Կիրակի՝ փետրվարի 19-ին, Թբիլիսիում ակցիա կայացավ ի աջակցություն ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի: Քաղաքացիներին Խորհրդարանի նախկին շենքի մոտ ցույցի դուրս գալու կոչ են արել հեռուստաալիքի ղեկավարությունն ու լրագրողները. դա կապված է այն բանի հետ, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում Գերագույն դատարանը պետք է իր վճիռը հրապարակի հեռուստաընկերության սեփականատիրոջ վերաբերյալ դատական վեճի մասին: «Ռուսթավի 2»-ն իշխանություններին մեղադրում է դատավորների վրա ճնշում գործադրելու և ընդդիմադիր հեռուստաալիքը յուրացնելու համար:
Այդ կապակցությամբ փետրվարի 17-ի ուշ երեկոյան հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին հայտարարել է, որ այդ որոշումը հեռուստաընկերությունն ընդունել է իր իրավունքների պաշտպանության համար:
«Սա բողոքի ծայրահեղ միջոց է, որին կարող է դիմել հեռուստաընկերությունը: Սակայն մեզ այսօր այլ ելք չեն թողել: Մեր լռությամբ կփորձենք մեր ձայնը հասցնել ձեզնից յուրաքանչյուրին: Այս պահից սկսած՝ «Ռուսթավի 2»-ն անցնում է բողոքի հեռարձակման: Բոլորին կիրակի օրը սպասում ենք Ռուսթավելու փողոցում, որպեսզի միասին պաշտպանենք «Ռուսթավի 2»-ն ու խոսքի ազատությունը», — հայտարարել է Ուդումաշվիլին:
Այժմ «Ռուսթավի 2»-ի եթերում սև ֆոնի վրա «Բողոքում ենք անարդարության դեմ» գրառումն է և ցույցի դուրս գալու կոչ:
«Ռուսթավի-2» գլխավոր ընդդիմադիր հեռուստաընկերության շուրջ ընթացող վեճն արդեն շարունակվում է 2 տարի: Հեռուստաընկերությաննախկին սեփականատեր Քիբար Խալվաշին պահանջում է վերադարձնել այն, քանի որ նա վաճառել է հեռուստաընկերությունը նախկին իշխանությունների ճնշման տակ:
Հունիսին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը հեռուստաընկերությունը Խալվաշիին վերադարձնելու մասին: «Ռուսթավի-2»-ի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը Գերագույն դատարանում: