Եվրոպական 27 երկրների դեսպանատներ արձագանքել են «Վրացական երազանքի» մեղադրանքներին
Վրաստանում 27 երկրների դեսպանատների հայտարարությունը
Վրաստանում 27 եվրոպական երկրների դեսպանատներ համատեղ հայտարարություն են տարածել, որով արձագանքել են երկրում դիվանագիտական առաքելությունների դերի և գործունեության վերաբերյալ վրացական իշխանությունների մեղադրանքներին։ Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ մեղադրանքները «խաթարում են դիվանագիտական առաքելությունների՝ իրենց պարտականությունները կատարելու կարողությունը»:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները բազմիցս Եվրամիության երկրների և այլ գործընկեր պետությունների դեսպաններին մեղադրել են Վրաստանում բռնությանն ու ծայրահեղականությանն աջակցելու մեջ: Օրինակ՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին մեղադրել է «Վրացական երազանքի» թբիլիսյան շտաբի վրա հարձակված «տիտուշկիներին» աջակցելու մեջ։
Պապուաշվիլին նաև հայտարարել է, որ դեսպանի մասնակցությունը նախընտրական քարոզարշավին ու բռնությանն աջակցելուն խախտում է Վիեննայի կոնվենցիան:
Համատեղ հայտարարության մեջ 27 դեսպանատների ներկայացուցիչներն ընդգծել են, որ դիվանագետների հանդիպումները ինչպես կառավարության անդամների, այնպես էլ ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ լիովին համապատասխանում են Վիեննայի կոնվենցիային:
Դեսպանատների հայտարարությունը
«Հայտարարություն Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Կիպրոսի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև Եվրամիության առաքելության անունից՝
Մենք վճռականորեն մերժում ենք անհիմն և վտանգավոր մեղադրանքները Վրաստանում որոշ դիվանագիտական առաքելությունների բացասական դերի և գործունեության մասին: Նմանատիպ ապատեղեկատվությունը մոլորության մեջ է գցում հանրությանը և խաթարում է դիվանագիտական առաքելությունների՝ իրենց պարտականությունները կատարելու կարողությունը։
Դիվանագետների համար հանդիպումները մարդկանց լայն շրջանակի՝ կառավարության ներկայացուցիչների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների հետ դիվանագիտական աշխատանքի սովորական մասն են և լիովին համապատասխանում են Վիեննայի կոնվենցիային:
Մենք չենք աջակցում որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության, և մեր՝ բռնությանն ու ծայրահեղականությանն աջակցելու մասին [Վրաստանի իշխանությունների] հայտարարությունները պարզապես չեն համապատասխանում իրականությանը:
Ավելին, մենք կոչ ենք անում բոլոր դերակատարներին մերժել և դատապարտել բռնության ցանկացած ձև: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական առաջնորդներին խուսափել թշնամանք հրահրող հռետորաբանությունից և իրենց ջանքերը կենտրոնացնել լարվածության թուլացման վրա»:
Հայտարարությունը ստորագրած երկրների մասին
Ստորագրած երկրների ցանկում են և ԵՄ անդամ են | Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Կիպրոս, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա |
Ցանկում չեն, բայց ԵՄ անդամ են | Հունգարիա, Մալթա, Սլովակիա |
Ցանկում են, բայց ԵՄ անդամ չեն | Նորվեգիա (ԵԷԿ, Շենգեն, բայց ԵՄ անդամ չէ), Մեծ Բրիտանիա (ԵՄ-ից դուրս եկավ 2020 թվականին) |
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում 27 երկրների դեսպանատների հայտարարությունը