Սպանություն պատվի համար
Նովայա գազետա
«Նովայա գազետային» հայտնի է դարձել Չեչնիայի բնակիչների զանգվածային ձերբակալությունների մասին՝ կապված վերջիններիս ոչ ավանդական սեռական կողմնորոշման կամ դրա կասկածանքի հետ:
Այս պահի դրությամբ տեղեկություններ են ստացվել ավելի քան հարյուր տղամարդկանց ձերբակալության մասին: «Նովայա գազետային» հայտնի են արդեն երեք զոհերի անունները, սակայն աղբյուրները պնդում են, որ զոհերն ավելի շատ են:
Ձերբակալությունների մասին տեղեկությունները սկսեցին ստացվել մոտ մեկ շաբաթ առաջ: Ստացված տեղեկությունները ստուգվել և հաստատվել են աննախադեպ մեծ թվով աղբյուրների կողմից՝ ներքին գործերի նախարարության, հանրապետության նախագահի վարչակազմի, Չեչնիայի դատախազության և վերջապես տեղական ԼԳԲՏ ակտիվիստների կողմից:
Նրանցից ոմանք ձերբակալվել են և լքել երկիրը, երբ նրանց արդեն ազատ են արձակել (չափազանց հազվադեպ դեմքեր): Ոմանք հեռացել են երկրից, երբ ձերբակալվել են վերջիններիս ընկերներն ու ծանոթները: Ձերբակալությունները տեղի են ունենում տարբեր բնակավայրերում՝ ոչ միայն Գրոզնիում:
Ձերբակալվածների թվում են չեչենական մուֆտիության ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հանրապետության ղեկավարին մոտ կանգնած հայտնի, ազդեցիկ կրոնական գործիչներ, նաև երկու հայտնի չեչեն հաղորդավար: Անշուշտ, թվարկված անձինք ոչ մի կերպ չեն ցուցադրել իրենց սեռական կողմնորոշումը. Կովկասում դա հավասարազոր է մահվան դատավճռի: Սակայն ավանդական չեչենական հասարակության մեջ, որի անդամների միջև սոցիալական հեռավորությունները չափազանց կարճ են, նման բաները արագ են տարածվում, որքան էլ որ փորձեն դա թաքցնել:
Սոցիալական ցանցերի չեչեն օգտատերերը խուճապահար լքում են փակ թեմատիկ խմբերը մեսինջերներում, փակում են սոցցանցերի իրենց էջերը: Սակայն որոշները, իրենց վտանգի ենթարկելով, փորձում են զգուշացնել ուրիշներին սպառնալիքի մասին:
Գրառում «Վկոնտակտե» սոցիալական ցանցից
«Սալամ ալե՛յքում, բոլորին:
Չէի մտածի, որ կրկին գրառում կանեմ այստեղ, երբ խոսքը մեկ շղթայի մասին է, և եթե ձերբակալում են մեկին, ապա նրան այնքան են տանջում, մինչև նա ծախի մնացածներին, և հերթը նաև կարող է ինձ հասնել, և ճիշտ կլինի, եթե ես զգուշացնեմ:
Այստեղ հաճախ են գրառումներ հայտնվում դավերի մասին (խոսքը մարդկանց սեռական կողմնորոշումը բացահայտելու նպատակով սադրանքների մասին է – Ե.Մ.), և որոշ ժամանակ առաջ ես փորձում էի գտնել այդ դավերի զոհերին: Երբ ոչ ոքի չգտա, մտածեցի, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այժմ ես հասկանում եմ, թե ինչու չկարողացա գտնել մեկին, ում հանդեպ Չեչնիայում դավեր են նյութել: Ցավոք, շատերը սպանվել են: Սպանվել են ոչ միայն երիտասարդ տղաներ, այլ անգամ 50-ն անց մեծահասակ տղամարդիկ, նրանց թվում են Չեչնիայում հայտնի մարդիկ, որոնք մասնակցել են տարբեր միջոցառումների, հեռուստահաղորդումների, մրցույթների: Չեմ ուզում անուններ նշել:
Ամենաերիտասարդը 16 տարեկան էր, մեր գյուղից: Մի քանի օր առաջ նրան բերեցին ամբողջովին ծեծված՝ պարզապես ոսկորների պարկ, նետեցին բակ և ասացին, որ նրան սպանեն: Ասում են, որ նա մինչև հիմա ուշքի չի եկել և դժվար էլ գա: Չգիտեմ, թե իրենք ինչպես են բացատրում, թե ինչու են այդպես վարվում, նրանց կստիպեն ապացույցներ ներկայացնել, որ մեր որդին կամ եղբայրն այդպիսին էին:
Չէ՞ որ Չեչնիայում չի կարելի առանց շոշափելի ապացույցների վարկաբեկել որևէ մեկին. կարող ես ինքդ մնալ առանց ոչնչի, առավել ևս ձեռք բարձրացնելը տղամարդու վրա և նրան մեղադրելը նույնասեռականության համար դարերով ձգվող խայտառակություն է: Ես չգիտեմ, թե իրենք ինչպես են դա բացատրում, բայց այդ կեղտը տեղի է ունենում: Աղբյուրը հետերասեքսուալ է, իմ զինվորական բարեկամն է, ով ինձ այդ մասին պատմել է այս առավոտյան: Ես սխալվել եմ, երբ ասել եմ և գրել այստեղ, որ դավեր չեն եղել: Այդ դեպքերը տեղի են ունեցել և ինչպես երբեք նրանց ձեռքերն ազատ են: Չափազանց զգույշ եղեք և ջնջեք ձեր կասկածելի կապերը:
Ամենակարևորը՝ մի վարձակալեք օրավարձով բնակարաններ. անշարժ գույքի բոլոր գործակալներին, հավանաբար, ստիպում են տեսախցիկներ տեղադրել բնակարաններում և այս կերպ կոմպրոմատներ են ձեռք բերում զոհերի դեմ: Իսկ Չեչնիայի անշարժ գույքի գործակալները ամեն ինչի կգնան, որպեսզի չկորցնեն իրենց բիզնեսը, բացի այդ, ո՞վ կհամարձակվի հակաճառել մեր զինվերականներին: Խնդրում եմ, շա՛տ զգույշ եղեք: Սա իմ վերջին գրառումն է այստեղ»:
Ազգային հագուստ, Գրոզնիի թանգարան, Չեչնիա, լուսանկարը `«ՌԻԱ Նովոստիի»
Չեչնիայի՝ հետապնդումների զոհ դարձած բնակիչները ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար թեկուզ միայն կասկածանքի դեպքում կենդանի մնալու շատ քիչ հնարավորություններ ունեն: Բավարար է միայն, որպեսզի ընտանիքին հայտնեն ձերբակալության պատճառի մասին, և հարազատները բողոք չեն ներկայացնի պաշտոնական ատյաններ, իսկ նրանց մտերիմների ձերբակալության փաստերը և անգամ սպանությունները հանգամանորեն կթաքցվեն:
Հայտնի է, որ որոշ ձերբակալվածների ազատ են արձակում «ապացույցների բացակայության հիմքով»: Սակայն այս դեպքում նրանց վտանգ է սպառնում հենց հարազատների կողմից. Չեչնիայում մինչև այժմ տարածված է «պատվի համար սպանության» հին ավանդույթը, որը թույլ է տալիս մաքրել խայտառակությունը այդ խայտառակության համար մեղավորի սպանության միջոցով:
Մեր աղբյուրները չեչենական հատուկ ծառայություններում ձերբակալությունների այս ալիքը, որը կոչել են «կանխարգելիչ մաքրումներ», կտրականապես կապել են մեկ այլ՝ տեղեկատվական ալիքի հետ:
Մարտի սկզբին Կովկասում ռուս ԼԳԲՏ ակտիվիստները, GayRussia.ru նախագծի անդամները, իրենց համառուսական դատական արշավի շրջանակներում հայտ էին ներկայացրել Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի չորս քաղաքներում մի շարք գեյ-շքերթների անցկացման համար:
Այսպես, մարտի 9-ին Սվերդլովսկի մարզում ապրող ԼԳԲՏ ակտիվիստ Վլադիմիր Կլիմովը Նալչիկի վարչակազմ և Կաբարդա-Բալկարիայի մարզպետարան փոստով ծանուցում էր ուղարկել «շքերթի տեսքով հրապարակային միջոցառման անցկացման մասին»:
Ծանուցման մեջ նշվում էր, որ շքերթը նախատեսվում է անցկացնել Նալչիկի պատմական կենտրոնի գլխավոր փողոցներում, իսկ մասնակիցների հավանական թիվը 300 մարդ է: Նալչիկի վարչակազմը կանխատեսելի կերպով մերժել է հայտը: Ըստ էության, հայտ ներկայացնողները դա էլ ակնկալում էին: Մարտի 9-ին և 10-ին մոսկվացի ԼԳԲՏ ակտիվիստների կողմից նմանատիպ հայտեր էին ներկայացվել նաև Չերկեսկում, Ստավրոպոլում և Մայկոպում:
GayRussia.ru նախագծի ակտիվիստների՝ Կովկասի շրջաններում գեյ շքերթներ անցկացնելու մտադրության մասին տեղեկությունները հայտնվեցին ԶԼՄ-ներում (ծրագրի ղեկավարն է մոսկվացի հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևը): Այս լուրը զանգվածային բողոքի ակցիաների ալիք բարձրացրեց ողջ Կովկասում, որոնց ընթացքում մասնակիցները ցուցադրում էին ագրեսիայի բարձր մակարդակ: Սոցիալական ցանցերում հայտնվեցին կրեատիվության տարբեր մակարդակներում արված տեսահոլովակներ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց սպանության կոչերով:
Հենց այս ժամանակ էլ Չեչնիայում հրաման տրվեց «կանխարգելիչ մաքրում» անցկացնելու մասին, և բանը հասավ իրական սպանությունների:
Նիկոլայ Ալեքսեևը «Նովայա գազետայի» հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտերի ներկայացման միջոցով նա պայքարում է իր սահմանադրական իրավունքների, հավաքների ազատության և գեյ քարոզչությունն արգելող օրենքի վերացման համար:
«Մենք այլևս չենք անցկացնում չարտոնված գեյ շքերթներ, — «Նովայա գազետային» ասել է Ալեքսեևը, — նախկինում անցկացնում էինք, այժմ՝ ոչ: Մենք ուզում ենք հասնել պետության կողմից մեր ակցիաների թույլատրման և մասնակիցների անվտանգության ապահովման: Սակայն ամեն անգամ, երբ հայտ ենք ներկայացնում, մենք, իհարկե, պատրաստվում ենք գեյ շքերթին, որպեսզի համաձայնեցման դեպքում այն անցկացնենք»:
«Նովայա գազետայի» ճշտող հարցերին, թե ինչու է հայտում նշված 300 մարդու մասնակցության մասին և քանի տեղացի ԼԳԲՏ ակտիվիստ էր պարաստվում մասնակցել Նալչիկում, Չերկեսկում և թեկուզ Ստավրոպոլում նախատեսված գեյ շքերթներին, Ալեքսեևը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց: Նա պարզաբանեց, որ համաձայնեցման և անվտանգության ապահովման դեպքում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ակտիվիստները պատրաստ էին գալ Կովկաս և մասնակցել գեյ շքերթներին:
Ընդ որում, ոչ Ալեքսեևը, ոչ էլ նրա փաստաբանները չեն եկել Նալչիկ ո՛չ ծանուցման ներկայացման, ո՛չ կովկասյան այս քաղաքում գեյ շքերթի անցկացման մերժման վերաբերյալ հայցի նախնական լսումներին մասնակցելու համար:
Ալեքսեևը նշել է, որ դա պայմանավորված է ոչ միայն ծանրաբեռնվածությամբ, այլ նաև անձնական անվտանգության նկատառումներով: Երբ հայտնի է դարձել Նալչիկում և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի այլ քաղաքներում գեյ շքերթների անցկացման վերաբերյալ հայտի մասին, Ալեքսեևը «կապի բոլոր հնարավոր ուղիներով մեծ քանակությամբ սպառնալիքներ է ստացել»:
Նիկոլայ Ալեքսեև, լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստիի
Ակտիվիստական գործունեությունից բացի Ալեքսեևը հայտնի է նաև իր՝ երկրի տարբեր շրջանների դատարաններ ներկայացրած բազմաթիվ հայցերով. ակցիա անցկացնելու յուրաքանչյուր մերժված հայտ նա բողոքարկում է ռուսական դատարաններում, ապա բողոքը ուղարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
2011 թ. Ստրասբուրգում Ալեքսեևը հաղթել է իր առաջին հայցը, փոխհատուցումը կազմել է 29 հազար եվրո: Այս պահին ՄԻԵԴ-ը դիտարկում է Ալեքսեևի ևս երկու նմանատիպ բողոք, որոնց համար փոխհատուցը, ըստ Բյոլի հիմնադրամի «Գենդերային ծրագրի» համակարգող Իրինա Կոստերինայի, կարող է կազմել մինչև 100 000 եվրո:
Բացի այդ, ըստ Ալեքսեևի, նախատեսվում է բողոքի երրորդ, «իր մասշտաբներով աննախադեպ» ալիքը, որն, ըստ երևույթին, ներառում է նաև կովկասյան քաղաքներում մերժման դեպքերը:
«Նովայա գազետայի» հարցին ի պատասխան, տեղյակ է նա արդյոք, որ Կովկասում գեյ շքերթներ անցկացնելու մտադրության մասին հայտարարությունները հանգեցրել են տեղի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին հետապնդումների, իսկ Չեչնիայում՝ զանգվածային ձերբակալությունների և սպանությունների, Ալեքսեևը նշել է, որ «Նովայա գազետայի» թղթակիցը «շահարկում է չստուգված տեղեկատվություն, հիմնվում է անհիմն փաստերի վրա և որ ինքը անձամբ իր գործողությունների նման հետևանքների և հետապնդումների մասին որևէ տեղեկություն չունի»:
Կարելի է հասկանալ, թե ինչու Ալեքսեևը՝ ԼԳԲՏ մարդկանց իրավունքների համար պայքարողը, մինչև այժմ չի տիրապետում «ճշտված փաստերի»: Բանն այն է, որ Կովկասը ինչպես պետքն է թափ տալիս նա այնտեղ իր կողմնակիցներին ամենևին էլ չի ապահովել նվազագույն պաշտպանությամբ, թեկուզ հետ նահանջի համար որևիցե ճանապարհով:
Բոլորովին չիմանալով ու չհասկանալով տեղի յուրահատկությունները՝ նա, հավանաբար, պարզապես հաշվի չի առել, թե մարդկանց համար ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել շքերթի անցկացման միայն մտադրության մասին ծանուցումը, որը ոչ ոք չէր էլ պատրաստվում իրականացնել: Խնդիրն այն է, որ Կովկասում խոսքին դեռ շատ լուրջ են վերաբերվում: Ալեքսեևի խոսքերի լրջության վերաբերյալ որևէ կասկած չունեին նրանք, ովքեր տեղական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրական որս են հայտարարել
«Նովայա գազետային» հայտնի է, որ ռուսական այլ ԼԳԲՏ կազմակերպությունները (GayRussia.ru նախագիծը ներգրավված չէ) ներկայումս ստեղծել են թեժ գիծ, ստանում են հաղորդումներ Չեչնիայում բնակիչների հետապնդումների մասին և պատրաստ են տարհանել մարդկանց:
«Նովայա գազետան» հայտարարություն է պատրաստվում Ռուսաստանի քննչական կոմիտե, գլխավոր դատախազություն, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմ դիմելու համար: Մենք մտադիր ենք տրամադրել քննությանը սպանվածների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, աշխատանքի վայր, բնակության վայր) և պահանջել քրեական գործի վարույթ, քանի որ միայն քրեական գործի շրջանակներում է հնարավոր անցկացնել արտաշիրիմում մարդկանց մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար:
Մարտի 29-ին Ռուսաստանի ԼԳԲՏ ցանցը սոցիալական ցանցերում տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Վերջին շրջանում Հյուսիսային Կովկասի հանրապետություններում գեյերի, լեսբուհիների և տրանսսեքսուալների (կամ նրանց, ում համարում են այդպիսին) հետապնդումների դեպքերի հաճախակիության կապակցությամբ Ռուսաստանի ԼԳԲՏ ցանցը ստեղծել է թեժ գիծ տարածաշրջանի՝ վտանգի մեջ գտնվող բնակիչների համար: Եթե Դուք վտանգ եք զգում, Ձեզ սպառնում են, անմիջապես կապվեք մեզ հետ [email protected] հասցեով:
Մենք երաշխավորում ենք, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը (այդ թվում նաև Ձեր անունը և ազգանունը ) հայտնի կլինեն միայն մեր երեք աշխատակիցներին, որոնք ուղղակիորեն զբաղվում են աջակցության կազմակերպմամբ:
Մենք խորհուրդ ենք տալիս նամակում նշել հետևյալ տեղեկությունները.
— նկարագրեք այն իրավիճակը, որում հայտնվել եք,
— ինչպիսի օգնություն է Ձեզ անհրաժեշտ,
— Ձեր անունը և ազգանունը:
Մենք օպերատիվ կերպով կպատասխանենք յուրաքանչյուր նամակին և կքննարկենք Ձեզ հետ օգնության տարբեր տարբերակներ»: