Վերջին վիճակագրական տվյալները տնտեսությունում դրական միտումներ են ցուցադրում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստին:
«Այս տարի լավ մեկնարկ ունենք: Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ հունվարը շատ հաջող էր: Տարվա ընթացքում (նախորդ տարվա հունվարից) ՀՆԱ 5,2% իրական աճը շատ լավ արդյունք է: Կարևոր են նաև այլ պարամետրերը, օրինակ, հունվարին արտահանումը նախորդ տարվա նույնժամանակահատվածի համեմատ աճել է 44,7%-ով, ԱԱՀ շրջանառությունն աճել է 21%-ով», — հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նա նշել է նաև, որ նույն ժամանակահատվածում 33%-ով աճել է նոր ձեռնարկությունների գրանցման թիվը, իսկ զբոսաշրջիկների թիվը՝ ավելի քան 30%-ով:
Հիշեցնենք, որ Վրաստանի տնտեսական աճի ցուցանիշը լրջորեն անկում է ապրել 2013թ-ից: Եթե 2012թ-ին տնտեսական աճը կազմել է 6.4%, 2013թ-ին այդ ցուցանիշն նվազել է 3.4%-ով: 2014թ-ին տնտեսությունն աճել է 4.6%-ով, 2015-ին՝ 2.9%-ով, 2016թ-ի երրորդ եռամսյակում՝ 2.3%-ով: 2016թ-ի վերջնական տվյալները Վրաստանի վիճակագրության ծառայությունը դեռևս չի հրապարակել: