Վրաստանից ՀՀ եկող գազատարի մի մասը կտեղափոխվի․ ի՞նչ է հայտնի
Վրաստան-ՀՀ գազատարի մի մասի տեղափոխում
Վաղ առավոտից մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Վրաստանից ՀՀ եկող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը տեղափոխվելու է։ Վրացական ենթակառուցվածքների միջոցով է ՀՀ-ն Ռուսաստանից գազ ստանում, ուստի այս գազատարը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։
Sputnik-ի վրացական ծառայության փոխանցմամբ՝ գազատարի մի հատվածի տեղափոխությունն արվելու է հայկական կողմի խնդրանքով, «համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն»։
JAMnews-ը պարզել է, որ գազատարի մի մասի տեղափոխման շուրջ իսկապես կան քննարկումներ, սակայն Վրաստանի էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները ՀՀ-ից որևէ դիմում դեռ չեն ստացել։
Պաշտոնական Երևանն այս մասին տեղեկություններ դեռևս չի հրապարակել։ Հայ քաղաքագետները JAMnews-ի հետ զրույցում չեն բացառել, որ որոշումը կարող է կապված լինել ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, քանի որ գազատարի նշված հատվածն անցնում է Վրաստան-ՀՀ-Ադրբեջան սահմանային հատվածով։
- ՌԴ մտադրությունները Հարավային Կովկասում․ ի՞նչ սպասել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո
- Վրաստանը շրջադարձի մեջ. ինչպե՞ս հետխորհրդային ժողովրդավարացման առաջամարտիկը վերածվեց ռուսամետ երկրի
- «ՌԴ-ն փորձում է խեղդել Հայաստանի տնտեսությունը Վրաստանի ձեռքերով»․ կարծիք
«Հնարավոր չէ պահպանել անվտանգությունն ու իրականացնել վերանորոգում»
Sputnik-ի վրացական ծառայության փոխանցմամբ՝ խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։
Որպես որոշման հիմնավորում մատնանշվում է այն հանգամանքը, որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և դեռևս 90-ականներից ականապատված է։
«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ` եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»,- հայտնել է ծառայությունը։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս պահին առկա տեղեկատվությունը բավարար չէ որոշումը մեկնաբանելու համար։
«Բարդ է ասել՝ ինչով է որոշումը պայմանավորված։ Այս որոշման իրականացումը ծախսեր է պահանջում։ Այդ ծախսերը որքանով են հիմնավորված, դրա մասին մեզ հավելյալ տեղեկություններ պետք է տրվեն, որ մենք էլ հասկանանք՝ ինչի համար հարկատուների փողերից այդ ծախսերը պետք է արվեն և արդյոք պետք է արվեն»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Ասում է՝ որոշումը կարող է կապված լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ,
«Ականապատման խնդիրներ կարող են լինել, այսինքն՝ ականազերծման աշխատանքներն անվտանգ անցկացնելու համար գուցե և, այո, աշխարհագրությունը փոխելու անհրաժեշտություն առաջանա»։
Ինքը՝ Մեհրաբյանը, մամուլից է տեղեկացել գազատարի մի հատվածի հնարավոր տեղափոխության մասին։ Անհրաժեշետ է համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով տեղեկացնի հանրությունը։
Քաղաքագետից հետաքրքրվել ենք՝ հաստատված խաղաղության պայմաններում նման որոշմամբ ի՞նչ վտանգներ է փորձում կանխել հայկական կողմը։
«Մենք հասկանում ենք, որ փաստացի խաղաղությունը, որը հաստատվել է Ադրբեջանի հետ, ունի հավելյալ ապահովագրման և, այսպես ասենք, որոշակի տնային աշխատանքի կարիք։ Եվ դրա համար սահմանով մեկ ամրաշինական աշխատանքներ են ընթանում, սպառազինություն է համալրվում և այլն։ Այդ ամենը քայլեր են ուղղված նրան, որ տարբեր ֆոսմաժորներից մեր երկիրը լինի հնարավորինս ապահովագրված։ Գուցե այս դիտարկումները, դատողությունները ևս կան նման որոշման հիմքում»,- արձագանքել է Մեհրաբյանը։
Մյուս կողմից չի բացառել, որ գազատարի մի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է «հավելյալ ռիսկեր» ստեղծել ՀՀ էներգետիկ անվտանգության համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանում ընթացող պատերազմի ֆոնին «օբյեկտիվորեն մեծանալու» է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի վրա տնտեսական ճնշումը։
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ գազատարի մի հատվածի փոփոխության պատճառը, ամենայն հավանականությամբ, սպասվող սահմանազատման աշխատանքներն են։ Ասում է՝ ականազերծման դեպքում ենթակառուցվածքը կարող էր վնասվել։ Սակայն չի բացառում, որ կարող են լինել նաև այլ պատճառներ։
«Պապաքար լեռից, որ ՀՀ ամենահյուսիսային կետն է, որտեղ հատվում են 3 երկրների սահմանները, գազատարը անցնում է սահմանին կից և սահմանին զուգահեռ իջնում մինչև Բերդավան գյուղ, հետո Վերին Ոսկեպար անկլավի սահմանով, հետո արդեն սահմանից հեռանում և շարունակվում ՀՀ տարածքում»,- JAMnews-ի հետ զրույցում մանրամասնել է նա։
Մելիքսեթյանի խոսքով՝ գազատարը գոյություն ունի ԽՍՀՄ տարիներից, երբ երկրների միջև սահմանները վարչական էին։ Պետական սահմանների դեպքում փոփոխություններ կատարելը ճիշտ է համարում։
Քաղաքագետը նկատում է՝ գազատարը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, որոշ հատվածներում ընդամենը մի քանի հարյուր մետր։ Ըստ նրա՝ 2014-15 թթ․-ին, երբ հայկական կողմը դրա տարածքում վերանորոգման աշխատանքներ էր անում, իրավիճակն էլ սահմանին լարված էր, ադրբեջանական ԶԼՄ-ներում խոսում էին հարվածելու հնարավորության մասին։
Նրա համոզմամբ՝ խաղաղության պայմաններում հարվածելու ռիսկ չկա, սակայն ցանկալի է, որ ենթակառուցվածքը չլինի սահմանային գոտում, առանձին դեպքում կարիք չլինի որևէ բան «հատուկ համաձայնեցնելու» (ադրբեջանական կողմի հետ):
Քաղաքագետն անհրաժեշտ է համարում, որ գազատարի հատվածի փոփոխությունը տարածվի նաև գազատարի՝ Վերին Ոսկեպարի անկլավով անցնող հատվածի վրա։
«Տարբեր խոսակցություններ կային, որ քանի որ գազատարն է անցնում այդ տարածքով, ունենք խնդիրներ, և եթե անկլավների հետ կապված հարցերն անբարենպաստ լուծվեն, դա խնդիր է դառնալու։ Գազատարը հենց անկլավի սահմանով էր անցնում ԽՍՀՄ տարիներին։ Հիմա, եթե փոփոխությունը լինի, նաև այս հարցում քաղաքական սպեկուլյացիաները կավարտվեն»,- ընդգծել է նա։
Համատեքստ․ ի՞նչ կապ կարող է լինել սահմանազատման հետ
Դեռևւս մեկ տարի առաջ՝ 2025 թ․-ի հունվարին` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ, կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ։
Հաղորդվել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հյուսիսից հարավ` մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ»։
«Թրամփի ուղու» շուրջ օգոստոսյան պայմանավորվածություններից հետո, սակայն, կառավարության ներկայացուցիչները հնարավոր էին համարել, որ Կովկասի 3 երկրների հատման կետի փոխարեն սահմանազատման աշխատանքները կշարունակվեն հարավում՝ Սյունիքի մարզում։
«Հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք»,- հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վրաստան-ՀՀ գազատարի մի մասի տեղափոխում