«ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ հաբ»․ տնտեսագետը՝ Իրանի շուրջ առկա իրավիճակի մասին
Տնտեսագետը՝ ՀՀ տարանցիկ հաբ դառնալու մասին
Ավելի քան մեկ ամիս Իրանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև Հայաստանի տնտեսության վրա։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով՝ մեծ ծավալի կապիտալ է բերվում երկիր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Թավադյանն ընդգծել է՝ կապիտալի ներհոսք է տեղի ունենում երեք տարբեր ուղղություններից՝ Ռուսաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից, մասնավորապես՝ ԱՄԷ-ից։
Կապիտալի ներհոսքն ինքնին ռիսկային է․ դոլարի քանակական աճն ազդում է հայկական դրամի փոխարժեքի վրա: Կենտրոնական բանկն այժմ փորձում է աշխատանքներ տանել դրամի փոխարժեքի վրա արտարժույթի պահուստների ազդեցության չեզոքացման ուղղությամբ։ Թավադյանի խոսքով՝ կա ռիսկերի կառավարման անհրաժեշտություն, քանի որ դրամը կարող է «կտրուկ արժեզրկվել, ինչպես եղավ 2008 և 2014 թվականներին»։
Սակայն կապիտալի ներհոսքը, ըստ նրա, նաև նոր հնարավորություններ է ստեղծում երկրի տնտեսության համար։
«Հիմնականում կարող է աշխուժություն առաջացնել շինարարության ոլորտում, որը 2025 թ․-ին որոշակիորեն «սառել» էր»,- արձանագրել է նա։
Թավադյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և հետագայում դառնալ «տարանցիկ փոքր հաբ»: Փորձագետն այդ հնարավորությունն իրատեսական է համարում։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Տնտեսության և կենսամակարդակի աճ ՀՀ-ում կա, բայց մի փոքր ուռճացված»․ վերլուծություն
- Վրաստանից ՀՀ եկող գազատարի մի մասը կտեղափոխվի․ ի՞նչ է հայտնի
- Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի ֆոնդը՝ 500 հազար դոլարը կկառավարի պետությունը
Կապիտալի ներհոսք կար նաև նախկինում, ուղղություններն են փոխվել
«Ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից մեծ ծավալի կապիտալ էր մուտք գործել Հայաստան: Ըստ այդմ, 2022 թ․-ին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի գրեթե կեսն ապահովել էին ֆինանսական կամ բանկային հատվածը և ՏՏ ոլորտը։ Դա անմիջականորեն պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով այդ երկրից ՀՀ կապիտալի ներհոսքով և ՏՏ ոլորտի ռելոկանտների ներգաղթով:
Հիմա պատկերը մի փոքր այլ է։ Կապիտալի ներհոսք ունենք ոչ թե մեկ, այլ երեք տարբեր ուղղություններից: Ռուսաստանից ներհոսքը շարունակվում է, սակայն 2022 թ․-ի համեմատ դրա ծավալը նվազել է: Ավելացել է երկու նոր ալիք: Իրանից մեծ քանակությամբ կապիտալի հոսքը սկսվել է դեռևս 2025 թ․-ի սեպտեմբերից՝ այդ երկրից արժույթի դուրսբերման պահից: Դրա զգալի մասը հայտնվել էր ՀՀ-ում, ինչի արդյունքում մեր երկրի տնտեսական աճը կանխատեսվող 5.2 տոկոսից տարեվերջին հասել էր 7.2 տոկոսի:
Կապիտալի որոշակի ծավալ Հայաստան է գալիս նաև Պարսից ծոցի երկրներից, հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղից այն մեծ քանակությամբ ուղղվում է Հոնկոնգ:
Այսինքն, ԱՄԷ-ում մարդիկ էժան գներով վաճառում են իրենց կապիտալը և ակտիվները տեղափոխում են Հոնկոնգ: Դրանց մի մասը հայտնվում է Հայաստանում։
Ավելի հավանական է ոչ թե Իրանում, այլ Դուբայում գործող ընկերությունների մուտքը հայկական շուկա:
ԱՄԷ-ում գործունեություն ծավալող և բնակվող մարդիկ հիմնականում կայացած, հարուստ ձեռներեցներ են, որոնք, սակայն, չեն հասցրել հուզականորեն կապվել այդ բնակավայրին և հանգիստ կարող են վաճառել իրենց կապիտալն ու ունեցվածքը և տեղափոխվել ավելի ապահով երկրներ: Նրանց մի մասը միանգամայն կարող է հայտնվել ՀՀ-ում»։
Հարավային Կովկասը՝ հուսալի օդային կամուրջ
«Միջազգային ավիափոխադրումների կարևորագույն հաբ հանդիսացող Դուբայը ստեղծված իրավիճակում աստիճանաբար զիջում է դիրքերը: Հիմա Պարսից ծոցի երկրների ավիափոխադրողները շաբաթական շուրջ 1 մլրդ դոլար են կորցնում չվերթների չեղարկման պատճառով:
Այս պահին Եվրոպայից Ասիա միակ հուսալի օդային երթուղին անցնում է Հարավային Կովկասով, հիմնականում՝ Վրաստանի և Ադրբեջանի, ավելի քիչ՝ Հայաստանի տարածքով:
Մինչև 2022 թվականը Եվրոպան ու Ասիան կապվում էին հիմնականում Սիբիրի երկնքով անցնող օդային «կամրջով», սակայն Ռուսաստանն արդեն չորս տարի իր օդային տարածքը փակ է պահում եվրոպական ավիափոխադրողների համար:
Վերջիններս ստիպված էին թռիչքներն իրականացնել Միջին Արևելքով, բայց հիմա էլ այս երթուղին է փակվել՝ իր տեղը զիջելով հարավկովկասյանին: Վրաստանի և Ադրբեջանի օդային տարածքով մոտավորապես 50 անգամ ավելացել է օրական չվերթների քանակը»։
Հայաստանը կարող է օգտվել երթուղիների վերաձևումից
Տնտեսագետից հետաքրքրվել են՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի օդային տարածքի պակաս գրավիչ լինելը: Ի պատասխան Թավադյանը նկատել է․
«Նախ, այն պատճառով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ոչ միայն ցամաքային, այլև օդային սահմանի խնդիր ունենք: Բացի այդ, մյուս երթուղին ավելի նպատակահարմար է, քանի որ օդանավերը Սև ծովի վրայով միանգամից մուտք են գործում Վրաստանի օդային տարածք, այնուհետև՝ Ադրբեջանի և Կասպից ծովի վրայով շարունակում թռիչքը դեպի նշանակման վայր:
Որքան քիչ երկրների օդային տարածք է հատում ինքնաթիռը, այնքան տնտեսապես ավելի շահեկան է տվյալ չվերթը: Հայաստանը չի տեղավորվում այս հաշվարկներում:
Ինչևէ, Դուբայն, ամենայն հավանականությամբ, Ստամբուլին է զիջելու տարածաշրջանային կարևորագույն օդային հանգույցի կարգավիճակը:
Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և հետագայում դառնալ տարանցիկ փոքր հաբ: Դրա հնարավորությունը միանգամայն իրատեսական է, դա կարող է նպաստել նաև ՀՀ-ում տուրիզմի զարգացմանը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Տնտեսագետը՝ ՀՀ տարանցիկ հաբ դառնալու մասին