«Վրաստանում բողոքի ցույցերը ցրելու համար 2024 թ․-ին քիմիական զենք է կիրառվել»․ կարծիք
Վրաստանում քիմիական զենքի կիրառման մասին կարծիք
Բրիտանական BBC լրատվամիջոցին տված հարցազրույցում Ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր Գիորգի Ռուխաձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարության կողմից 2024 թվականին բողոքի ցույցերը ցրելու համար քիմիական զենքի հնարավոր օգտագործումը կդառնա միջազգային հետաքննության առարկա, և եթե դա ապացուցվի, պատասխանատու պաշտոնյաները կենթարկվեն անմիջական պատասխանատվության։
Ռուխաձեի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ էր «թունավորել բոլորին ինքն իրեն փրկելու համար»։
Դեկտեմբերի 1-ին BBC-ն հրապարակեց հետաքննություն, որում, ըստ պարբերականի հավաքագրած ապացույցների, պնդվում էր, որ 2024 թվականի նոյեմբերին Վրաստանի իշխանությունները հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել են կամիտ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական զենք։
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին «Իմեդի» հեռուստաալիքին ասել է, որ հիշատակվող նյութը ձեռք է բերվել նախորդ կառավարության օրոք՝ 2009-2010 թվականներին, և օգտագործվել է մինչև 2012 թվականը, երբ իշխանության եկավ «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ներքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Գելա Գելաձեն հերքում է Գոմելաուրիի հայտարարությունը` պնդելով, որ անձամբ ուսումնասիրել է բոլոր գնումների փաստաթղթերը և «անձնական պատասխանատվությամբ» հայտարարում է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը երբեք չի գնել նման նյութ։
Գիորգի Ռուխաձե
«Երբ ջինը դուրս է գալիս շշից, այն այլևս հնարավոր չէ հետ վերադարձնել։ Իհարկե, մենք բոլորս կասկածում էինք, որ շատ վատ բան է կատարվում, քանի որ ես անձամբ մտածում էի, թե ինչու [նոյեմբերյան բողոքի ցույցերից հետո] երկար ժամանակ չեմ կարողանում նորմալ քնել, ինչու եմ գլխացավեր ունենում… Իսկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում և շրջակայքում մեկ շաբաթ շարունակ սուր հոտ էր պահպանվում։
Ի՞նչ նյութ է իրականում օգտագործվել, քիմիակա՞ն զենք է եղել, թե՞՝ ոչ, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել. այս հարցերը պետք է դառնան միջազգային հետաքննության առարկա։ Բայց մի բան պարզ է՝ այս ռեժիմը պատրաստ էր թունավորել բոլորին, ոչ միայն ցուցարարներին, այլև բոլորին՝ տարածքում ապրող ուսանողներին, իր կողմնակիցներին, իր հակառակորդներին… պարզապես իրեն փրկելու համար։
Իսկ «Վրացական երազանքի»՝ ВВС-ին ստախոս ներկայացնելու փորձերը պարզապես ծիծաղելի են։
Եթե ես [վարչապետ] Իրակլի Կոբախիձեի փոխարեն լինեի, բռունցքներս չէի թափահարի. պարզապես կհրապարակեի բողոքի ակցիայի ժամանակ ջրցան մեքենաների կողմից օգտագործված նյութի բաղադրությունը։ Եթե օրենքը չի խախտվել, ի՞նչ կա թաքցնելու։
Սա կդառնա միջազգային հետաքննության առարկա, և եթե տեղեկությունը հաստատվի, մենք գործ կունենանք սեփական ժողովրդի դեմ արգելված քիմիական զենքի կիրառման հետ, և Վախթանգ Գոմելաուրին կկրի անմիջական պատասխանատվություն։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ հատուկ գործողությունների ժամանակ քիմիական կամ այլ միջոցներ կիրառելու որոշումը կայացնում է Ներքին գործերի նախարարը կամ նրա տեղակալը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում քիմիական զենքի կիրառման մասին կարծիք