անգամ ավելի ծանր է, քան իմը: Ադրբեջանում շատ են խոսում ազգային արժեքների, մարդասիրության մասին, բայց խոսքը գնում է տարեց կնոջ մասին: Նրան պետք է ազատ արձակել գոնե միայն այն պատճառով, որ նա ծանր հիվանդ է»:
Այն հարցին, թե ինչ է պատրաստվում նախաձեռնել, Արիֆ Յունուսը պատասխանել է. «Իմ միակ զենքը խոսքն է. և ես լռել չեմ պատրաստվում»: Ըստ նրա, Լեյլա Յունուսը չի հավատում, որ իրեն կարող են ազատ արձակել: «Նրան ուզում են տեղափոխել կանանց գաղութ, իսկ այնտեղ անտանելի պայմաններ են, այդ պատճառով էլ փաստացի խոսքը գնում է նրա մահվան մասին: Եթե անգամ նրան տանեն Գերմանիայի լավագույն կլինիկան, նրան երկու տարուց ոչ պակաս ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի մի քիչ կազդուրվի: Դուք ուզում եք, որ լռե՞մ այդ մասին: Մի՞թե տղամարդ կլինեմ այդ դեպքում: Ես կնոջս հետ 37 տարի ապրել եմ, և ես նրան չեմ դավաճանի»:
Մեղադրանքի բնույթի մասին Արիֆ Յուսուֆն ասում է, որ դա քաղաքական պատվեր էր. «Ես չեմ պատասխանել ոչ մի հարցի և չեմ ստորագրել ոչ մի փաստաթուղթ: Երբ հարցրին՝ ինչու, ես պատասխանեցի, որ մեզ ձերբակալել են պատվերով: Բոլոր մեղադրանքները վերցված են եղել թերթերից, որոնց ժողովրդավարական երկրում դատի կտային: Դա ոչ թե հետաքննություն էր, այլ «պատվեր».
Լեյլա Յունուսը ձերբակալությանը նախորդող վերջին տարիներին ակտիվորեն պաշտպանում էր քաղաքացիների ժողովրդավարական ու գույքային իրավունքները, հետևում էր քաղբանտարկյալների խնդիրներին, ղեկավարում էր «Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտ» կազմակերպությունը: 2015թ. հոկտեմբերի 9-ին Human Rights Watch կազմակերպությունը պահանջեց անհապաղ ազատ արձակել Յունուս ամուսիններին: