Սպանվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն
Կիսվել
Կիսվել
Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդավարական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Հրոմադսկոյեն», պայթյունը տեղի է ունեցել Պուշկինի բուլվարի «Սեպար» սրճարանում, որը գտնվում է Զախարչենկոյի նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
«Հրոմադսկոյեին» տված հարցազրույցում Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան հաստատել է Զախարչենկոյի զոհվելու մասին լուրը։ «Մենք դա համարում ենք պառակտչական պատերազմների հետևանք», — ասել է հատուկ ծառայության ներկայացուցիչը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պայթյունի և «ԴԺՀ» ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության ետևում իբր կանգնած է «Կիևի ռեժիմը»։ Այսպիսի հայտարարություն է արել ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԴԺՀ ղեկավարի սպանության հետ կապված իրավիճակում պատերազմի կիևյան կուսակցությունն ահաբեկչական սցենար է իրականացնում՝ բարդացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում (…)։ Չկատարելով խաղաղության մասին խոստումը՝ Կիևում, հավանաբար, որոշել են անցնել արյունալի ջարդերի», — հայտարարել է Զախարովան։
«Գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանը պահանջել այդ հանցագործության անաչառ հետաքննություն և վերահսկել դրա անցկացումը», — հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մասնակցությունը կատարվածին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կտրականապես հերքում է։