«Ինտերպրեսնյուզ» գործակալությունը գրում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ժողով, որտեղ քննարկվել է այդ հարցը: Ժողովին ներկա են եղել ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, որոնք պատգամավորական մեծամասնությանը ծանոթացրել են այդ օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայն նախագծի աշխատանքային տարբերակի՝ մարիխուանայի արտադրությունը պետք է խստորեն հավաստագրված լինի: Հավաստագիր ունեցողները կորոշվեն մրցութային կարգով: Ենթադրաբար, հավաստագրման համար կարևոր նշանակություն կունենա աշխարհագրական տարածքը, արտադրվող բույսի քանակը և այլն:
Գործակալության հաղորդմամբ՝ ժողովի ընթացքում տեղի են ունեցել սուր քննարկումներ և վեճեր: «Ինտերպրեսնյուզը» իր հրապարակմամբ պնդում է, որ ինքը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ նախկին վարչապետ և երկրի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, աջակցում է գաղափարին:
Ներքին գործերի նախարարության կողմից մշակված օրենքի նախագիծը, բացի մարիխուանայի մշակման հավաստագրումից, նախատեսում է նաև այլ նորարարություններ:
Օրինակ, դրանում կան բազմաթիվ սահմանափակումներ՝ կապված մարիխուանայի օգտագործման հետ: Իշխանությունները նախատեսում են արգելել մարիխուանայի օգտագործումը դպրոցներում, հանրային վայրերում և աշխատավայրերում: Մարիխուանայի օգտագործման արգելքը կվերաբերի նաև որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների:
Օրենսդրական փաթերը մոտ ժամանակներս կներկայացվի կառավարության նիստին:
• Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինական է դարձել. Վրաստանի սահմանադրական դատարանը հունիսի 30-ին հրապարակել է գրեթե երեք ամիս քննվող գործով վճիռը: