Վրացի նախկին հատուկջոկատայինը շարունակում է ուկրաինական բանտում մնալ
Կիսվել
Կիսվել
Կիևի վերաքննիչ դատարանը Վրաստանի ՆԳՆ հատուկ ծառայության նախկին փոխգնդապետին նախնական կալանքի տակ է թողել 40 օրով:
Դատական կոլեգիան այդ որոշումը բացատրել է նրանով, որ առաջին ատյանը ժամանակին այդ գործով փաստաթղթերը չի ուղարկել վերաքննիչ դատարան:
Դատարանի շենքում որոշմանը սպասում էին Ծերծվաձեի կինն ու ծառայակիցները, դատարան էին եկել նաև ուկրաինացի զինվորականներ:
Ինչպես Ռուսթավի-2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ծերծվաձի փաստաբան Կսենիա Պրոկոնովան, նա հիասթափված է դատարանի որոշմամբ, քանի որ Ծերծվաձեին կալանքի տակ պահելը վտանգավոր է նրա առողջության համար:
«Այն, որ դատարանը ժամանակին չի ստացել գործի նյութերը, նշանակում է, որ նա կալանքի տակ է մնում: Ցավոք, դա վատ կանդրադառնա նրա առողջության վրա: Այդ ընթացքում նա չի կարող իր ընտանիքի անդամների հետ լինել, չի կարող իր իրավունքները պաշտպանել», — ասել է փաստաբանը:
Այդ գործընթացին ներկա էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա դատարանի որոշումը «խայտառակ» է անվանել:
Գիա Ծերծվաձեի գործը մեկնաբանել են Վրաստանի նախագահի վարչակազմում: Նապագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեի խոսքով, Վրաստանի նախագահն, «առաջին իսկ օրվանից» տեղյակ է իրադարձություններին:
«Երբ անհրաժեշտ լինի, որպեսզի Գերագույն հրամանատարը հայտարարություն անի և իր դիրքորոշումը հայտնի Ծերծվաձեի գործով, այդ դիրքորոշումն անպայման կարտահայտվի», — հայտարարել է Դոլիձեն:
Ծերծվաձեի գործով հաջորդ նիստը կկայանա Կիևի վերաքննիչ դատարանում փետրվարի 3-ին:
Վրաստանի հատուկ ծառայության նախկին փոխգնդապետ Գեորգի Ծերծվաձեն ձերբակալվել է մի քանի օր առաջ Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում Ռուսաստանի պահանջով: Ծերծվաձեին, որն Աբխազիայի և 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի վետերան է, ռուսական իշխանությունները մեղադրում են 2003թ-ին գործած սպանության համար: Սակայն նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել միայն 2016թ-ին: Նրա փաստաբանի և ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել Ծերծվաձեի անձնական տվյալները: