Օրերս՝ հուլիսի 6-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է հայտնի գործարար Գիորգի Ռամիշվիլին։ Նա Վրաստանի հեռահաղորդակցական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Silknet-ի սեփականատերն է։ ՆԳՆ-ն հայտնել է, որ ձերբակալությունը կատարվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով հարուցված վարույթի շրջանակներում, հոդվածը վերաբերում է հրազենի ապօրինի կրմանը։
Գործարարի ընտանիք. «Նա պատահաբար է հրազենը դրել ձեռքի ուղեբեռում»
«Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման տերմինալում ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ Գ. Ռ.-ից առգրավել են հրազեն, դրա փամփշտակալն ու փամփուշտները։ Պարզվել է, որ նշված հրազենը գրանցված է նրա անունով, բայց նա զենքի կրման իրավունք չունի»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ձերբակալված գործարարի ընտանիքը հայտարարել է. «Այս դեպքին քաղաքական համատեքստ տալու կարիք չկա։ Սա պարզապես անփութություն է․ Գիորգի Ռամիշվիլին պատահաբար է հրազենը դրել ձեռքի ուղեբեռում»։
Ո՞վ է Գիորգի Ռամիշվիլին
Գիորգի Ռամիշվիլին «Silk Road Group» ընկերության հիմնադիրն է։ Նա նաև «Euronews Georgia» ընկերությանը պատկանող «Silknet»-ի վերահսկող խորհրդի նախագահն է։
Ռամիշվիլիի անունը կապվում է նախորդ կառավարության (Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանի) տարբեր բիզնես նախագծերի հետ, որոնց ամենահայտնիներն են «Trump Tower»-ի կառուցումն ու Աջարիայում՝ Սև ծովի ափին 16 հյուրանոցների կառուցումը։
2014 թվականին, երբ Վրաստանում իշխանության ղեկին արդեն ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն էր, Գիորգի Ռամիշվիլին Միխեիլ Կավելաշվիլիի [«Վրացական երազանք»-ի կողմից ընտրված նախագահ] հետ միասին հիմնադրեց Վրաստանի զինված ուժերի բարեկամների ընկերությունը:
Ռամիշվիլիի անունը մամուլում էր հայտնվել նաև 2018 թվականին՝ այն ժամանակվա սպորտի նախարար Լևան Կիպիանիի և նախկին դատախազ Օթար Փարցխալաձեի միջև սկանդալից հետո։ Այդ ժամանակ բազմաթիվ աղբյուրներ պնդում էին, որ նրանց հաշտեցրել է հենց Գիորգի Ռամիշվիլին, ով Փարցխալաձեի խաչեղբայրն է։
Ռամիշվիլին նախկինում արդեն ձերբակալվել է հրազենի ապօրինի կրման համար։ Այդ դեպքը 2005 թվականին էր՝ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարման շրջանում։ Այն ժամանակ նա արագ ազատ էր արձակվել։ Ավելի ուշ՝ 2012 թվականին Ռամիշվիլին Սաակաշվիլիի կուսակցությանը նվիրաբերել էր 120 հազար լարի (մոտ 30 հազար դոլար)։ 2012 թ․-ը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների տարի էր, հենց այդ տարի իշխանության ղեկն անցավ «Վրացական երազանք»-ին։