Ռուսաստանի պահանջով Վրաստանում ձերբակալվել է ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Տիմոֆեևը։ Նա դատապարտվել է երեք ամսվա նախնական կալանքի, չնայած Ինտերպոլը դեռևս 2025 թվականին չեղյալ է հայտարարել նրա ձերբակալման օրդերը։
«Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ Կրեմլի քննադատ Տիմոֆեևը կարող է արտահանձնվել Ռուսաստան։
60-ամյա Տիմոֆեևը Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի օգնականն ու քաղաքական համախոհն է։ Ֆուրգալը ՌԴ-ում դատապարտված է 22 տարվա ազատազրկման, դեռևս 2020-2021 թվականներին այդ որոշումը Խաբարովսկում զանգվածային բողոքի ցույցերի էր հանգեցրել։
2023 թ.-ին Ռուսաստանի իշխանությունները հեռակա կարգով ձերբակալել են Տիմոֆեևին՝ 2004 թ.-ին գործարար Եվգենի Զորիի սպանության հետաքննության շրջանակներում։ Ռուսաստանի կառավարամետ լրատվամիջոցները նրան անվանում են «քրեական հեղինակություն»։
Տիմոֆեևը Վրաստան է ժամանել 2024 թվականի մարտին և ապաստան է խնդրել Ռուսաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվելու պատճառաբանությամբ: Սակայն Վրաստանը մերժել է նրան ապաստանի տրամադրումը։
Նա Վրաստանում որևէ հանցանքի մեջ չի մեղադրվում, կալանավորվել է բացառապես հնարավոր արտահանձնման նախապատրաստման նպատակով:
«Դոժդ»-ը հաղորդում է, որ Տիմոֆեևը ձերբակալվել է հունվարի 23-ին՝ Վրաստանի Դատախազության պահանջով, գերատեսչությունն իր հերթին հղում է արել Ինտերպոլի Մոսկվայի բյուրոյի նամակին: Սա այն պարագայում, երբ Ինտերպոլի գլխավոր ասամբլեան Տիմոֆեևի նկատմամբ հայտարարված «կարմիր ծանուցումը» (Red Notice) չեղյալ է հայտարարել դեռևս 2025 թ.-ի սեպտեմբերին։
Տիմոֆեևի փաստաբանները նրա կալանավորումը համարում են լուրջ իրավական խախտում:
Ըստ նրա փաստաբանների՝ Տիմոֆեևի առողջական վիճակը ծանր է և պահանջում է մշտական բժշկական հսկողություն և համապատասխան խնամք, առանց որի նրա կյանքին իրական վտանգ կսպառնա։
Այս գործը հերթական անգամ հարցեր է բարձրացնում Վրաստանում քաղաքական հետապնդումներից փախչող անձանց իրավունքների պաշտպանության և այն մասին, թե որքանով են Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։