Վրաստանի իշխող ուժը ՍԴ կներկայացնի ընդդիմադիր կուսակցությունների արգելքի հայց
Վրաստանն արգելելու է ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հնչեցրել է այն կուսակցությունների անունները, որոնց արգելումը Սահմանադրական դատարանում առաջարկելու է իշխող կուսակցությունը: «Վրացական երազանքը» կպահանջի հակասահմանադրական ճանաչել երեք ընդդիմադիր ուժերի՝ «Միասնություն-Ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Հզոր Վրաստան-Լելո» կուսակցությունների գործունեությունը։
Պապուաշվիլիի խոսքով՝ վերոնշյալ քաղաքական միավորումները, ըստ էության, «կոալիցիոն միավորում են, որը գործում է ընդհանուր ձգտումներով և սպառնալիք է ներկայացնում երկրի սահմանադրական կարգի համար»։
Հայցի բովանդակությունը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր արբանյակ կուսակցությունների հետ միասին ավարտել է Սահմանադրական դատարան ներկայացվելիք հայցի վրա աշխատանքը։ Դրանով առաջարկվում է օրենսդրական փոփոխություններ մտցնել՝ արգելելու համար տասը ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։
«Վրացական երազանք»-ի նոր օրենսդրական փաթեթի համաձայն՝ արգելված կուսակցության անդամներին կամ նրանց հետ կապված անձանց առհասարակ կարգելվի մասնակցել քաղաքական գործընթացներին։
Հայցը հիմնված է 2003-2012 թվականներին «Միացյալ ազգային շարժման» կառավարության գործունեությունը հետաքննելու համար ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունների վրա։
«Մեր համատեղ սահմանադրական հայցի պահանջն է, որ հակասահմանադրական ճանաչվեն և արգելվեն հետևյալ երեք քաղաքական ուժերը, որոնք ստեղծել են կոալիցիոն միասնություն և մեկ մարմին, գործել են ընդհանուր ձգտումներով և շարունակում են գործել այդ կերպ մինչ օրս», — հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։
Իշխող կուսակցությունը ցանկանում է արգելել հետևյալ 3 կուսակցությունների գործունեությունը՝
- «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքացիական քաղաքական միավորում,
- «Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքացիական քաղաքական միավորում,
- «Հզոր Վրաստան-Լելո» քաղաքացիական քաղաքական միավորում։
Պապուաշվիլիի դիտարկմամբ՝ այս կուսակցությունների հետ սերտորեն կապված են նաև քաղաքական այլ կազմավորումներ, այդ թվում՝
- «Էլենե Խոշտարիա- Դրոա»,
- «Գիրչի- Ավելի շատ ազատություն»,
- «Այո Եվրոպային- Աղմաշենեբելիի ռազմավարություն»,
- «Եվրոպական Վրաստան- Շարժում հանուն ազատության»,
- «Ֆեդերալիստներ»,
- «Վրաստանի Հանրապետական կուսակցություն»։
Պապուաշվիլին հայտարարել է, որ չնայած այս կուսակցությունները պաշտոնապես գրանցված են որպես անկախ, փաստացի դրանք գործում են «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության շրջանակներում։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ այս փուլում դրանց գործունեությունն արգելելու անհրաժեշտություն չկա, քանի որ չունեն ո՛չ կազմակերպված կառուցվածք, ո՛չ էլ ընտրական շեմը հաղթահարելու իրական հնարավորություն և, հետևաբար, որևէ սպառնալիք չեն ներկայացնում Վրաստանի սահմանադրական կարգի համար։
«Դրանց հակասահմանադրականության հարցը կարող է բարձրացվել ավելի ուշ, եթե զգալի ազդեցություն ձեռք բերեն քաղաքական գործընթացների վրա»,- հավելել է խորհրդարանի խոսնակը։
Ի՞նչ հիմքով է կազմվել հայցադիմումը
Պապուաշվիլիի խոսքով՝ սահմանադրական հայցը պատրաստելիս «Վրացական երազանքը» առաջնորդվել է երկու հիմնական չափանիշներով՝
- որքանո՞վ են համոզիչ տվյալ կուսակցության հակասահմանադրականության իրավական հիմնավորումները.
- որքանո՞վ է տվյալ կուսակցությունը իրական սպառնալիք ներկայացնում սահմանադրական կարգի համար՝ հաշվի առնելով դրա չափը, կառուցվածքը և քաղաքական ազդեցությունը։
«Միջազգային փորձի համաձայն՝ քաղաքական կուսակցության գործունեությունն արգելելու համար անհրաժեշտ է ոչ միայն հակասահմանադրական գաղափարների և գործողությունների առկայություն, այլև կուսակցության ռեսուրսներ՝ իրական սպառնալիք ներկայացնելու համար։ Հետևաբար, արգելքի ենթակա կուսակցությունները որոշելիս մենք կհիմնվենք այս երկու սկզբունքների վրա»,- մեկնաբանել է խորհրդարանի խոսնակը։
Ինչո՞ւ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը չի ներառվել հայցում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարել է 4 կուսակցություն։ «Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան հայց չի ներկայացնի միայն դրանցից մեկի՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության դեմ։
Պապուաշվիլիի պարզաբանմամբ՝ հայցը չի վերաբերում այս կուսակցությանը, քանի որ այս դեպքում արգելքի հիմնական իրավական հիմքը ընտրությունների սաբոտաժն է, իսկ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը միակն է, որ վերցրել է իր մանդատներն ու վերսկսել խորհրդարանական գործունեությունը։
Այդ կուսակցությունը իր խորհրդարանական գործունեությունը մեկնարկել է խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց՝ 2025 թ․-ի հոկտեմբերի 28-ին։
«Վրացական երազանք»-ի իշխանության գալուց ի վեր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության գործունեությունն արգելելու պահանջը իշխող ուժի ներկայացուցիչների հռետորաբանության մշտական մասն է եղել։
Կուսակցության արգելքի մասին առաջին հայտարարությունը հնչել է կուսակցության հիմնադիր և Վրաստանի փաստացի կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի ելույթում՝ 2024 թվականի ապրիլին, խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ։
Հոկտեմբերի 16-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է մի շարք օրենքներ, որոնք Սահմանադրական դատարանին լրացուցիչ հիմքեր են տալիս կուսակցությունների գործունեությունն արգելելու համար։ Մասնավորապես՝ դատարանն այժմ կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն նույնական է արդեն իսկ արգելված կուսակցությանը՝ հայտարարած նպատակներով, գործունեությամբ և կազմով։ Կուսակցության գործունեությունը կարող է ի սկզբանե արգելվել, եթե այն սպառնում է սահմանադրական կարգին, անկախությանը կամ քարոզում է բռնություն։
Նոր փոփոխությունների համաձայն՝ դատարանը պարտավոր է կուսակցության գործունեությունը արգելելու մասին որոշում կայացնել հայց ներկայացնելուց ոչ ուշ, քան 9 ամիս անց, ընտրությունների ժամանակահատվածում՝ 14 օրվա ընթացքում։
Վրաստանն արգելելու է ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը