Վրացի քաղաքացիական ակտիվիստին «դավաճան» են հայտարարել օս լրագրողի հետ լուսանկարի համար
ՄԱԿ-ում վրացական երիտասարդության նախկին ներկայացուցիչ Թաթիա Դոլիձեին «դավաճան» են անվանել լուսանկարի պատճառով, որում նա օս լրագրող և իրավապաշտպան Թիմուր Ցխուրբատիի հետ է:
Սկանդալ առաջացրած լուսանկարը Ֆեյսբուքում տեղադրել է ինքը Թաթիա Դոլիձեն: Այն արվել է նախորդ տարի Սերբիայում վրաց-օսական հանդիպումներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական ֆորումի» կողմից:
Ի սկզբանե լուսանկարը Ֆեյսբուքում սկսել են տարածել «Վրացիների երթի» կողմնակիցները (ազգայնականների ելույթը Թբիլիսիում հուլիսի 14-ին, որը Թաթիա Դոլիձեն քննադատել է իր ֆեյսբության գրառման մեջ) որպես կոմպրոմատ:
«Թաթիա Դոլիձեն լուսանկարվել է օս անջատողականի հետ», — գրում էին սոցցանցերում:
Դա Թաթիա Դոլիձեի վրա «երթի» մասնակիցների կողմից առաջին գրոհը չէ. դրանից երկու օր առաջ երթի մի քանի կազմակերպիչ Ֆեյսբուքում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նրան խմբակային բռնաբարությամբ է սպառնացել նրա քննադատական գրառման համար:
«Վրացիների երթի» կազմակերպիչները հուլիսի 14-ին պահանջել են խստացնել Վրաստանում արտասահմանցիների մնալու կանոնները: Սոցցանցերում և հեռուստաելույթներում նրանք հաճախ էին հոմոֆոբ և ռասիստական արտահայտություններ անում իրենց ընդդիմադիրների հասցեին:
Թաթիա Դոլիձեի հասցեին հնարավոր սպառնալիքի փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հուլիսի 17-ին հետաքննություն է սկսել:
Այս անգամ «Վրացիների երթի» ակտիվիստները Դոլիձեի վրա են հարձակվել «կոմպրոմատի» առթիվ:
Թաթիա Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան գրել է, որ Ցխուրբատիի հետ լուսանկարը նա ինքն է հրապարակել:
«Եթե դա ձեզ հետաքրքիր է, պատասխանեմ, որ ես մասնակցում եմ վրաց և օս ժողովուրդների միջև վստահության վերականգնման գործընթացին Team Of Trust նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ զարգացման հիմնադրամի կողմից: Թիմուրն օս է, որն այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունն է ուզում, կռվել է վրացիների դեմ, սակայն այսօր ասում է, որ պատերազմ չի ուզում և ներգրավվել է վստահության վերականգնման գործընթացին: Այսօր նա երիտասարդ օսերի պատվիրակություն է գլխավորում», — գրել է Դոլիձեն:
Այդ փաստի առթիվ կարծիքները վրացական Ֆեյսբուքում կիսվել են. օգտատերերի մի մասը կիսում է «Վրացիների երթի» կազմակերպիչների կարծիքն ու համարում, որ «ամոթ է լուսանկարվել օս անջատողականի հետ», մյուս մասը վրդովված է, որ այդ լուսանկարը կոմպրոմատի է վերածվել.
«Հետաքրքիր է, թե ինչպես ենք մենք պատրաստվում վերականգնել այդքան ցանկալի «տարածքային ամբողջականությունը», եթե օսերի և աբխազների հետ հանդիպումներն ու զրույցները կոմպրոմատ են համարվում», — գրում է օգտատերերից մեկը:
JAMnews-ի նյութերում օգտագործվող եզրերն ու տեղանունները, մտքերն ու գաղափարները միշտ չէ, որ համընկնում են JAMnews-ի և նրա առանձին աշխատակիցների դիրքորշման և դատողությունների հետ:JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում ջնջել հրապարակումների այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորանք, սպառնալիք և բռնության կոչեր կպարունակեն կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: