«Վրացական երազանք»-ը մտադիր է պատժել քաղաքացիներին, ովքեր համացանցում վիրավորում են իրեն
Վրաստանում կպատժվեն պաշտոնյաներին առցանց վիրավորողները
Կարծես թե «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը մտադիր է վերացնել պաշտոնատար անձանց ուղղված անձնական և համացանցային վիրավորանքների միջև եղած սահմանագիծն ու պատժել քաղաքացիներին ոչ միայն «իրական կյանքում», այլև ինտերնետում ասվածի համար։
Թվային տարածքում գրված մեկնաբանության համար անձը կարող է տուգանվել 1500-4000 լարիով [550-1470 դոլար] կամ դատապարտվել վարչական կալանքի՝ մինչև 45 օր ժամկետով։
2025 թվականի փետրվարին Վրաստանի միակուսակցական խորհրդարանը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ընդունեց օրինագիծ՝ քրեականացնելով քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց և ոստիկանության աշխատակիցների հասցեին ուղղված վիրավորանքները, հայհոյանքները կամ «նմանատիպ արտահայտությունները»:
Մայիսի 30-ին այդ օրենքը գործնականում կիրառվեց․ պատգամավոր Մարիամ Լաշխիի բողոքի հիման վրա դատարանը ակտիվիստ Թաթիա Ապրիամաշվիլիին և ուսանող Լիկա Լորթկիպանիձեկին դատապարտեց 12-օրյա վարչական կալանքի, իսկ ակտիվիստ Մագդա Մամուկաշվիլիին տուգանեց 4000 լարիով:
Իսկ հունիսի 6-ին պարզ դարձավ, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը Ներքին գործերի նախարարություն է ներկայացնում բողոքներ համացանցում իր հասցեին արված հրապարակումների հետ կապված։
Բողոք ներկայացնելու նախաձեռնությանը նախորդել էր խորհրդարանի փոխնախագահ Նինո Ցիլոսանիի գրառումը, ըստ որի՝ «Մեծ Բրիտանիայում սոցցանցային գրառումների համար ամեն ամիս ավելի քան հազար մարդ է ձերբակալվում»:
Իրավաբանի մեկնաբանությունը
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Կուրդովանիձեն «Տաբուլա» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ նման միտումն իրենից մեծ վտանգ է ներկայացնում և ենթադրում է խոսքի ազատության սահմանափակումներ:
Կուրդովանիձեն համոզված է, որ եթե սոցցանցերում արտահայտած քննադատական կարծիքները չեն ներկայացնում ուղղակի սպառնալիք շրջապատի համար, չեն պարունակում սպառնալիքներ և բռնության կոչ չեն անում, ապա կարծիք արտահայտելու իրավունքին միջամելն ու նմանատիպ սահմանափակումներ կիրառելն «անթույլատրելի է և չպետք է տեղի ունենա»:

Նոնա Կուրդովանիձե
«Օրենքում ուղղակիորեն նշված չէ, որ այն վերաբերում է նաև սոցցանցերին: Մի կողմից այդ հարթակներում առհասարակ արգելված են վիրավորանքները ցանկացած մեկի հասցեին:
Բայց անհրաժեշտ է կոնկրետացնել, թե ինչպիսի բառակապակցություններ կամ արտահայտություններ են համարվում վիրավորանք:
Մյուս կողմից սոցցանցերի նկատմամբ նման սահմանափակումների կիրառումը վտանգավոր միտում է, քանի որ ենթադրում է կարծիք արտահայտելու ազատության սահմանափակում, ինչը կարող է ունենալ զսպող ազդեցություն։ Արդյունքում մարդիկ կարող ենք խուսափել քննադատական կարծիքներ փոխանակելուց:
Չափորոշիչը պետք է լինի այնպիսին, որ եթե սոցցանցերում արտահայտած քննադատական կարծիքը չի պարունակում ուղղակի վտանգ այլ անձի համար, չի պարունակում սպառնալիքներ, բռնության կոչ չի անում, ապա այդ դեպքում կարծիք արտահայտելու իրավունքին միջամտելն ու նմանատիպ սահմանափակումներ կիրառելն անթույլատրելի է և չպետք է տեղի ունենա:
Արդեն եղել են նախադեպեր, երբ ֆիզիկական անձանց մեղադրել են օրենքի խախտման մեջ սոցցանցում իրենց արտահայտած կարծիքի համար, սակայն մեկ այլ՝ մանր խուլիգանությանը վերաբերող 166-րդ հոդվածով, որի համաձայն՝ սոցցանցը դիտարկվում է որպես հանրային վայր:
Բայց այս նոր հոդվածը՝ 173-րդը, տարածվում է քաղաքական՝ պաշտոնատար անձանց և պետական ծառայողների վրա, այսինքն՝ պաշտպանության սուբյեկտը այս դեպքում այլ է, կոնկրետ մարդիկ են, պատասխանատվությունն էլ սահմանված է առանձին:
Ըստ երևույթին, «Վրացական երազանք»-ը մտադիր է նոր բողոքները ներկայացնել հենց այս հոդվածով: Նրանք դա արել են նաև նախկինում, բայց այդ ժամանակ խոսքը «դեմ առ դեմ» արված արտահայտությունների մասին էր, իսկ հիմա՝ առցանց»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանում կպատժվեն պաշտոնյաներին առցանց վիրավորողները