Վրացի լրագրողները համերաշխ են Աֆղան Մուխտարլիի հետ. հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ և ցույց խորհրդարանում
Կիսվել
Կիսվել
Վրացի լրագրողներն ակցիա են անցկացրել խորհրդարանում՝ համերաշխություն հայտնելով Աֆղան Մուխտարլիին: Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նիստին նրանք պոլիէթիլենային տոպրակ են հագցրել իրենց գլխին և փոքր ցուցապաստառներ պարզել «Չի անցնի», «Ազատություն Աֆղան Մուխտարլիին» գրառումներով:
Այդպիսով նրանք պահանջել են պատասխաններ Վրաստանում ադրբեջանցի գործընկերոջ անհետացման կապակցությամբ: Ինչպես հայտարարել է ինքը Մուխտարլին՝ նրան առևանգողները գլխին պարկ են հագցրել և այդ տեսքով տարել դեպի ադրբեջանական սահման:
Ցույցի նման եղանակին վրացի լրագրողները դիմել են այն բանից հետո, երբ կատարվածի հետ կապված մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Սոֆյա Քիլաձեի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախեձեի հետ հանդիպելու իրենց խնդրանքն անպատասխան է մնացել: Սոֆյա Քիլաձեն լրագրողների ակցիայից հետո հայտարարել է, որ չի մերժել հանդիպել, պարզապես երկրում չի եղել:
Այսօր վրացի լրագրողները հանդիպել են նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ: Հանդիպման գլխավոր թեման են եղել Աֆղան Մուխտարլիի հետ կապված իրադարձությունները: Լրագրողները դեսպանին հայտնել են իրենց ադրբեջանցի գործընկերոջն աջակելու կարևորությունը: Յան Քելլին ընդգծել է, որ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանն, աջակցում խոսքի և լրատվամիջոցների ազատությանը Վրաստանում:
Լրագրող Աֆղան Մուխտարլին Վրաստան է եկել Ադրբեջանից 2014թ-ին և կեցության իրավունք ստացել: Տեղափոխվելու պատճառ են հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի դարձած ճնշումները: Նրա մի քանի դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիտարկման փուլում են: Վերջին ժամանակներս նա համագործակցում էր միջազգային լրատվամիջոցների և IWPR և Meydan.tv կազմակեպությունների հետ:
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին անհետացել է Թբիլիսիում 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվել է, որ նա ադրբեջանական իրավապահ մարմինների մոտ է: Մուխտարլիի խոսքով՝ Վրաստանում նա առևանգվել է տեղական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, նրա գլխին պարկ են հագցրել և փոխանցել ադրբեջանական իրավապահներին: Ադրբեջանական դատարանը Մուխտարլիին 3 ամսվա նախնական կալանքի է դատապարտել սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության համար: Մուխտարլիի խոսքով՝ նրա գրպանը 10 հազար եվրո են գցել: