Վրաստան, Ջավախք, հոգեմարտիկներ, ազգային փոքրամասնություններ Վրաստանի հոգեմարտիկները բողոքում են իրենց սրբության՝ համայնքի միասնական աղոթատեղիի ու գերեզմանների պարբերաբար պղծման վերաբերյալ:
Հոգեմարտիկների համայնքը հիմնականում Վրաստանի Նինոծմինդայի շրջանում է բնակվում: Նրանց ամենամեծ գյուղը Գորելովկան է՝ այնտեղ հոգեմարտիկների 40 ընտանիք է ապրում:
Գերեզմանները Վրաստան առաջինը տեղափոխված համայնքի առաջնորդների շիրիմներն են, որ տեղակայված են Գորելովկայից ոչ հեռու գտնվող տարածքում, որտեղ հոգեմարտիկները հավաքվում են աղոթելու և եզակի ծիսական երգեր երգելու:
Տեղացիների խոսքով, գերեզմանների տարածքում անհայտ անձինք ժամանակ առ ժամանակ խմելու են գնում: Եվ, չնայած, որ համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ դիմել են ոստիակնություն, իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ոչինչ չի փոխվում, այսինքն՝ փոխվում է, բայց դա եղանակից է կախված:
«Այժմ ձմեռ է, ցուրտ է, այդ պատճառով էլ հավաքույթներ չեն լինում, — JAMnews-ին պատմում է Տատյանա Օսլոպովան, — այս անշնորհքությունը կկրկնվի, երբ եղանակները տաքանան»:
Խուլիգանները ոչ միայն պղծում են սուրբ վայրը, այլ նաև համայնքի գույքը՝ ապակիներն են կոտրում, փչացնում ու կեղտոտում են կահույքը:
Համայնքի ներկայացուցիչներից մեկը պատմեց JAMnews-ին, որ հավաքույթների մասնակիցները հաճախ լուսանկարվում են սուրբ վայրում, տեսաձայնագրում են կատարվածն ու տեղադրում սոցիալական կայքերում: Այսինքն՝ խուլիգաններին նույնականացնելը ոչ միայն ոստիկանության, այլ նաև տեղացիների համար խնդիր չէ:
Վրացական Ջավախքի շրջանում ապրող հոգեմարտիկները այն «հերետիկոսների» սերնդից են, ում աքսորել են Կովկասից 18-րդ դարում: Նրանք Ջավախք հասնելու համար երկար ու տանջալի ճանապարհ են անցել Կովկասյան լեռնաշղթայով, կենդանի մնացածները համայնք են հիմնել, որն աստիճանաբար ամրապնդվել ու աճել է: Հոգեմարտիկների համայնքի ծաղկունքը կարելի է 60-70-ական թվականները համարել:
Նախորդ դարի 80-ականների սկզբում Գորելովկայում բնակվել է մոտ 3 հազ. մարդ, սակայն 90-ականների սկզբին նրանց մեծ մասը տեղափոխվել է Ռուսաստան, Ուկրաինա և Կանադա: Գորելովկայում, որը նախկինի պես հոգեմարտիկների մշակույթի կարևոր կենտրոն է համարվում, այժմ մոտ 130 հոգեմարտիկ է ապրում:
Մոտ ապագայում JAMnews-ը հաճույքով իր լսարանին կներկայացնի Վրաստանի հոգեմարտիկներին նվիրված վավերագրական ֆիլմ: Այն նկարահանվել է Go Group Media կողմից, պրեմիերան՝ շուտով: