Bm.ge-ի տվյալների համաձայն՝ 2024 թ.-ի հոկտեմբերին Վրաստանի արտարժութային պահուստները կրճատվել են 627 միլիոն դոլարով և կազմել 4,08 միլիարդ դոլար: Սա Վրաստանի Ազգային բանկի պատմության ամենասրընթաց անկումն է, որը գրանցվել է մեկ ամսվա ընթացքում:
Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի արտարժութային պահուստները 1 միլիարդ դոլարով կրճատվել են: Վերջին անգամ դրանք այս մակարդակի վրա են եղել 2022 թ. հուլիսին:
Այդպիսի անկման հիմնական պատճառը ընտրական շրջանում Ազգային Բանկի կողմից իրականացված չորս արտարժութային միջամտություններն են, ինչպես նաև 213 միլիոն դոլարի վաճառքը և Bmatch հարթակի միջոցով լրացուցիչ միջամտությունների իրականացումը:
Ավելին, արտարժութային պահուստների նվազման վրա հավանաբար ազդել է նաև պետության արտաքին պարտքի մարումը, թեև այդ վիճակագրությունն այս պահին հասանելի չէ:
2024 թվականի ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Վրաստանի պահուստների մակարդակը բավարար մակարդակից ցածր է, անհրաժեշտ է լրացնել այն: Մի քանի օր առաջ Fitch վարկանիշային գործակալությունը նշել է, որ Վրաստանի ոսկեդրամային պահուստների չափն ավելի փոքր է, քան BB վարկանիշ ունեցող այլ երկրներինը: