Քաղաքագետը քաղաքական գործիչ չէ
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքական գործչի և քաղաքագետի միջև տարբերությունն այնքան է, որքան գորտի ու կենսաբանի միջև: Քաղաքական գործիչը մասնակցում է քաղաքական պայքարում, կանգնում է այս կամ այն կուսակցության կողքին ու փորձում է հասնել քաղաքական հաջողության: Սրանցից ոչ մեկը ես չեմ անում: Քաղաքական գործիչներից լավ քաղաքագետներ չեն դառնում անգամ քաղաքականությունից դուրս գալուց հետո:
Ես երջանիկ եմ. զբաղվում եմ այն մասնագիտությամբ, որն ինձ հոգեհարազատ է: Եթե մարդուն իր մասնագիտությունը ուրախություն չի պարգևում, այդ մարդը դժբախտ է: Հատկապես տղամարդկանց պարագայում մասնագիտությունը առանցքային է: Եթե կինը կարող է երջանկություն գտնել անձնական կյանքում՝ ընտանիքում, երեխաների հետ շփման ժամանակ, առանց մեծ կարևորություն տալու աշխատավայրին, ապա տղամարդու դեպքում դա այդպես չէ:
Իմ անձնական կյանքի մասին ես հարցազրույցներ չեմ տալիս: Ես իհարկե ունեմ կին, երեխաներ, փառք աստծո, այս հարցում ամեն ինչ վատ չէ, բայց այդ մասին նախընտրում եմ հրապարակային չխոսել: Թե որքան շատ եմ ես սիրում իմ կնոջը, ես պատմում եմ միայն իմ կնոջը: Սիրո խոստովանությունների հրապարակային դրսևորումներին, ինքնաթիռի վրա փակցված սրտիկներին, ես հումորով եմ վերաբերում:
Ես միաժամանակ տասնյակ գրքեր եմ կարդում: Տևական ժամանակ է զբաղվածության պատճառով գեղարվեստական գրականություն չեմ կարդում: Ւրականում քաղաքագետի կյանքն այս առումով ծանր է: Վերջին 30 տարիների ընթաքում ամեն օր 5-ից 6 ժամ ես լրատվություն եմ ընթերցում առանց հանգստյան օրերի:
Կինս ասում է, որ ես հանգստանում ու աշխատում եմ միաժամանակ: Հանգիստն ինձ համար երկրորդական է: Ի՞նչ է, բիզնեսմենը 24 ժամ չի՞ զբաղվում աշխատանքով:
Մեծ հաճույք եմ ստանում էթնիկ երաժշտությունից: Ունեմ էթնիկ երաժշտության սկավառակների բավական մեծ հավաքածու, դրանք բերել եմ աշխարհի տարբեր ծայրերից: Դա թանկ հաճույք էր, և երբեմն գումարը ափսոսում էի: Հիմա գնելու կարիք այլևս չկա, համացանցը ողողված է նման երաժշտությամբ:
Հետխորհրդային սերունդը չի գիտակցում սովետական արվեստի արժեքը: Վերջին մի քանի տարիների ընթացքում սկսկել եմ սովետական կերամիկա հավաքել՝ և ոչ միայն: ԽՍՀՄ-ը խորհրդանշող իրերը բավական էժան են ու կարող ես 1000 դրամով կերամիկայից մի այնպիսի արձանիկ գնել, որը ոչ հեռու ապագայում կդառնա մեծ արժեք: Գեղեցկությունը հնության մեջ է երևում: Բայց չմտածեք, թե ես գնում եմ սովետական իրերը, որպեսզի հետո դղյակ գնեմ, ոչ:
Քանի դեռ ինձ քննադատում են բոլորը, ծախված են համարում բոլոր կողմերից, ես հաճույք եմ ստանում՝ ուրեմն ես օբյեկտիվ եմ, անկողմնակալ: Բժիշկը, ով սիրում է բուժել թոքաբորբը, բայց ոչ ստամոքսի խոցը, բժիշկ չէ, ֆիզիկոսն, ով սիրում է նեյտրոնները, բայց չի սիրում պրոտոնները, ֆիզիկ չէ: Ես քաղաքագետ եմ, ով սիրում է իր մասնագիտությունը, ոչ թե այս կամ այն կողմին, այս կամ այն քաղաքական ուժին է համակրում, իշխանություններին կամ ընդդիմությանը: