1990 թ. հունվարը Բաքվում Սև կամ Արյունոտ են անվանում: Հունվարի 20-ի գիշերը խորհրդային բանակը մտավ Բաքու, որպեսզի ճնշի ընդդիմության բողոքի ակցիաները, հանրահավաքները, որոնք կազմակերպում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Քաղաքում արտակարգ դրություն էր, սակայն հեռուստակայանի պայթյունի պատճառով մարդիկ այդ մասին ոչինչ չգիտեին: Արդյունքում գնդակահարվել ու տանկերով ճզմվել են ոչ միայն նրանք, ովքեր պատրաստ էին իրենց զոհաբերել հանուն հանրապետության անկախության, այլ նաև ոչ մի քաղաքական նկրտումներ չունեցող խաղաղ բնակչությունը: Հարյուրավոր անզեն մարդիկ վիրավորվել են, 137 մարդ՝ սպանվել: Այդ գիշերն անխուսափելի դարձրեց ԽՍՀՄ կազմը լքելու Ադրբեջանի որոշումը: Ինչպես շատերն են կարծում, հենց այդպիսի սարսափելի գին է վճարել Ադրբեջանն անկախության համար: Հենց այդ ժամանակվանից կարմիր մեխակն Ադրբեջանում սգո և գերեզմանի ծաղիկ է համարվում: Հունվարի 20-ն Ադրբեջանում ոչ աշխատանքային է: Այդ օրը Շահիդների պուրակը, որտեղ թաղված են Սև հունվարի զոհերը, զանգվածային ուխտագնացության վայր է դառնում: