Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 21-ին նշանակված ընտրությունների քարոզարշավն Ամիրան Գիորգաձեն սկսել է սեպտեմբերին: Իշխող «Վրացական երազանքը» նրան պաշտոնապես առաջադրել է որպես Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու: Գիորգաձեն զարդարել է Մառնեուլին հսկայական պաստառներով: Դրանց վրա կուսակցական խորհրդանիշների ֆոնին 41 համարի ներքո ժպտում էր նա ինքը: Սեպտեմբերի 18-ին նրա նախընտրական պլաններն անսպասելիորեն փոխվեցին:
«Մառնեուլի» ռադիոյի եթերից Գիորգաձեն իմացավ, որ արդեն Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու չէ իշխող կուսակցությունից, և նրա փոխարեն կուսակցությունն այդ պաշտոնին է առաջադրել Թեյմուրազ Աբազովին:
Սակայն Գիորգաձեն ունի համախոհներ: «Վրացական երազանքի» որոշումը Մառնեուլիի կենտրոնում դուրս էր եկել բողոքարկելու 300 մարդ: Նրանք «Վրացական երազանքի» առաջնորդներից պաշտոնական բացատրություններ էին պահանջում: Սակայն կուսակցության առաջին դեմքերից ոչ ոք Մառնեուլիում չհայտնվեց: Այդ ժամանակ ակցիայի մասնակիցները՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի գամգեոբայի և սակրեբուլոյի (գործադիր և օրենսդիր ճյուղեր) անդամներն ու շարքային քաղաքացիներն ուղևորվեցին դեպի Թբիլիսի՝ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակ:
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ակցիան անցկացվում էր բազմաթիվ պարեկային և ոստիկանական մեքենաների «ուղեկցությամբ»: Այդ ընթացքում գրասենյակում փակ հանդիպում կայացավ: 3 ժամ տևած քննարկումներից հետո հանդիպման մասնակիցների մեծ մասը ձեռնպահ մնաց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալուց: Միայն խորհրդարանական մեծամասնության ռաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնի համար «Վրացական երազանքից» կպայքարի Թեյմուրազ Աբազովն, իսկ նախկին թեկնածու Ամիրան Գիորգաձեն կներառվի սակրեբուլոյի թեկնածուների կուսակցական ցուցակում առաջին համարի ներքո:
Ամիրան Գիորգաձեն խուսափում է լրագրողներին հանդիպելուց:
Ինչո՞ւ է իշխող կուսակցությունը փոխել Մառնեուլիի իր թեկնածուին: Այդ հարցին հստակ պատասխան չունեն նաև իշխող թիմի անդամները: «Վրացական երազանքի» շտաբում միայն ասում են, որ համաձայն են կուսակցական առաջնորդների որոշման հետ: Նույնը «Գուրիա նյուս» գործակալությանն ասել է Ամիրան Գիորգաձեն. «Չգիտեմ, ես իրոք ոչինչ չգիտեմ… Ինձ համար բավական է, որ դա կուսակցության որոշումն է»:
Թեյմուրազ Աբազովին, որը փոխարինել է Ամիրան Գիորգաձեին, Մառնեուլիում չեն ճանաչում: Բնակչությունը նրա մասին միայն ասում է, որ նա տեղացի չէ: Եվ «Վրացական երազանքը» տեղեկատվություն չի տարածում Մառնեուլիի քաղաքապետի իր նոր թեկնածուի մասին:
Ըստ տարբեր տվյալների՝ Թեյմուրազ Աբազովը գտնվում է Բաքվում: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա աշխատել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը որպես կցորդ, սակայն այսօր նա չի աշխատում ուժային կառույցներում:
Մառնեուլիի կենտրոնում և շրջանի գյուղերում մինչև հիմա փակցված են Ամիրան Գիորգաձեի նախընտրական պաստառները: Թեկնածուն երկու շաբաթ առաջ պաշտոնապես սկսել էր իր նախընտրական արշավն ու հասցրել երեք հանդիպում անցկացնել բնակչության հետ: Սակայն Ֆեյսբուքում «Ամիրան Գիորգաձեն՝ Մառնեուլիի քաղաքապետ /Amiran Giorgadze» պաշտոնական էջն այլևս չկա: