Վրաստան է գալիս «Գազպրոմ մեդիան»
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ապրիլի 10-ին հրապարակել է 2017թ-ի հաշվետվությունը, որում ասվում է, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար ակտիվորեն օգտագործում են «հիբրիդային պատերազմի» տարրեր և պրոպագանդիստական ուղղվածության լրատվամիջոցներ:
Դրանից երկու օր անց հայտնի է դարձել, որ Վրաստանի հեռուստատեսային շուկա է պլանավորում մտնել «Գազպրոմ մեդիա» ռուսական պետական կորպորացիայի «ՆՏՎ+» դուստր ընկերությունը:
Իսկ նախքան այդ, հասարակությունն իմացել է այն մասին, որ Վրաստանի կառավարությունը 1մլն 100 հազար դոլար է վճարել հակավրացական պրոպագանդայով հայտնի «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքին գովազդային զբոսաշրջային հոլովակի ցուցադրման համար:
Այդ փաստերն այն բանի վկայությունն են, որ Վրաստանի կառավարությունը չի զգում ռուսական «փափուկ ուժի» վտանգն ու այդ վտանգի դեմ պայքարի գործողությունների հստակ պլան չունի, կարծում են վրացի փորձագետները:
Այն մասին, որ վրացական հեռուստատեսային շուկա է մտնում «Գազպրոմ մեդիայի» «ՆՏՎ+» դուստր ընկերությունը, հաղորդել է ինքը՝ ընկերությունն, իր կայքում: Ռուսական ընկերությունը վրացական սպառողներին երկու փաթեթ է առաջարկում. առաջինում 50 արբանյակային ալիք կա՝ ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային, երկրորդում՝ ավելի քան 90:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ Վրաստանում «ՆՏՎ+»-ն իր անվան համար օգտագործելու է նույն գրությունը՝ լատիներեն տառատեսակով, և հանդես է գալու NTV-PLUS անվամբ: Տեխնիկական օգնության գծով դրա գործընկերը Վրաստանում կլինի «Մեդիախումբ» Ltd. ընկերությունը:
«ՆՏՎ+»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Դյոմինը չի թաքցնում, որ վրացական շուկա մտնելու նպատակը ոչ միայն բիզնեսն է.
«Աշխարհագրական էքսպանսիան մեր ռազմավարական առաջնահերթություններից է: Վրաստանն իրոք հեռանկարային շուկա է: Վրաստանում հեռարձակվելը մեզ համար միայն բիզնես չէ: Դա մեզ համար նաև սոցիալական առաքելություն է»:
Վրացի փորձագետները թեև համարում են, որ «ՆՏՎ+»-ը չի ամրանա վրացական շուկայում (բնակչության մեծ մասն օգտվում է մալուխային կամ առցանց հեռուստատեսությունից, իսկ շրջաններում շատերն արբանյակային ալեհավաքներ ունեն), ռուսական մեդիաընկերության մուտքը Վրաստան անընդունելի են անվանում:
«ՆՏՎ+»-ը ռուսական իշխանությունների պրոպագանդիստական միջոցն է, և դրա ակտիվացումը Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին վտանգավոր քայլ է: Վրաստանի իշխանությունները պետք է անեն անհրաժեշտ ամեն ինչ և թույլ չտան, որ Ռուսաստանը մեզ մոտ հեռուստահեռարձակում իրականացնի», – ասում է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն:
«Միջազգային թափանցիկություն — Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության մեդիանախագծերի մենեջեր Մամուկա Անդգուլաձեն կարծում է, որ «ՆՏՎ+»-ի մուտքը Վրաստան կապված է ոչ այնքան բիզնես շահերի, որքան Ռուսաստանի մեսիջները տարածելու հետ:
«Մեդիակազմակերպությունը պետք է բիզնես կողմնորոշում ունենա, ֆինանսապես անկախ լինի, էթիկական չափանիշներ պահպանի: Իսկ «ՆՏՎ+»-ի թիկունքում պետությունն է, և բազմաթիվ հետազոտություններ են հաստատել, որ այդ ընկերությունը «հիբրիդային պատերազմների» գործիքներից մեկն է, որոնք վարում է Ռուսաստանը», — ասում է Անդգուլաձեն:
Նա, ի տարբերություն վրացական հասարակության մի մասի, չի կարծում, որ Վրաստանում արժե արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, նա կարծում է, որ պետությունն այդ հարցում պետք է ավելի զգուշավոր քաղաքականություն վարի:
«Ռուսական պրոպագանդայի դեմ չի կարելի պայքարել հենց ռուսական մեթոդներով: Դա վտանգավոր է բազմակարծության և ժողովրդավարության համար և հակաարդյունավետ է: Եթե ինչ-որ մեկն ուզում է ռուսական հաղորդումներ նայել, ապա ամեն դեպքում դրանք դիտելու միջոց կգտնի: Ժամանակակից տեխնոլոգիաներն անսահմանափակ հնարավորություններ են տալիս»:
Անդգուլաձեն կարծում է, որ ռուսական «հիբրիդային պատերազմին» վրացական իշխանությունները պետք է հակադրեն տեղեկատվական անվտանգության իմաստալից, լավ պլանավորված ռազմավարություն. ուժեղացնել արևմտյան արժեքների պրոպագանդան, ռուսական պրոպագանդայի հակապրոպագանդա մտցնել: Իսկ ռուսական ալիքների հեռարձակումն արգելելն, ըստ նրա, արդարացված կլինի, եթե նրանք սկսեն պատերազմի հետ կապված գաղափարներ պրոպագանդել.
«Օրինակ, Բալթիայի երկրները մի քանի ամսով դադարեցրել են ռուսական ալիքների հեռարձակումը ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, քանի որ բացահայտ ռազմական պրոպագանդա էր գնում», – ասում է Անդգուլաձեն:
Վրաստանում ռուսական ալիքները հասանելի են նաև այսօր մալուխային կամ արբանյակային հեռարձակման միջոցով: Վրացական շուկա «ՆՏՎ+»-ի մուտքի կապակցությամբ առաջացած իրարանցման պատճառով դրա վրացական գործընկեր «Մեդիախումբ» Ltd ընկերությունը հայտարարություն է տարածել, որում տարակուսանք է հայտնել այն առթիվ, որ իրադարձությունը քաղաքական տեսանկյունից է ներկայացվում, ինչն անընդունելի է: «Մեդիախմբի» գլխավոր տնօրեն Դավիթ Նակաշիձեի խոսքով՝ «ՆՏՎ+»-ը շատ հայտնի բրենդ է, որը որակյալ հեռուստատեսային արտադրանք է տալիս:
«Այսօր վրացական շուկայում ռուսական ալիքների և օրինական ռուսալեզու կոնտենտի պահանջարկ կա: Վստահ եմ, որ «ՆՏՎ+»-ի առաջարկները կհետաքրքրեն Վրաստանում ապրող բաժանորդներին», — ասել է նա:
Սակայն վրացի ակտիվիստները www.manifest.ge կայքում արդեն ստորագրահավաք են սկսել ռուսական պրոպագանդիստական ալիքի մուտքի դեմ:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այս պահին ձեռնպահ է մնում մեկնաբանություններից և կոչ անում ընդդիմադիրներին չշտապել հապճեպ հայտարարություններ անել և սպասել հաղորդակցային կարգավորումների հանձնաժողովի որոշմանը: Հենց այն պետք է նախանշի պայմանները, որոնց դեպքում Վրաստան կարող է մուտք գործել ռուսական մեդիաընկերությունը:
Ռուսական փափուկ ուժը՝ ՊԱԾ հաշվետվությունում
Ապրիլի 10–ին Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հրապարակել է 2017թ-ի հաշվետվությունը, որում ասվում է, որ արտասահմանյան հատուկ ծառայություններն իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար ակտիվորեն օգտագործում են «հիբրիդային պատերազմն» ու պրոպագանդիստական մեդիամիջոցները:
Վրաստանի ՊԱԾ հաշվետվությունում ասվում է նաև, որ արտասահմանյան հատուկ ծառայությունների գլխավոր նպատակը վրացական հասարակությունում հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացումն է, միջազգային հարթակում Վրաստանի՝ որպես անվստահելի գործընկերոջ կերպարի ստեղծումը, վրացական հասարակությունում անվստահության, անհուսության, նիհիլիզմի մթնոլորտի ստեղծումն, ազգային և կրոնական հողի վրա ապակայունացումը, վրացական հասարակության բևեռացումը: Այդ նպատակներին հասնելու համար արտասահմանյան հատուկ ծառայություններն ակտիվորեն «հիբրիդային պատերազմ» են մղում՝ փորձելով ուժեղացնել և ընդլայնել իրենց քաղաքական ազդեցության ենթակառուցվածքը: Հաշվետվությունում ընդգծվում է, որ իդենտիֆիկացվել են այն անձինք, որոնք կանգնած են պրոպագանդիստական գաղափարների ետևում, որոնք սպառնում են Վրաստանի պետական անվտանգությանը, նրա տարածքային ամբողջականությանը, սակայն նրանց անունները չեն նշվում: