Վրաստանի հասցեին սպառնալիք ԻԼԻՊ-ից
Համացանցի միջոցով նոյեմբերի 23-ին տարածած տեսանյութում Կալաշնիկովի ավտոմատներով 4 զինյալներ են, որոնցից 2-ը արաբերեն ու վրացերեն են խոսում Վրաստանի արևմտյան հատվածի բնակիչներին բնորոշ ակցենտով: Նրանք մեջբերումներ են անում Ղուրանից և Վրաստանի մուսուլման քաղաքացիներին կոչ անում միանալ այսպես կոչված խալիֆաթին:
‘Ուղերձ Վրաստանի ժողովրդին’, — այսպես է կոչվում 12 րոպե և 34 վայրկյան տևողությամբ full HD ֆորմատի տեսանյութը:
Զինյալները վրացի մուսուլմանների խոջաներին ու մուֆթիներին անհավատ ստրուկներ են անվանում և սպառնում պատժել Իսլամի հալածողներին:
‘Ես նույնպես ցանկանում եմ դիմել Վրաստանի անհավատներին, ովքեր երկար ժամանակ է՝ պայքարում են իսլամի դեմ և մեծ մասնակցություն են ունենում իսլամի դեմ պայքարում: Կլինի դա Իրաքում, թե Աֆղանստանում, բոլոր ձեր գործողությունները հետագայում անպայման ձեր դեմ դուրս կգան: Բոլոր ձեր արածների համար դուք կդատապարտվեք աստծո օրենքով, այլ ոչ թե ինչպես դուք եք դատում…
Դուք կարծում եք, որ մենք շատ հեռու ենք Վրաստանից և խալիֆաթը Վրաստանին չի հասնի, սակայն ուզում եմ հիշեցնեմ այն ժամանակահատվածը, երբ խալիֆաթը Վրաստանում էր: Այն ժամանակ վրացիները շատ ավելի արի ազգ էին, քան այժմ Վրաստանում բնակվող իսլամի թշնամիները, պետության ղեկավարներն ու իսլամի ու մուսուլմանների դեմ պայքարողները: Մենք կգանք շատ շուտով, այնքան շուտ, որքան դուք դժվար պատկերացնեք, և կդատապարտենք ու կպատժենք ձեզ աստծո օրենքով»- ասվում է տեսանյությում:
Տեսանյութը տեղադրված է վրացական խալիֆաթի կայքում, որի անվանումը JAMnews-ը գիտակցաբար չի նշում:
Կայքը գործարկվել է սեպտեմբերին, և նախկինում իրավապահ մարմիններն արդեն ուշադրություն էին դարձրել դրան: Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիան հայտարարեց, որ դիմել է դատարան այդ կայքն արգելափակելու պահանջով, սակայն ակնհայտ է, որ կայքը նախկինի պես գործում է:
Տեսանյութում երևացող 4 տղամարդկանցից երկուսի անձն արդեն հաստատվել է: Նրանցից մեկը 1993թ. ծնված Խվիչա Գոբաձեն է Աջարիայից: Նրա հայրը՝ Իլյա Գոբաձեն, արդեն մեկնաբանություն է տվել ԶԼՄ-ներին: Նրա խոսքով, պետությունը չպետք է վախենա 5 հոգու սպառնալիքից, քանի որ այն ԱՄՆ աջակցությունն ունի, իսկ Ռուսաստանը նրա հարևանն է: Իլյա Գոբաձեն պնդում է, որ իր որդին ֆունդամենտալ իսլամիզմի հետևորդ է:
‘Ինչո՞ւ է 5 հոգու սպառնալիքը այդպես վախեցնում պետությանը, որին աջակցում է Ամերիկան և որի հարևանն է Ռուսաստանը: Իմ որդին ծայրահեղական հայացքներով աչքի չէր ընկնում, նա ֆունդամենտալ իսլամի հետևորդ է, նա իսլամի հետևորդ է, որը մեզ Մուհամեդն է ժառանգել“, — նշել է հայր Գոբաձեն:
Պետական անվտանգության ծառայությունն արդեն հետաքննություն է սկսել տվյալ տեսանյութի վերաբերյալ:
Պետական անվտանգության ծառայությունը դիմում է ԶԼՄ-ներին պետական անվտանգության նկատառումներից ելնելով համացանցում առկա սպառնալիք պարունակող նյութի տարածմանը չնպաստելու խնդրանքով:
“ԶԼՆ ներկայացուցիչներին կոչ ենք անում և խնդրում պետական անվտանգությունից ելնելով չտարածել համացանցում տեղադրված սպառնալիք պարունակող նյութերը: