Վրաստան: Մոտ 11 հազար շրջանավարտ է կտրվել ավարտական քննություններից
Կիսվել
Կիսվել
2016-2017 ուսումնական տարում 12-րդ դասարանի մինչև 11 հազար աշակերտ չի կարողացել հաղթահարել 5,5 բալ նվազագույն քննական մակարդակը: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:
Քննություններն անցկացվում էին մայիսի 21-24-ը 1500 դպրոցներում, դրանց մասնակցել է ավելի քան 47 հազար աշակերտ: Նրանց մոտ 20%-ը չի կարողացել հանձնել քննությունները:
Ազգային քննական կենտրոնում հայտարարել են, որ նախորդ տարվա արդյունքներն էլ էին մոտավորապես այսպիսին: Նախորդ տարվա անհաջողակների մի մասը քննությունները հիմա էր հանձնում, և նրանց մի մասը չի կարողացել հաղթահարել շեմը նաև այս տարի: Նրանք ստիպված էին հանձնել նաև 11-րդ դասարանի քննական առարկաները:
12-րդ դասարանում քննություններն անցկացվել են հետևյալ առարկաներից՝ վրացերեն լեզու և գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա և քիմիա: Նախարար Ջեջելավայի խոսքով՝ առավել դժվար են աշակերտներին տրվում տեխնիկական առարկաները:
«Տեխնիկական առարկաները նրանց համար հումանիտար առարկաներից դժվար են: Պարբերաբար բողոքներ են լինում, որ քննությունների էությունը չի համապատասխանում ուսումնական ծրագրին: Դա այդպես չէ: Հաճախ ենթադրվում է, որ աշակերտը նախկինում, հնարավոր է, չի հանդիպել այս կամ այն օրինակին: Համակարգչով ադապտացված քննությունը ենթադրում է, որ աշակերտը պետք է օգտագործի ստացած գիտելիքները, այլ ոչ թե ստանդարտ խնդիրներ լուծի», — ընդգծել է Ջեջելավան լրագրողների հետ հանդիպմանը:
Ալեքսանդր Ջեջելավան քննությունների արդյունքները վատ չի համարում: Որպես օրինակ նա հաղորդեց, որ Գերմանիայում, օրինակ, 12 տարվա կրթության ատեստատ է ստանում աշակերտների մոտ 30 %-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է մոտ 80%:
Նախարարը քննությունը չհանձնած աշակերտներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել արհեստների վրա և ընդունվել մասնագիտական ուսումնարաններ:
«Դա նրանց համար լավ հնարավորություն է կարճ ժամկետներում դուրս գալ աշխատաշուկա և ապրել՝ ունենալով արժանի մասնագիտություն», — հայտարարել է Ջեջելավան:
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ավարտական քննություններ մտցնել դպրոցներում 2010թ-ին: Թեստերի մշակումը, վարչական և ծրագրային կողմերն ապահովում է Ազգային քննական կենտրոնը: 2013թ-ից ավարտական քննություններն ընթանում են երկու փուլով՝ 11-րդ և 12-րդ դասարաններում: 11-րդ դասարանի աշակերտներն ուսումնական տարվա ավարտին քննություններ են հանձնում այն առարկաներից, որոնց ուսումնասիրման կուրսն ավարտվում է (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն): Մնացած 4 առարկաներից թեստավորումը (մաթեմատիկա, վրացերեն լեզու և գրականություն, օտար լեզու, պատմություն) անցկացվում է դպրոցն ավարտելուց հետո: 11-րդ դասարանի քննությունները կսկսվեն հունիսի 19-ին: