Եվ այս տարի քննական կենտրոնները, որտեղ վրացի դիմորդները պետք է միասնական ազգային քննություններ հանձնեն, օդորակիչներով զինված չեն լինի:
«Օդորակման համակարգերը պահանջում են մեծ ֆինանսական ծախսեր», — այսպես է կրթության նախարարի որոշումը բացատրել Քննությունների և գնահատականների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին «Ինտեպրեսնյուս» գործակալությանը տված հարցազրույցում:
Միմինոշվիլիի խոսքով՝ միայն Ռուսթավիի քննական կենտրոնում օդորակիչ կաշխատի: Միմինոշվիլին այն «պիլոտային նախագիծ» անվանեց:
«Ռուսթավիի քննական կենտրոնում շատ բարդ իրավիճակ է. այնտեղ շոգ է, շենքն էլ մշտապես արևի տակ է գտնվում, այդ պատճառով էլ որոշվել է այնտեղ նման պիլոտային նախագիծ իրականացնել», — ասում է նա:
Ընդ որում Միմինոշվիլին ընդգծել է, որ անձամբ կարծում է, որ քննությունները պետք է անցկացնել նորմալ պայմաններում, սակայն միաժամանակ «հիշում է» օդորակիչների շահագործման հետ կապված խնդիրների մասին:
«Շատերը չեն կարողանում տանել օդորակիչների աշխատանքը: Բացի այդ, դրանք աղմկոտ են: Դժվար է բոլորին հարմարեցնել ու բոլոր մարդկանց ցանկությունները բավարարել: Տվյալ պահին որոշվել է, որ օդորակիչ կլինի Ռուսթավիի քննական կենտրոնում», — հայտարարել է Միմինոշվիլին:
Օդորակիչների խնդիրը Վրաստանում առաջանում է յուրաքանչյուր տարի քննությունների շրջանում: Բոլոր վերջին տարիներին և դիմորդները, և նրանց համար անհանգստացող ծնողները բողոքում են օդի պակասից և անտանելի շոգից և խոսում օդորակիչների անհրաժեշտության մասին: Եվ դա անհիմն չէ. որոշ դիմորդների ինքնազգացողությունը վատացել է շոգի պատճառով:
Միասնական ազգային քննությունները Վրաստանում կսկսվեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 26-ին: Հուլիսը սովորաբար ամենաշոգ ամիսն է երկրում: Իսկ այս տարին, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, խոստանում է առավել արևոտ լինել: Այսօր՝ հունիսի վերջին, ջերմաստիճանը հասնում է արդեն 40-41 աստիճան ջերմության:
Մայա Միմինոշվիլիի դատողություններն օդորակիչների մասին Ֆեյսբուքի վրացական հատվածում մի շարք կատակների և մեկնաբանությունների տեղիք են տվել: