«Վրացական երազանքն» առցանց անկախ ԶԼՄ-ներին սպառնում է քրեական հետապնդմամբ
«Վրացական երազանքը» ճնշում է առցանց ԶԼՄ-ներին
«Վրացական երազանք» կուսակցության խոսնակ Շալվա Պապուաշվիլին բացահայտ հարձակում է գործել Վրաստանում գործող առցանց անկախ լրատվամիջոցների վրա և նրանց սպառնացել քրեական հետապնդմամբ։ Նրա հարձակումներին նախորդել էր իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի պատրաստած քարոզչական տեսանյութը, որտեղ ասվում է, թե առցանց լրատվամիջոցները գործում են երկրի շահերի դեմ և դրա համար հսկայական գումարներ են ստանում։
- Վրաստանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել լրագրող Մզիա Ամաղլոբելիի դատավճիռը
- Transparency International. վերջին 6 տարիներին Վրաստանում գրանցվել է էլիտար կոռուպցիայի 271 դեպք
Նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ առցանց լրատվամիջոցները ֆինանսավորում փնտրելիս շրջանցում են օրենքը, ինչը քրեական հանցագործություն է։ Նա նաև նշել է, որ «իրավապահ մարմինները հետևում են այս գործընթացներին, խախտումներ հայտնաբերելու դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ»։
Առանց որևէ ապացույց ունենալու Պապուաշվիլին առցանց լրատվամիջոցներին մեղադրել է «տարբեր խարդախ սխեմաներով գումարներ ստանալու» մեջ.
«Ինչ վերաբերում է տարբեր սխեմաներին, սա վրացական օրենսդրությունը շրջանցելու փորձ է։ Նրանք ստիպված են գումար ստանալ Էստոնիայում, այն ճամպրուկներով այստեղ բերել, փոխանցել տարբեր երկրների միջոցով՝ կրիպտոարժույթով… Նրանք դիմում են քրեական հանցագործությունների, այդ թվում՝ հարկերից խուսափելու և այլ տեսակի խախտումների»։
Պապուաշվիլին նաև հայտարարել է, որ «ամեն ինչ վերահսկողության տակ է».
«Կոմպետենտ անձինք հետևում են այս գործընթացներին: Այնտեղ, որտեղ նրանք կտեսնեն հանցագործության նշաններ, կլինի համապատասխան արձագանք: Կա օրենսդրություն, և բոլորը՝ և՛ Բրյուսելը, և՛ Ստոկհոլմը, պետք է հարգեն Վրաստանի անկախությունը, կանխեն կրիպտոարժույթի միջոցով գումարի փոխանցումը»:
Նա նաև նշել է, որ առցանց լրատվամիջոցները ոչնչով չեն տարբերվում ՀԿ-ներից, և նրանց լրագրողները պարզապես «միկրոֆոններով ակտիվիստներ» են:
«Իմեդի»-ի քարոզչական նյութն ու առցանց ԶԼՄ-ների վարկաբեկումը
Պապուաշվիլիի ելույթը փաստացի բառ առ բառ կրկնում է իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի՝ ճեպազրույցից երկու օր առաջ պատրաստած տեսանյութի թեզերը: Նոյեմբերի 23-ին հեռուստաալիքը հեռարձակել էր «Օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանց» վերնագրով տեսանյութ, որում առցանց անկախ լրատվամիջոցները մեղադրվում էին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
Շեշտվում էր, որ առցանց լրատվամիջոցներում աշխատող լրագրողների զգալի մասը լրագրողներ չեն, այլ, այսպես կոչված, «ազգային հետախուզության աշխատակիցներ», որոնք գործում են կոնկրետ հրահանգների համաձայն։ Առանց որևէ ապացույց ներկայացնելու առցանց ԶԼՄ-ները մեղադրվում էին «երկրի շահերի դեմ համակարգված գործողություններ իրականացնելու մեջ»: Տեսանյութում որևէ ապացույց, փաստ կամ փաստաթուղթ ներառված չէր։
Ռեպորտաժի հիմնական թեման 22 առցանց պարբերականների համատեղ արշավն էր՝ «Լույսը չպետք է մարի»։ Լրատվամիջոցները այս արշավը սկսեցին օգոստոսին՝ այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» բռնաճնշող օրենքները փակեցին դոնորներից ֆինանսավորում ստանալու բոլոր ուղիները։
Օգոստոսի 13-ին այս ԶԼՄ-ների կայքերը ժամանակավորապես փակվեցին։ Մեկ ժամ այցելուներին ցուցադրվում էր սև ֆոն։ Պարբերականները հետագայում բացատրեցին, որ դա նախազգուշացնող ազդանշան էր․ այդ կերպ իրենց ընթերցողներին տեղեկացնում էին, որ եթե լրատվամիջոցները անհետանան, «լույսը» իսկապես կմարի։ Արշավի շրջանակներում ԶԼՄ-ները ստեղծեցին կայք, որտեղ նրանց աջակցել ցանկացող յուրաքանչյուր ոք կարող է նվիրատվություն կատարել։
«Իմեդիի» ռեպորտաժում այս արշավը ներկայացվեց որպես հակապետական ստորգետնյա ցանց, որը, իբր, ստացել է մի քանի միլիոն։
Նյութի հեղինակները լրատվամիջոցներին մեղադրեցին համակարգված հակապետական գործողությունների մեջ պարզապես այն պատճառով, որ այդ պարբերականները լուսաբանում են երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և քննադատական հարցեր հնչեցնում։ Օրինակ՝ Eagle Hills նախագիծը, որը «Վրացական երազանքը» որակել է որպես «աննախադեպ արաբական ներդրում», և հայտարարված կրթական բարեփոխումը։
Արշավին մասնակցող 22 լրատվամիջոցներից բացի հոդվածում հիշատակվել են նաև այլ առցանց պարբերականներ, այդ թվում՝ JAMnews-ը։
Անկախ լրատվամիջոցների արձագանքը «Իմեդի» հեռուստաընկերությանը
Արշավին մասնակցող լրատվամիջոցները համատեղ հայտարարությամբ արձագանքել են «Իմեդի»-ին։
Նրանք բողոք են ներկայացրել հեռուստաալիքի դեմ ԶԼՄ-ների ինքնակարգավորվող մարմին՝ պահանջելով հերքում տարածել և տալ ուղիղ եթերի հնարավորություն՝ զրպարտությանն արձագանքելու համար։
«Վրաստանի քաղաքական միջավայրը երբեք հանդուրժող չի եղել ազատ և պրոֆեսիոնալ չափանիշները պաշտպանող լրագրողների նկատմամբ, բայց այն, ինչ վերջերս անում են «Վրացական երազանքն» ու նրա հետ փոխկապակցված քարոզչամեքենան, գերազանցում է բոլոր իրավական և էթիկական սահմանները»,- ասված է հայտարարության մեջ։
Արշավին մասնակցող պարբերականները պնդում են, որ «Իմեդին» թիրախավորում է այն լրատվամիջոցներին, որոնց պրոֆեսիոնալիզմը, բարձր հուսալիությունն ու հեղինակությունը երբեք կասկածի տակ չեն դրվել՝ փլուզելով նրանց հորինված լուրերի և ստերի հոսքի տակ։
Լրատվամիջոցները բացատրել են, որ արշավի շրջանակում՝ հանրային աջակցության շնորհիվ երեք ամսվա ընթացքում ստացել են ընդհանուր առմամբ 100,000 լարի նվիրատվություն։ Նրանք նշել են, որ այդ միջոցները հնարավորություն են տվել պահպանել իրենց գրասենյակներն ու վճարել կայքերի գործունեության համար անհրաժեշտ վճարները։
Հայտարարության մեջ նշվում է, որ անկախ ԶԼՄ-ների դեմ կառավարության կողմից իրականացվող արշավի հիմնական նպատակը դրանց գործունեությանը խոչընդոտելն է.
«Իշխանություններին մտահոգում են հասարակությանը հուզող թեմաների, օրինակ՝ Eagle Hills նախագծի և բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ բարձրացված հարցերը։ Նրանք ցանկանում են, որ լրատվամիջոցները դադարեն լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ շարունակվող բողոքի ցույցերը, քաղաքական ճգնաժամը, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալները, մարդու իրավունքների խախտումները, հրատապ սոցիալական խնդիրները և այլն: Հենց այդ պատճառով են փորձում վարկաբեկել անկախ պարբերականներն ու ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնարին կդարձնեն մեր գոյությունը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Վրացական երազանքը» ճնշում է առցանց ԶԼՄ-ներին