Վրաստանի վարչապետը Աֆղան Մուխտարլիի ընտանիքին Վրաստանի քաղաքացիություն է առաջարկել: Մուխտարլիի կինը հրաժարվում է
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմել է երկրի նախագահին Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու միջնորդությամբ: Սակայն Լեյլա Մուստաֆաևան՝ Մուխտարլիի կինը, հրաժարվել է այդ հնարավորությունից:
Մուստաֆաևայի խոսքով, նա կեցության իրավունք է խնդրել Վրաստանից, սակայն մերժում է ստացել: Իսկ քաղաքացիության փոփոխությունն իր համար կտրականապես անընդունելի է:
«Դա նշանակում է, որ ես պետք է հրաժարվեմ իմ երկրի քաղաքացիությունից, իսկ ես դա չեմ ուզում: Մեկ տարի առաջ ես կեցության իրավունք եմ խնդրել, և այն ժամանակ ինձ մերժել են՝ ասելով, որ ես վտանգավոր գործերով եմ զբաղվում: Ի՞նչ է փոխվել: Ես արդեն վտանգավոր չե՞մ: Ես շատ եմ խնդրում լրագրողի առևանգումից շոու չսարքել, ավելի լավ կլինի, որ իրավապահ մարմինները որակով հետաքննություն անցկացնեն», — ասել է Մուստաֆաևան:
JAMnews-ին տված հարցազրույցում Լեյլա Մուստաֆաևան հայտարարել է, որ զրույց է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ և անձամբ հայտարարել է Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հրաժարվելու մասին: Նրանք նաև քննարկել են ընթացող հետաքննությանն ու Մուխտարլիների ընտանիքի անվտանգությանը վերաբերող հարցեր:
“Նա (ներքին գործերի նախարարը) ասել է, որ կանի ամեն հնարավորը մեր անվտանգության համար` ընդհուպ մինչև թիկնապահների և տեսախցիկի տրամադրում և այլն: Ինչ վերաբերում է հետաքննությանը` ապա մինչև երեկ մենք չունեինք որևէ տեղեկություն այն մասին, թե որ փուլում է այն գտնվում: Սակայն ներքին գործերի նախարարն ասաց, որ իրենք արդեն ավարտվել են տեսագրությունների դուրս բերումը տեսախցիկներից” ,- հայտնել է Մուստաֆաևան:
Լեյլա Մուստաֆաևան և նրա երկու երեխաները գտնվում են Թբիլիսիում և մտադիր են այդտեղ մնալ ևս որոշ ժամանակ: Մուստաֆաևան կարծում է, որ իր ամուսնու գործի հետաքննության ընթացքում Թբիլիսիում գտնվելն անվ.
Վարչապետ Կվիրիկաշվիլին արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 3-ին: Նա ընդգծել է, որ Մուխտարլիի հետ կապված իրավիճակը երկրի իմիջին վնաս է հասցնում: Նրա խոսքով՝ պետական շահերից է բխում, որ հետաքննությունը թափանցիկ լինի:
«Մենք բավականին բարդ ճանապարհ ենք անցել, և այսօր Վրաստանն իրավական, ժողովրդավարական պետություն է, որը ձգտում է դեպի եվրոպական և եվրատլանտյան կառույցներ, այն ընդունել է նրանց արժեքները, ճանաչում է օրենքի գերակայությունն ու պաշտպանում է մարդու իրավունքները: Մենք երբեք չենք զիջի այդ ձեռքբերումները և կառաջարկենք անել ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուրի իրավունքները բացարձակապես պաշտպանվեն՝ անկախ նրանից, թե որ պետության քաղաքացի է նա և ինչ քաղաքական հայացքներ ունի:
Ես նաև ցանկանում եմ ընդգծել Վրաստանի կառավարության լիակատար պատրաստակամությունը, որ համապատասխան դիմումի դեպքում արդարադատության նախարարությունը կարճ ժամկետներում Ադրբեջանի քաղաքացի Աֆղան Մուխտարլիի կնոջն ու երեխաներին ամբողջական աջակցություն կցուցաբերի իրավաբանական ընթացակարգերի կարգավորման հարցում», — ընդգծել է Կվիրիկաշվիլին:
Լրագրող Աֆղան Մուխտարլին Վրաստան է եկել Ադրբեջանից 2014թ-ին և կեցության իրավունք ստացել: Տեղափոխվելու պատճառ են հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի դարձած ճնշումները: Նրա մի քանի դիմումները Մարդու իրավունքնրի եվրոպական դատարան դիտարկման փուլում են: Վերջին ժամանակներս նա համագործակցում էր միջազգային լրատվամիջոցների և IWPR և Meydan.tv կազմակեպությունների հետ:
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին անհետացել է Թբիլիսիում 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվել է, որ նա ադրբեջանական իրավապահ մարմինների մոտ է: Մուխտարլիի խոսքով՝ Վրաստանում նա առևանգվել է տեղական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, նրա գլխին պարկ են հագցրել և փոխանցել ադրբեջանական իրավապահներին: Ադրբեջանական դատարանը Մուխտարլիին 3 ամսվա նախնական կալանքի է դատապարտել սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության համար: Մուխտարլիի խոսքով՝ նրա գրպանը 10 հազար եվրո են գցել: