Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 18-ին հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ «Զիկա» վիրուսը, որը մինչ այժմ տարածված էր միայն Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, կարող է հասնել Եվրոպա: Առավել բարձր ռիսկի գոտի է համարվում Վրաստանը, Ռուսաստանի սևծովյան ափը և պորտուգալական Մադեյրա կղզին, քանի որ դրանք «Զիկան» տարածող մոծակի բնակավայրեր են:
Մասնագետներն այդ երկրների իշխանություններին կոչ են անում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով, առաջին հերթին պետք է հատուկ աշխատանքներ իրականացնել մոծակների բնակավայրերում դրանց ոչնչացման համար: Բացի այդ պետք է բնակչությանը տեղեկացնել «Զիկա» վիրուսի և դրա բարդությունների մասին: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել հղի կանանց:
Ի՞նչ է «Զիկա» վիրուսն ու ի՞նչ է պետք իմանալ դրա մասին
Վիրուսը տարածվում է մոծակի խայթոցից, որը գիտությանը հայտնի է Aedes aegypti անվանումով և տարածված է աշխարհի 50 երկրներում:
«Զիկա» տենդը մարդիկ թեթև են տանում և այն սովորաբար մահացու չէ: Հիվանդության ախտանիշներն են բարձր ջերմությունը, ցանը, գլխացավերը: Դրանք մարդու օրգանիզմում ի հայտ են գալիս վիրուսի ներթափանցումից հետո: «Զիկա» վիրուսով հիվանդները հաճախ նույնիսկ բժշկի չեն դիմում, հատկապես որ հիվանդության բուժման համար հատուկ դեղամիջոցներ չկան:
Առավել ծանր են հիվանդությունը տանում հղի կանայք: «Զիկա» վիրուսն առաջին հերթին ծայրահեղ վտանգավոր է նրանց համար, քանի որ կարող է անդառնալի վնաս հասցնել պտղին, նորածինների մոտ կարող են հայտնաբերվել ուղեղի արատներ, միկրոցեֆալիա և այլ նյարդաբանական խնդիրներ: Այն երկրներում, որտեղ տարածված է «Զիկա» վիրուսը առավել հաճախ են ծնվում էնցեֆալիոյով երեխաներ:
Սալվադորում, որտեղ «Զիկա» վիրուսի պատճառով բարդ իրավիճակ է ստեղծվել, իշխանությունները կանանց առաջարկել են մոտակա 3 տարին խուսափել հղիությունից: Նույն են ասում նաև բրազիլացի բժիշկները: ԱՄՆ-ում հղի կանանց խորհուրդ են տալիս խուսափել մեկնել այն երկրներ, որտեղ տարածված է այդ վիրուսը:
Անցյալ տարի միայն Բրազիլիայում «Զիկա» վիրուսով հիվանդացել է 2 մլն մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Զիկա» վիրուսը դիտարկում է որպես գլոբալ վտանգ և համաճարակ: Վիրուսի դեմ պատվաստանյութ չկա:
«Զիկայի» տարածման պոտենցիալ գոտի է համարվում ցանկացած տարածաշրջան, որտեղ տարածված են Aedes մոծակները: