«Խաղաղ հեղափոխության» անհաջող փորձ և նոր բռնաճնշումներ. ո՞ւր է ընթանում Վրաստանը
Վրաստանը ՏԻՄ ընտրություններից հետո
«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընթացող բողոքի ցույցերն անվանել է հեղափոխության «հինգերորդ փորձ» և խոստացել է «զրո կարեկցանք» ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր արդեն ավելի քան 300 օր է, ինչ փողոց են դուրս գալիս՝ պահանջելով Վրաստանի վերադարձը եվրոպական ուղուն։
«Վրացական երազանքը», որ երկրում իշխանության է արդեն 14 տարի, հաղթել է հոկտեմբերի 4-ի ընտրություններում՝ անկախ Վրաստանի պատմության մեջ ընտրողների մասնակցության ամենացածր ցուցանիշով։ Ընտրություններն անցել են երկարատև բողոքի ցույցերի և ընդդիմության մասնակի բոյկոտի պայմաններում։ Ընտրությունների օրն ավարտվել է լայնամասշտաբ հակակառավարական ցույցով և նախագահական նստավայրը գրոհելու փորձով։
Կառավարությունը հոկտեմբերի 4-ի իրադարձություններն անվանել է «պետական հեղաշրջման փորձ» և Եվրոպական միությանը մեղադրել դրա կազմակերպման և հրահրման մեջ։
Դրան հաջորդել են ընդդիմության առաջնորդների և ակտիվիստների ձերբակալությունները։ Այս պահին հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվել է 46 մարդ։ Ինչպես հավաստիացնում է Իրակլի Կոբախիձեն՝ նրանց թիվը կաճի։
Քրեական գործեր, ձերբակալություններ, «Բրյուսելի ձեռքը»
Վրաստանի իշխանությունները հոկտեմբերի 4-ի իրադարձությունները գնահատել են որպես պետական հեղաշրջման փորձ։
Նույն օրը ձերբակալվել են հավաքի կազմակերպիչներն ու նախագահական նստավայրը գրոհելու նախաձեռնողները՝ Պաատա Բուրչուլաձեն, Իրակլի Նադիրաձեն, Լաշա Բերիձեն, Մուրտազ Զոդելավան և Պաատա Մանջղալաձեն։ Նրանց առաջադրվել են մեղադրանքներ իշխանությունը տապալելու կոչեր հնչեցնելու և խմբակային բռնություններ կազմակերպելու համար։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 46-ի։ Նրանց թվում են երեք կանայք։
Ոստիկանությունը գործն ուսումնասիրում է Քրեական օրենսգրքի 4՝ իշխանությունը տապալելու կոչեր հնչեցնելու, կարևոր օբյեկտների արգելափակման կամ գրավման, խմբակային բռնություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու և այլ անձի գույքին վնաս հասցնելու հոդվածներով։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 5-ին մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող անտառում հայտնաբերվել է թաքստոց՝ պայթուցիկ նյութերով, ավտոմատ զենքով, նռնականետերով և այլ զինատեսակներով, որոնք, ենթադրաբար, նախատեսված էին անկարգությունների կազմակերպման համար։ ՊԱԾ-ի տվյալների համաձայն՝ զենքը ձեռք է բերել Բ.Չ. անունով անձը՝ Վրաստանի քաղաքացու հանձնարարությամբ, ով պատերազմում է Ուկրաինայի կողմից։ Ձերբակալվել է միայն հեռակառավարման վահանակի պատրաստողը, ով անմիջական կապ չունի դիվերսիայի հետ։ Բ.Չ.-ն գտնվում է հետախուզման մեջ։
ՆԳ նախարարության Քրեական ոստիկանության կենտրոնական վարչությունում հարցաքննվել է նաև Սաակաշվիլիի կառավարության պաշտպանության նախարար Բաչո Ախալայան։ Նրա անունը հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիաների կազմակերպման համատեքստում բազմիցս հիշատակվել է իշխանամետ աղբյուրներում։

Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվածների թվում եղել է նաև 71-ամյա Գիորգի Չախունաշվիլին՝ հայտնի մանկաբույժ և մանկական կարդիոռևմատոլոգ։ Չախունաշվիլին ձերբակալվել է իր տանը։ Ձերբակալությունը եղել է աղմկահարույց․ նրա տունը շրջապատել են բազմաթիվ ոստիկաններ։
Քննությունը Չախունաշվիլիին մեղադրում է հոկտեմբերի 4-ի հավաքի ժամանակ «մի խումբ անձանց կողմից ռազմավարական կարևոր օբյեկտ գրավելու փորձի» և «խմբակային բռնությունների մասնակցելու» մեջ։ Դատախազությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ բժիշկը կանգնած է նախագահական նստավայրի բակում և ձայն է տալիս մոտակայքում գտնվող մարդկանցից մեկին։ Շուտով նա հեռանում է։ Տեսանյութում չի երևում բռնության որևէ դրսևորում նրա կողմից։
Հասարակական լայն արձագանքի ֆոնին բժիշկ Չախունաշվիլին ազատ է արձակվել դատարանի սահմանած գրավի դիմաց։ Գրավը կազմել է 20 հազար լարի (մոտ 7400 ԱՄՆ դոլար)։ Այս գումարը բժշկի համար հավաքել են քաղաքացիները։
46 ձերբակալվածների թվում եղել է նաև կրեատիվ տնօրեն Իա Դարախվելիձեն, որին նույնպես ազատել են գրավի դիմաց։ Դատախազությունը ցույց է տվել տեսանյութ, որտեղ նա և մի քանի այլ ակտիվիստներ տեղափոխում են աղբամանը և փորձում խանգարել ոստիկանության առաջխաղացմանը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվածների թիվը կավելանա.
«Մենք այժմ մեղավորների ինքնությունը պարզելու համար ավելի շատ ռեսուրսներ ունենք, քան նախկինում։ Հետևաբար, բոլոր հաստատված մեղավորները կենթարկվեն պատասխանատվության… Պետությունը չի կարող թույլ տալ նման մասշտաբի բռնություն իր դեմ»։
Կոբախիձեն նաև հայտարարել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետապնդման մասին։ Հոկտեմբերի 4-ից հետո իշխանամետ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող վարչապետը հայտարարել է, որ 2028 թ․-ին վրացական քաղաքականությունում չպետք է լինեն այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են «Լելոն», «Գախարիան Վրաստանի համար» կամ «Միացյալ ազգային շարժումը»։

Բռնաճնշումներին զուգահեռ կառավարությունը սկսել է հակաարևմտյան հռետորաբանության նոր ալիք։ Վերջին մի քանի օրերին Կոբախիձեն ակտիվորեն քննադատում է արևմտյան երկրներին և բացահայտորեն մեղադրում նրանց երկրում հեղափոխական սցենարին աջակցելու մեջ։
Հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչն աջակցել է հանրահավաքին, որի նպատակը եղել է «սահմանադրական կարգը տապալելը», և նշել, որ «հատուկ պատասխանատվություն է կրում Վրաստանում ԵՄ դեսպանը»։
«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 12-ին հայտարարել է, որ «Թբիլիսիի փողոցային ընդհարումների հետևում Բրյուսելն է կանգնած»։
«Չգիտեմ, թե ԵՄ մայրաքաղաքներում որքանով են գիտակցում, որ «խաղաղ նախագիծը» [հեղափոխության] ավելի ու ավելի շատ հիշեցնում է ռազմական նախագիծ»,- նշել է Պապուաշվիլին։
Ընդդիմության քննադատությունը
Հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հարցեր ունեն ոչ միայն կառավարության, այլև ընդդիմության և բողոքի շարժման ներկայացուցիչները։ Հիմնական հարցերից մեկը հետևյալն է՝ «Ինչի՞ վրա էին հույսը դրել հավաքի կազմակերպիչները, երբ հոկտեմբերի 4-ին ժողովրդին խոստանում էին կառավարության տապալում»։ Քննադատվում է նաև պլանի բացակայությունը և նախագահական նստավայր ներխուժելու հանկարծակի որոշումը։
Ընդդիմության մոտ կասկած է հարուցում նաև այն, որ ակտիվիստներից ընդամենը վեց վայրկյան է պահանջվել նախագահական պալատի ցանկապատը կոտրելու համար։ Սրանից կարելի է ենթադրել, որ ցանկապատը նախապես վնասել են, որպեսզի հեշտությամբ շուռ գա։
Սադրանքների մասին կասկածների ևս մեկ հիմք է այն, որ՝ չնայած լայնամասշտաբ բողոքի ակցիային և հայտարարված «խաղաղ հեղափոխությանը», ռազմավարական կարևոր օբյեկտն այդ պահին պահպանում էին համազգեստ կրող ընդամենը 3 իրավապահներ և նույնքան քաղաքացիական հագուստով անձինք։
Փորձագետներն ընդգծում են հոկտեմբերի 4-ից հետո բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում առաջացած խորը հիասթափությունն ու հուսահատությունը։ Ընտրություններից հետո ակցիայի եկած ակտիվիստների զգալի մասի համար նախագահական պալատի մոտ տեղի ունեցած իրադարձություններն անընդունելի էին։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են փորձագետները, դա չի նշանակում, որ երկրում բողոքի լիցքը վերացել է։
Իշխանությունների կողմից բռնաճնշումները, ձերբակալություններն ու ընդդիմության հասցեին «ֆաշիզմի» մեղադրանքները միայն ուժեղացնում են բողոքի ալիքը։ Նույնիսկ հոկտեմբերի 4-ից հետո Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում շարունակվում են հանրահավաքները։
Մասնատված երկիր
Քաղաքագետ Դավիթ Դարչիաշվիլին կարծում է, որ քաղաքական ճգնաժամը հոկտեմբերի 4-ից հետո սրվել է։ Ասում է՝՝ իշխանության և ակտիվիստների միջև երկխոսության տարածություն այլևս չկա։
«Նրանք ունեն չափազանց տարբեր տեսակետներ»,— հայտարարել է նա «Կովկասի արձագանք» պարբերականին տված հարցազրույցում։
Փորձագետ Կախա Գոգոլաշվիլին պնդում է, որ կառավարությունը դիտավորյալ փորձում է հեռացնել Վրաստանը Եվրոպայից, բայց այնպես, որ դրա պատասխանատվությունը դնի հենց Եվրամիության վրա։ Նրա խոսքով՝ իշխող կուսակցության ռազմավարական նպատակն է աստիճանաբար մեկուսացնել երկիրը Բրյուսելից և արդարացնել այդ կուրսը՝ հայտարարելով, թե հենց Արևմուտքն է «երես թեքել» Վրաստանից։
Դարչիաշվիլիի գնահատմամբ՝ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները կառավարության համար ցանկալի և հարմար սցենար են, դա նրանց տվել է ճնշումները լեգիտիմացնելու նոր առիթ։
Փորձագետները նկատում են՝ [բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ] «զրո կարեկցանք» արտահայտությունն առաջին հերթին արտահայտում է երկրի դե ֆակտո ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումը.
«Կոբախիձեն միայն հնչեցնում է Իվանիշվիլիի դիրքորոշումը։ Դրանք նրա խոսքերն են, նրա կամքը։ Կոբախիձեն միայն լրացնում է դրանք իր մարդատյացությամբ»։
Փորձագետի խոսքով՝ կառավարությունը յուրաքանչյուր բողոք օգտագործում է որպես ճնշումները խստացնելու և ընդդիմությանը ծայրահեղականության ու բռնության մեջ մեղադրելու առիթ։
Քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ընդգծում է՝ «Վրացական երազանք» կուսակցության ողջ հռետորաբանությունը կառուցված է ստի վրա.
«Եթե նրանք երբևէ ճշմարտությունն են ասում, ապա միայն նրա համար, որ ձեզ խաբեն մեկ այլ բանում»։
Գոգոլաշվիլին կարծում է, որ Կոբախիձե-Իվանիշվիլիի քաղաքականությունն ուղղված է «պրագմատիզմի» դիմակի ներքո ավտորիտար կառավարումը օրինականացնելուն։ Կառավարությունը, ըստ նրա, բոլորովին չի ձգտում ճանաչում ստանալ որպես ժողովրդավարական պետություն, նրան անհրաժեշտ են միայն գործարքային հարաբերություններ՝ Արևմուտքի հետ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի պահպանում, բայց առանց մարդու իրավունքների մասին խոսակցությունների։
Ասում է՝ Թրամփը պետք է դառնար «Վրացական երազանք» կուսակցության համար շահավետ գործընկեր.
«Թրամփի համար կարևոր չէ՝ ժողովրդավա՞ր ես, թե՞ բռնապետ։ Գլխավորն այն է, որ գործարքը շահավետ լինի։ Իվանիշվիլին ուզում է ԱՄՆ-ի հետ կառուցել այնպիսի հարաբերություններ, որ ժողովրդավարության մասին հարցեր չառաջանան»։
Փորձագետի կանխատեսմամբ՝ Վրաստանում սպասվում են բողոքի նոր բռնկումներ։ Քաղաքագետ Դավիթ Դարչիաշվիլին նույնպես նշում է. «Հոկտեմբերի 4-ը դարձավ հուսահատության դրսևորում, բայց միևնույն ժամանակ՝ ուժի։ Մարդիկ հոգնել են, բայց, այնուամենայնիվ, դուրս են գալիս փողոց»։
Չնայած ընդդիմության, մեդիայի և համալսարանների վրա ճնշմանը՝ Գոգոլաշվիլին կասկածում է, թե կառավարությանը կհաջողվի ճնշել բողոքի ալիքը։
«Մարդիկ դրա հետ չեն հաշտվի։ Ճնշումները խաղաղություն չեն բերի ռեժիմին»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանը ՏԻՄ ընտրություններից հետո