«Հայաստանի առաջ շատ դռներ են բացվում»․ փորձագետը՝ ռազմարդյունաբերության ոլորտի մասին
Լեոնիդ Ներսիսյանը ՀՀ-ի ռազմարդյունաբերության ոլորտի մասին
«Հայաստանի առաջ շատ դռներ են բացվում։ Մենք արդեն ազատ շուկայի ինչ-որ կոնցեպտի մեջ ենք, որին սովոր չենք օբյեկտիվ պատճառներով։ Դրա հետևանքով ահագին սխալներ ենք գործում, բայց նաև ճիշտ որոշումներ ենք կայացնում»,- խոսելով ռազմական ոլորտում ՀՀ-ի համագործակցություններ հաստատելու մասին՝ ասել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Նրա կարծիքով՝ պետությունը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում ներգրավված մասնավոր ընկերությունները պետք է սովորեն նոր ձևաչափերին, ինչպես նաև տարբեր մոտեցումներ ունեցող երկրների հետ աշխատանքին։
«Մի բան է Հնդկաստան, ուրիշ բան է ԱՄՆ, երրորդ բան է Ֆրանսիա, չորրորդ՝ Իրան, Չինաստան, Ճապոնիա կամ Իտալիա։ Ամեն երկիր իր յուրահատկություններն ունի»,- նկատել է նա 1in.am-ի եթերում։
Ներսիսյանը դրական է գնահատել ռազմարդյունաբերության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը։ Հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի նման կապեր հաստատել նաև այլ երկրների հետ։
- 44-օրյա պատերազմի մասին զեկույցը բաց ռեժիմով չի քննարկվի. ինչի՞ց է խուսափում ՀՀ իշխանությունը
- «ԱՄՆ-ից զենքի վաճառք դեռ չկա, բայց մենք շահագրգռված ենք»․ ՀՀ պաշտպանության նախարար
- Հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը խորանում է․ ի՞նչ սպասել 2025 թ․-ին
- «ՀՀ-ն չի ռազմականացվում, բարձրացնում է իր վրա հարձակվելու գինը»․ կարծիք Երևանից
Մեկնաբանություն
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է՝ հիմնականում խոսվում է Հնդկաստանից զենքի գնումների մասին, քանի որ կա նաև այդ երկրի ԶԼՄ-ների ակտիվությունը։ Դա, ըստ նրա, մարքեթինգային քայլ է․
«Հնդկական ընկերություններին այնքան էլ ձեռնտու չէ, որ այդ գործարքները գաղտնի մնան։ Ուզում են ամեն կերպ դա օգտագործել իրենց PR-ի համար, որպեսզի այլ գնորդներ էլ սկսեն հետաքրքրվել, տեսնեն, որ կոնֆլիկտ ունեցող կամ ռիսկային գոտում գտնվող երկիր Հնդկաստանից այս զինատեսակները գնել է, ուրեմն կարելի է հետաքրքրվել»։
Պատահական չի համարում այն, որ օրեր առաջ Երևանում էր Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հարցերով միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջան։ Թեև պաշտոնական Երևանն այցից մանրամասներ չի հայտնել, Ներսիսյանը կարծում է՝ քննարկման առարկա է դարձել հայկական և հնդկական ընկերությունների համատեղ աշխատանքը։ Ասում է՝ Սաթիջան Հնդկաստանի ՊՆ-ում զբաղվում է հենց ռազմարդյունաբերության ոլորտի հարցերով։
Ռազմական փորձագետի փոխանցմամբ՝ ռազմարդյունաբերության ոլորտում Հնդկաստանի հետ համատեղ աշխատանքը ձեռնտու է ՀՀ-ին, քանի որ թույլ կտա՝
- «ավելի շատ արժեք [գումար] պահել երկրի ներսում,
- զարգացնել տեղական արտադրությունները, ընկերությունները,
- ձևավորել մոտ հարաբերություններ հնդկական մեծ ընկերությունների հետ, այնուհետև մտածել համատեղ՝ ոչ հայկական շուկայում աշխատելու մասին»։
Այս ուղություններով աշխատանքը հնարավոր է համարում նաև այլ երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի հետ։ Երևանն ու Փարիզը նույնպես ակտիվորեն համագործակցում են։
«Պատկերացնենք 100 մլն դոլարանոց զենքի պայմանագիր։ Եթե այսօր այդ 100 մլն-ը գնում է ուրիշ պետություն, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ 100-ից գոնե 20-ը մնա Հայաստանում։ Օրինակ՝ հայկական ընկերություն այդ աշխատանքի մի մասն անի և այդ 20 մլն-ը դառնա աշխատավարձեր, հարկեր, հենց ներդրում այդ ընկերության մեջ»,- մանրամասնել է նա։
Ներսիսյանը շեշտում է՝ ներկա պահին հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները նոր-նոր են սկսում ոտքի կանգնել, սակայն զարգացման լայն հնարավորություններ ունեն․
«Այդ [ՀՀ-ի] ընկերություններին ևս 3-5 տարի է պետք, որ իրենք դառնան մի քիչ ավելի հասուն և կարողանան արդեն, օրինակ՝ իրենց եկամտի մեծ մասը ոչ հայկական՝ դրսի շուկայում աշխատել»։
Ասում է՝ նոր շուկաներ դուրս գալը պետք է լինի ՀՀ-ի գլխավոր ռազմավարական ուղղությունը, որքան էլ այն ժամանակատար լինի։ Կարևորը, ըստ փորձագետի, այն է, որ տարիներ անց Հայաստանն ունենա մի քանի ընկերություններ, որոնք «դժվար թե լինեն գերմանական «Ռեյնմետալ»-ի չափ, բայց գոնե կլինեն բելգիական մեծ ընկերությունների չափ»։
Ընդգծում է՝ առանց պետական աջակցության ռազմարդյունաբերության ոլորտը զարգացման շանսեր գրեթե չունի և ոչ միայն ՀՀ-ում։ Վստահ է՝ ոչ ոք չի գնի հայկական արտադրության զենք, եթե այն փորձարկված չլինի հենց Հայաստանում և չլինի ՀՀ Զինված ուժերի մաս։
Փորձագետի գնահատմամբ՝ դրա համար առնվազն 10 տարի ժամանակ է անհրաժեշտ, ուստի պետությունը պետք է ներդրումներ անի այս ոլորտում, ավելի շատ գնումներ անի հենց տեղական ընկերություններից։ Ավելի ուշ պատվիրատու կարող են դառնալ նաև այլ երկրներ։
Լեոնիդ Ներսիսյանը չափազանց կարևոր է համարում այն, որ բանակն ու ռազմարդյունաբերությունը միասին առաջ շարժվեն․
«Հիմա գրեթե բոլոր բանակներում ճգնաժամային պահ է․ ինչ-որ իմաստով չեն հասցնում ռազմարդյունաբերության հետևից, այդ թվում՝ մոտեցումների տեսակետից։ Տարբեր երկրներում սովոր են գնդել թնդանոթ, արկեր կամ այդ տիպի պրոդուկտներ, բայց սովոր չեն աշխատել մթնոլորտում, երբ տեխնոլոգիան կարող է փոխվել ամեն երկու ամիսը մեկ»։
Օրինակ է բերել ծրագրային լուծումներ ունեցող պրոդուկտները։ Նկատել է՝ դրանք պետք է զարգանան, օրինակ՝ 2-3 շաբաթը մեկ նոր ֆունկիցոնալ ավելանա։ Նման պրոդուկտների պարագայում մի քանի տարվա գնումների ցիկլեր ունենալը նպատակահարմար չի համարում։
«Մենք ունենք ճկունության հնարավորություն, այն է՝ պլանավորել ինչ-որ բաներ 5-7 տարով, եթե խոսքը թնդանոթի կամ տանկի մասին է, բայց ոչ ուրիշ պրոդուկտներ՝ ԱԹՍ, ծրագրային պրոդուկտներ, որտեղ խոսքը շաբաթների և ամիսների մասին է»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փորձագետը՝ ՀՀ-ի ռազմարդյունաբերության ոլորտի մասին