Վրաստանի խորհրդարանի շենքն այսօր «թեժ կետ» էր դարձել: Սկզբում «Հայրենասերների դաշինքի» անդամ (Ռուսաստանի նկատմամբ չեզոք տրամադրվածություն ունեցող կուսակցություն) Էմզար Կվիցիանին սկսեց վիճաբանել «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ (Սահակաշվիլիի՝ առանձին կուսակցություն ստեղծած նախկին համախոհներ) Գիգա Բոկերիայի հետ: Կվիցիանին Բոկերիային «դրսի գործակալ» անվանեց և նրա ուղղությամբ գրիչ ու ջրով լի բաժակ նետեց: Կվիցիանին մտադիր չէր դրանով սահմանափակվել, սակայն նրան կանգնեցրին «մանդատավորները»՝ խորհրդարանի կարգուկանոնի պահպանման ծառայությունը:
Խորհրդարանի նախագահն էմոցիաները հանդարտեցնելու համար ստիպված էր ընդմիջում հայտարարել:
Ավելի արյունոտ միջադեպ տեղի ունեցավ խորհրդակցությունների սենյակում, որտեղ սկսեցին հարաբերություններ պարզել իշխող «Վրացական երազանքի» և «Եվրոպական Վրաստանի» պատգամավորները: Որոշ ժամանակ անց սենյակից դուրս բերեցին «Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Օթար Կախիձեին: Երևում էր, որ նրա գլուխը վնասված է:
Ականատեսների խոսքով՝ Կախիձեի գլխին էր դիպչել հենց իր համախոհ Գիորգի Կանդելակիի նետած մոխրամանը: Այն ուղղված էր «Վրացական երազանքի» պատգամավոր Վանո Զարդիաշվիլիին, սակայն Կանդելակին վրիպել և հարվածել էր իր կուսակցին:
Կռիվները Վրաստանի խորհրդարանում այնքան էլ հազվադեպ երևույթ չեն, սակայն այսօրվա միջադեպը հավակնում է պատմական դառնալ. ներկայիս գումարման պատգամավորները (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ-ի հոկտեմբերի 8-ին) դեռ չէին կռվել: