Աբխազիայի երիտասարդական քաղաքականության պետկոմիտեն եկել է այն եզրակացության, որ երիտասարդների չամուսնանալու հիմնական պատճառը ավանդական հարսանիքի համար գումարի բացակայությունն է: Եվ շատ օրիգինալ ելք է գտնվել. նորապսակներին առաջարկում են առանց տոկոսադրույքի կարճաժամկետ վարկ:
Որոշումն անտեղի չէ: Աբխազական հարսանիքը հյուրերի մեծաքանակ լինելու պատճառով վաղուց «մարդահամար» են անվանում: Ըստ ավանդույթի, հարսանիքին պետք է հրավիրել ոչ միայն բոլոր բարեկամներին (իսկ բարեկամությունը շատ հարաբերական հասկացություն է), այլ նաև ընկերներին, համադասարանցիներին, համակուրսեցիներին, կոլեգաներին, ծառայակիցներին, ընդ որում՝ հարսի ու փեսայի անմիջական ընտանիքի բոլոր անդամների: Դե իհարկե, նաև հարևաններին, և այդ հասկացությունն Աբխազիայում նույնպես շատ հարաբերական է:
Այսպիսով, հասարակությունում պարտադիր համարվող ավանդական հարսանիքին պետք է հրավիրել գոնե 500 մարդ (իսկ ավելի լավ է՝ հազար), և միջինում նման խնջույքն արժենում է մեկ միլիոն ռուբլի [մոտ $15,000]: Հարսանիք անելու համար կարճաժամկետ վարկը միայն 200 հազ. ռուբլի է [մոտ $3,000]:
Այնուամենայնիվ, պետկոմիտեի նախաձեռնությունը մեծ պահանջարկ ունի: Ավելի քան 30 զույգ օգտվել է այդ ծառայությունից և նույնքանն էլ սպասում են իրենց հերթին:
Վարկի տրման ողջ ընթացակարգը առավելագույնս պարզեցված է. պետք չեն որևէ տեղեկանքներ կամ բանկային երաշխիքներ: Գլխավոր պայմանը տարիքն է. նորապսակները պետք է 35 տարեկանից բարձր չլինեն: Գումարը փոխանցվում է նորապսակներից մեկի անձնական հաշվին, որպես կանոն, հարսանիքի օրվանից երկու շաբաթ առաջ: Երիտասարդները պետք է մարեն իրենց վարկը հարսանիքից հետո առաջին աշխատանքային օրը: Վարկը հիմնականում վերադարձվում է հյուրերի նվիրած փողի հաշվին: Պետկոմիտեում ասում են, որ ամուսնացողները բավականին լավ են պահպանում կարգուկանոնը և պատասխանատու են. բոլորն առանց բացառության ժամանակին վերադարձրել են գումարը:
Պետկոմիտեի ղեկավար Ալիաս Ավիձբան հույս ունի, որ հաջորդ տարի նախագծի բյուջեն կավելանա, հետևաբար «Աբխազիայում չամուսնացածների թիվը կկարճատվի իսկ երեխաների թիվը կաճի»: