Վրաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը սրընթաց վատթարանում է․ ԵԽ
Վրաստանում մամուլի ազատության մասին զեկույց
2025 թվականին Վրաստանում լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի տարեկան զեկույցի համաձայն՝ մամուլի ազատության խախտումների մասին հաղորդումների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 78%-ով։
Զեկույցի հեղինակները մատնանշում են ինստիտուցիոնալ բռնաճնշումները, իրավապահ մարմինների քաղաքականացումը և պետական ԶԼՄ-ների նկատմամբ քաղաքական վերահսկողությունը և հավելում, որ դրանք ցույց են տալիս երկրի մեդիա տիրույթում տիրող դժվարին իրավիճակը։
Լրագրողների նկատմամբ ճնշումների աղմկահարույց դեպքեր
- Netgazeti և Batumelebi անկախ լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամագլոբելին 2025 թվականի օգոստոսին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ նախնական կալանքից և քաղաքականացված դատավարություններից հետո։ Նրա լրատվամիջոցներին սպառնում էին տնտեսական բռնաճնշումներով և հեղինակազրկմամբ։
- Mediachecker-ի լրագրող Նինիա Կակաբաձեն նոյեմբերին ձերբակալվեց եվրոպամետ բողոքի ցույցերը լուսաբանելու համար։ Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև Publica-ի լրագրող Մամուկա Մգալոբլիշվիլիի հետ։
Բռնաճնշող օրենքներ
- 2025 թ․-ի ապրիլի 1-ին «Վրացական երազանք» կուսակցության անդամներից բաղկացած խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նոր տարբերակը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը», որը նախատեսում է մինչև 25,000 լարի տուգանք և մինչև 5 տարվա ազատազրկում։
- 2025 թվականի հունիսի 12-ին խորհրդարանն ընդունեց «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այն սահմանում է, որ օտարերկրյա դոնորները դրամաշնորհներ տրամադրելուց առաջ պետք է նախապես ստանան գործադիր իշխանության համաձայնությունը։
- «Հեռարձակման մասին» օրենքում 2025 թվականի հունիսին ուժի մեջ մտած փոփոխություններն ընդլայնում են ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող մարմնի՝ Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովի (GNCC) լիազորությունները՝ կարգավորելու փաստերի ճշգրտությունը, օբյեկտիվությունը և գաղտնիությունը, որոնք նախկինում վերահսկվում էին ինքնակարգավորման միջոցով։ Փոփոխությունների համաձայն՝ GNCC-ն իրավունք ունի նոր կանոնների խախտման համար կիրառել տուգանքներ հեռարձակողի տարեկան եկամտի մինչև 3%-ի չափով կամ նրան զրկել լիցենզիայից։
Լրատվամիջոցների հանդեպ պետական վերահսկողություն
- Վրացական հանրային հեռարձակողը ցուցաբերում է քաղաքական կողմնակալություն և տարածում է հակաեվրոպական հռետորաբանություն։
- Մի քանի լրագրողներ ազատվել են աշխատանքից կամ նրանց ծրագրերը չեղարկվել են ղեկավարության միջամտության պատճառով։
Սահմանափակումներ օտարերկրյա լրագրողների համար
Վրաստանը մերժում է օտարերկրյա լրագրողների մուտքը, այդ թվում՝
- բրիտանացի ազատ լրագրող Ուիլ Նիլի,
- ֆրանսիացի ֆոտոլրագրող Ժերոմ Շոուբուի,
- իտալացի լրագրող Ջակոմո Ֆերարեի,
- շվեյցարացի ֆոտոլրագրող Գրեգոր Զոմմերի։
Լրագրողները բարձրաձայնում են նաև այն մասին, որ նրանց տուգանել են, սարքավորումներն առգրավվել են և այլ ձևերով սահմանափակվել են նրանց աշխատանքը, սակայն անկախ պարբերականները շարունակում են գործել։
Համատեքստ
Վրաստանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները տեղի են ունենում քաղաքական բևեռացման պայմաններում, պետական մարմինները իրավական և վարչական լծակներ են օգտագործում անկախ լրագրողների դեմ: Միջազգային կազմակերպությունները և արևմտյան երկրները անընդհատ մտահոգություն են հայտնում, սակայն արդյունավետ ճնշման բացակայության պատճառով Վրաստանի մեդիա ոլորտի կայունությունը վտանգված է:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում մամուլի ազատության մասին զեկույց