«CNN-ը սուտ է տարածում». Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանքի» նախագահ Կոբախիձեն մեղադրում է CNN-ին
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը մեղադրել է Վրաստանի դեմ ուղղված սուտ տարածելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանման մասին է։
Կոբախիձեն մեկնաբանել է Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տեղափոխման մասին CNN-ի լրագրող Քրիստիան Ամանպուրի հարցը՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Կոբախիձեի խոսքով՝ «CNN-ը շարքային լրատվամիջոց չէ, և այս փաստը լավ ցույց է տալիս, թե որքան մասշտաբային է Վրաստանի ազգային շահերի դեմ ուղղված համակարգումը։ Ըստ այդմ՝ CNN-ի լրագրողի հնչեցրած կեղծ տեղեկատվությունը անհապաղ արձագանք է պահանջում»։
CNN-ի լրագրող Քրիստիան Ամանպուրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հարցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մասին՝ որպես օրինակ բերելով Վրաստանը. «Դուք արդեն հաստատել եք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ։ Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, և հավանաբար նաև գիտեք, որ արգելված շատ ապրանքներ դեռևս Ռուսաստան են մտնում շրջանցիկ ճանապարհներով, այդ թվում, ըստ վերջին տեղեկությունների, Վրաստանի տարածքով։ Ի՞նչ է պետք անել, որ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն այլևս չկարողանա ստանալ այն, ինչ իրեն պետք է»։
Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու փորձերն անընդունելի են։
«Այո, մենք արդեն հաստատել ենք պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա։ Թեև տեսնում ենք, որ դրանք շրջանցելու փորձեր կան։ Եվ իհարկե չենք կարող դա հանդուրժել։ Պետք է սկսենք կազմել այն մարդկանց ցուցակը, ովքեր ապրանքներ են գնում ԵՄ-ից և բերում Ռուսաստան, թեև պատժամիջոցների տասներորդ փաթեթի նպատակը լինելու է այդ բացերը լրացնելը, շրջանցիկ երթուղիները փակելն ու պատժամիջոցների տակ գտնվողների ցանկում ներառելը նրանց, ովքեր օգնում են շրջանցել այդ պատժամիջոցները։ Տասներորդ փաթեթը վերաբերում է հենց դրան»,- ասել է ֆոն դեր Լեյենը:
Կոբախիձեի խոսքով՝ երբ ազդեցիկ լրատվամիջոցն «այս մասշտաբի սուտ է տարածում»՝ ուղղված վրացական պետության դեմ, դա առանձին խնդիր է։ Նրա գնահատմամբ՝ ավելի լուրջ խնդիր է այն, որ այդ նույն սուտը տարածում են նաև վրացական արմատական ընդդիմությունն ու նրան պատկանող լրատվամիջոցները։ Կոբախիձեն կարծում է, որ այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ մարդկանց համար Վրաստանի ազգային շահերը ոչ մի նշանակություն չունեն, և փաստացի նրանք ծառայում են ոչ թե Վրաստանին, այլ նրա դեմ թշնամաբար տրամադրված ուժի։
«Վրացական երազանքի» ղեկավարի խոսքով՝ սուտը տարածել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և դա չափազանց ցավալի է։
Կոբախիձեն ասում է՝ եթե Վրաստանը արտահաներ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, ապա 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանումը պետք է անհամաչափ աճեր։
- Լավրովը գովաբանել է Վրաստանի կառավարությանը «Արևմուտքի ճնշմանը դիմադրելու համար»
- Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն այլևս անձնագրի կարիք չունեն սահմանը հատելու համար
Նրա խոսքով՝ 2021 թվականի համեմատ 2022 թվականին վրացական արտահանման ընդհանուր աճը կազմել է 33 տոկոս, մինչդեռ նույն ժամանակահատվածում դեպի Ռուսաստան արտահանումն աճել է ընդամենը յոթ տոկոսով։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Վրաստանից Չինաստան արտահանումն աճել է 20 տոկոսով, Ադրբեջան՝ 27 տոկոսով, Թուրքիա՝ 35 տոկոսով, Բուլղարիա՝ 67 տոկոսով, ԱՄՆ՝ 36 տոկոսով, Հայաստան՝ 129 տոկոսով, իսկ Ղազախստան՝ 148 տոկոսով։
«2022 թվականին Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ոչ միայն չի աճել, այլև զգալիորեն նվազել է, ինչն անսխալ կերպով հերքում է CNN-ի լրագրողի տարածած տեղեկությունը»,- բացատրում է Կոբախիձեն։
Նրա դիտարկմամբ՝ մինչ Վրաստանը քննադատվում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններ պահպանելու համար, ԵՄ երկրները Ռուսաստանին օրական հարյուր միլիոնավոր եվրո են վճարում ապրանքներ ներմուծելու համար։
Կոբախիձեն տվյալներ է մեջբերել։ 2022 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիայում Ռուսաստանից ներմուծումն աճել է 33 տոկոսով, Լեհաստանում՝ 24 տոկոսով, Իտալիայում՝ 100 տոկոսով, Ֆրանսիայում՝ 84 տոկոսով, Նիդեռլանդներում՝ 51 տոկոսով, Բելգիայում՝ 78 տոկոսով, Հունգարիայում՝ 132 տոկոսով, Հունաստանում՝ 142 տոկոսով, Իսպանիայում՝ 51 տոկոսով, Ավստրիայում՝ 139 տոկոսով, Խորվաթիայում՝ 68 տոկոսով, Կիպրոսում՝ 138 տոկոսով, իսկ Լյուքսեմբուրգում՝ 262 տոկոսով։
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցում նշել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո պատժամիջոցների խախտման վտանգի պատճառով Վրաստանի մաքսային ծառայությունը կասեցրել է հազարից ավելի գործողություններ։
Խուցիշվիլիի պնդմամբ՝ դադարեցված գործողությունները ներառել են բեռներ, որոնք շարժվելիս են եղել ԵՄ-Ռուսաստան և Ռուսաստան-ԵՄ երթուղիներով։
«Կատարման գործընթացը շատ խիստ է վերահսկվում։ Կարող եմ ասել, որ ոչ միայն տարածաշրջանում, այլև ԵՄ շատ երկրներում չի կարող իրականացվել բեռների այնպիսի վերահսկողություն, ինչպիսին արվում է Վրաստանում։ Այս ուղղությամբ չեն կարող առաջանալ հարցեր այն մասին, թե Վրաստանը պատշաճ կերպով չի հետևում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»,- ասել է ֆինանսների նախարարը։
- «Քաղաքական կամք չկա»։ Արդյո՞ք Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Մոսկվա. «Կողմ ենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան հարաբերություններ կառուցեն Վրաստանի հետ»
Հունվարի 15-ին The New York Times-ը հրապարակել է Իվան Նեչեպուրենկոյի հոդվածը Ռուսաստան ներմուծվող ապրանքների մասին։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականը գրում է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ Եվրոպան խզեց առևտրային կապերը օկուպանտ երկրի հետ՝ սահմանելով,պատժամիջոցներ, Ռուսաստանը շուտով գտավ այլընտրանքային առևտրային ուղիներ։ Հեղինակն ընդգծում է, որ ամեն օր Վրաստանում՝ Ռուսաստանի հետ սահմանին բեռնատարների հերթեր են գոյանում։
Ինչպես պարզաբանում է հեղինակը, Վրաստանը դարձել է հարմար լոգիստիկ խողովակ Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև։ Բացի այդ, լրագրողն ասում է, որ ապրանքների գնումը Վրաստանի և հարևան երկրների (Հայաստան և Ադրբեջան) միջոցով Ռուսաստանին օգնել է դիմակայել այն տնտեսական փոթորիկին, որն առաջացել էր Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցների հետևանքով։
Հոդվածում նշվում է նաև, որ Վրաստանն ունի ամենաարագ ցամաքային ճանապարհը դեպի Թուրքիա, որը Ռուսաստանի համար դարձել է Արևմուտք տանող հիմնական առևտրային ուղիներից մեկը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման օրվանից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը Ռուսաստանի 45 349 քաղաքացիներ նոր հաշիվներ են բացել Վրաստանի առևտրային բանկերում։ Ինչպես պարզաբանել են կազմակերպությունում, նման քանակի հաշիվների բացումը վկայում է այն մասին, որ դա Ռուսաստանի քաղաքացիների միգրացիա է, այլ ոչ թե զուտ զբոսաշրջային ուղևորություն դեպի Վրաստան։
«Վրացական երազանքի» նախագահ Կոբախիձեն մեղադրում է CNN-ին