Խմբակային բռնաբարության սպառնալիք պարունակող մեկնաբանությունների առթիվ, որոնք Ֆեյսբուքում արել են «Վրացիների երթի» կազմակերպիչները ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության նախկին ներկայացուցիչ Թաթիա Դոլիձեի հասցեին, ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել:
Փաստը հասարակությունում մեծ արձագանք է առաջացրել: Արդեն երկրորդ օրն է, ինչ Ֆեյսբուքում միայն այդ մասին են գրում, թեման քննարկվում է նաև հայտնի հեռուստահաղորդումներում:
Երթի կազմակերպիչների դժգոհությունն է առաջացրել Թաթիա Դոլիձեի ֆեյսբուքյան գրառումը, որում նա քննադատել է «Վրացիների երթի» գաղափարը:
Երթի կազմակերպիչները նրան հայհոյում էին և սպառնում խմբակային բռնաբարությամբ:
Որոշ ժամանակ անց գրառումը, որի տակ այդ ամենը գրվում էր, ջնջվել է, իսկ կազմակերպիչներից մեկը հայտարարել է, որ իրականում նրանք նման քննարկման չեն մասնակցել և ինչ-որ մեկը ֆեյք-էջեր է ստեղծել:
Սակայն Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով: Մարդուն կյանքից զրկելու, առողջությանը վնաս հասցնելու կամ ունեցվածքը ոչնչացնելու սպառնալիքի համար մեղավորին կարող են պարտավորեցնել տուգանք վճարել, հանրային-օգտակար կամ ուղղիչ աշխատանքներ նշանակել կամ անգամ մինչև 2 տարվա ազատազրկման դատապարտել:Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում դժվարացան պատասխանել այն հարցին, թե որքան հաճախ է 151-րդ հոդվածով գործ հարուցվել: Գերատեսչության 2016թ-ի վիճակագրությունում այդ հանցագործությունը նույնպես արտացոլված չէ:
Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին կոչ է անում ՆԳՆ-ին ժամանակին և արդյունավետ հետաքննություն անցկացնել: Նա կարծում է, որ կանանց հանդեպ ատելության լեզվի օգտագործումը երկրում գենդերային հավասարության հարցերի հետ ապված իրավիճակն էլ ավելի է վատթարացնում:
Հատուկ հայտարարություն է տարածել նաև «Կանանց շարժումը»: Նա լրատվամիջոցներին առաջարկում է բոյկոտ հայտարարել միջադեպի մասնակիցներին, սպասում է նրանց ներողություններին և կատարվածի հանդեպ պաշտոնատար անձանց արձագանքին:
«Սա խայտառակություն է, երբ մարդիկ, որոնք նախօրեին երթ են անցկացրել և խոսել այն մասին, թե ուզում են վրացի կանանց պաշտպանել արտասահմանցիներից, հաջորդ օրը բացահայտ, առանց ամաչելու բռնաբարությամբ են սպառնում», — ասում է շարժման ներկայացուցիչ Բայա Պատարայան:
«Վրացիների երթն» անցկացվել է Թբիլիսիում հուլիսի 14-ին: Երթի ազգայնականորեն տրամադրված կազմակերպիչները պահանջել են խստացնել Վրաստանում արտասահմանցիների գտնվելը: Ֆեյսբուքյան անձնական էջերում «Վրացիների երթի» կազմակերպիչները հաճախ հոմոֆոբ և ռասիստական արտահայտություններ են անում երթի հակառակորդների հասցեին: